ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանին՝ Ծառայության պետը մաղթեց նրան արդյունավետ աշխատանք և հրահանգեց նույն նվիրվածությամբ շարունակել ծառայությունը:
Այնուհետ Ա. Մխոյանը, անդրադառնալով վերջին շրջանում կատարված իրադարձություններին, որոնց արդյունքում տեղի ունեցան կադրային նմանատիպ փոփոխություններ, շեշտեց, որ վերհանված թերությունները հետևանք են անբարեխղճության, անպատասխանատվության. «… յուրաքանչյուր ոք առաջին հերթին ի՛նքը պիտի լինի օրինապաշտ, աշխատի բարեխիղճ, օրենքի տառին համապատասխան, հակառակ դեպքում միայն հիմնարկի պետի օրինապահությունը, ազնվությունն ու ծառայողական կարգուկանոնը չեն կարող սպասելի արդյունք տալ. դուք ամենքդ պիտի կատարեք ձեր գործը նվիրվածությամբ… »,- ընդգծեց Ա. Մխոյանը:
Նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Ա. Դաշյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, խոստացավ արդարացնել սպասելիքներն ու աշխատել բացառապես օրենքի շահերից ելնելով և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ ողջ ուժերն ու եռանդը կներդնեն՝ ամենօրյա աշխատանքներով իրականացնելու և բարեխղճորեն կատարելու իրենց առջև դրված պարտականությունները: