Կոտայքի մարզում մեկնարկում են խոշոր հյուրանոցային և առողջարանային համալիրների կառուցման ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում տնտեսական զարգացման նպատակով ՏԻՄ-ը նախանշել են 4 հիմնական ուղղություն. տուրիզմի, ինտենսիվ այգեգործության, ադամանդագործության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախանշված են արդեն ներդրումային ծրագրեր, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մարզում տնտեսական զարգացման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ: Առաջինն, իհարկե, տուրիզմի ոլորտն է: Միայն Ծաղկաձորում 48 հյուրանոցային համալիրներ կան՝ շուրջ 5002 մահճակալներով։ Մարզում այսօր գործում են 96 հանգստյան տներ և հանգստավայրեր: Այս պահին քննարկման մեջ են և մեկնարկային փուլում են երկու խոշոր հյուրանոցային, առողջարանային համալիրների կառուցման նախագծեր, մեկը՝ Հանքավանի գոտում, մյուսը Ծաղկաձորի հատվածում, ևս մեկը Արզնիի վարչական տարածքում: Երևան-Սևան մայրուղու աջ հատվածում աշխատանքները մեկնարկել են»,-ասաց Պետրոսյանը:

Մարզի տնտեսական զարգացման հաջորդ ուղղություն են նախանշել ինտենսիվ այգեգործությունն ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ինտենսիվ այգեգործության լայն հնարավորություններ ունեն հատկապես Եղվարդի տարածաշրջանում և Նաիրիի հատվածում: «Այս պահին 150 հեկտար ինտենսիվ այգեգործության 3 խոշոր բիզնես ներդրումային ծրագիր է քննարկվում: Դրանցից մեկը կառավարության դաշտում է: Մյուս երկուսում արդեն հողային աշխատանքներ են կատարվում: Գառնիում 50 հա մոշի այգու նախագիծ է իրականացվում, արդեն տնկիները ներկրվել են, և ծառատունկի շրջանն է»,-ասաց մարզպետը:

Մարզի 4 համայնքներում շուրջ 20 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվում այդ պահին: Մարզի տնտեսական զարգացման երրորդ ուղղությունն ադամանդագործությունն է: «Աբովյանում առաջիկայում՝ արդեն 1-2 ամսից 3000 քառ մետր եռահարկ արտադրամասում ադամանդագործության ընկերությունը կընդլայնի իր աշխատանքը։ Աշխատողների թիվը ներկայիս 80-ի փոխարեն դառնալու է 600»,-նշեց մարզպետն ու հավելեց, որ մարզի զարգացման չորրորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկան են նախանշել՝ ելնելով արևային օրերի քանակից, մարզի աշխարհագրական դիրքից: Քննարկվում են 4-5 մեծ ծրագրեր: Նախանշված ծրագրերի իրականանալու դեպքում խիստ պրագմատիկ հաշվարկներով կարող են ստեղծվել 1200-1500 աշխատատեղեր:




Լրահոս