ՔԻչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին:
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մի շարք դատավորներ մեկը մյուսի հետևից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են վերցնել Քոչարյանի գործը, ինչն ավելի ուշ նաև նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պատճառ է հանդիսացել:
Մասնավորապես, հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու, նրան գրավով ազատ արձակելու գործը 2019 թվականի հունվարի 11-ին մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ասել է թե` դատավորը հերթապահության օրերի կռիվ է տվել, նրան բացատրել են, որ հերթապահությունը կապ չունի, մակագրվել է իրեն, պարտավոր է քննել:
Բայց, միեւնույնն է, նա հրաժարվել է քննել: Եվ, ահա, այս ամենի համար բարձրացվել է Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, եւ այն գտնվում է ԲԴԽ-ում, սակայն նրա մասով հարցը ապրիլի 25-ին չի քննարկվել, քանի որ դատավորը չի ներկայացել. վատառողջության պատճառով արձակուրդում է եղել: