Եղվարդի երկարամյա ՀՀԿ-ական քաղաքապետը Զովունիի գյուղապետից պահանջում է հրաժարականի դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղվարդի երկարամյա ՀՀԿ-ական քաղաքապետ Նորիկ Սարգսյանի գործելաոճի դեմ բողոքի ալիքը չի հանդարտվում: Բանն այն է` Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը Զովունի բնակավայրի վարչական ներկայացուցչից` Վրույր Սիմոնյանից պահանջել է հրաժարականի դիմում գրել: Ինքը` Սիմոնյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Յուրաքանչյուր ուրբաթ վարչական նստավայրում հանդիպում է տեղի ունենում բնակիչների հետ:

Հենց վերջին ուրբաթ օրը Նորիկ Սարգսյանը բոլորի ներկայությամբ դիմեց ինձ` հորդորելով հրաժարական տալ»: Պատճառները երկուսն են` առաջինը` Եղվարդի քաղաքապետարանը Զովունիում առկա խնդիրների վերաբերյալ բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում, երկրորդը` Վրույր Սիմոնյանն, իբր, հարկերը թերի է հավաքագրել:

«Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ես կատարել եմ հավաքագրումը նախատեսվածից ավելի 134 տոկոսով»,- հավելեց Սիմոնյանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀԿ-ական քաղաքապետի հետ: Նա խոստացավ հետ զանգել եւ պատասխանել մեր հարցերին, բայց ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ Սարգսյանից զանգ չստացանք: Այնուամենայնիվ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք տեղյակ է, թե ինչու են լարվել Սարգսյանի եւ Սիմոնյանի հարաբերությունները: Պարզվեց` մարզպետը մասամբ էր տեղյակ. «Եղվարդի քաղաքապետն իրացնում է իր լիազորությունները: Խնդրում եմ, մեկ բաժակ ջրում փոթորիկ մի՛ փնտրեք»:




Լրահոս