Անցած տարեվերջին, կհիշեք, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը խիստ նկատողություն արեց քաղաքապետարանի այն աշխատակիցներին, որոնք քաղաքացիների դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը ծանոթանալու: Կարճ ասած, Մարությանը քաղաքապետարանի աշխատակիցներին արգելեց «copy-paste» անել:
Պարզվում է` նման իրավիճակ ստեղծվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում: Մարզպետ Գնել Սանոսյանն օրեր առաջ անկեղծացել է` դժգոհելով, որ մարզպետարանի աշխատողները հավուր պատշաճի չեն պատասխանում քաղաքացիների գրություններին, դիմումներին, ասել է թե` «լղոզում են» պատասխանները: Խոսքը հին աշխատողների մասին է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
-Պարո՛ն Սանոսյան, աշխատողների նման գործելաոճը` քաղաքացիների գրությունների պատասխանները լղոզելը, կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Գրությունները լղոզել կոչվածը երկու օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառ ունի. մարդիկ կան, որոնք լավ չեն հասկանում, թե ինչ պետք է գրեն, ինչ պատասխանեն, այսինքն` իրենց մասնագիտական գիտելիքները չեն բավարարում: Երկրորդ պատճառը` գրություններ կան, որոնք վերաբերում են իրենց ծանոթ գուղապետերին կամ, չգիտեմ, դպրոցի տնօրենին կամ այլ պաշտոյայի, եւ նախկին, որոշակի ընկերական ինչ-ինչ կապերից ելնելով` փորձում են մեղմացնել ու ամբողջ իրական պատկերը չտալ: Այդ առումով են լղոզում: Եւ` ավանդաբար. նույն քաղաքացիների բողոքներին մարզպետարանը պատասխանում է խուսափողական, փորձում է լղոզված պատասխան տալ, որը ես չեմ հանդուրժում: Անընդհատ լինում են գրություններ, որոնք հետ եմ ուղարկում, ասում եմ` պատասխանը ինձ չի բավարարում:
-Նախադեպեր կնշե՞ք: Ի՞նչ եք ձեռնարկում այս երեւույթը կանխելու համար:
-Ենթադրենք քաղաքացին 7 կետանոց բողոք է գրել, բայց մեր պատասխանում 5 կետին է անդրադարձ կատարվել, երկու կետի պատասխանը չկա, բացակայում է. թերի են պատասխանում: Ես երբեմն դրանք հետ եմ ուղարկում, ասում եմ` ոչ, մենք ոչինչ չունենք թաքցնելու: Ամբողջ իրականությունը, անկախ նրանից, թե ում համար ցավալի կլինի, պետք է արտացոլվի այս պատասխանների մեջ: Ասում եմ` երկու պատճառ` մեկը` խելքները չի հասնում, մասնագիտական, այսպես ասած, ունակությունը երբեմն չի բավարարում լավ, նորմալ պատասխանելու, երկրորդը` որոշակի միտում` հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը: Խոսել ենք որոշ աշխատողների հետ, բանավոր նկատողություն են ստացել, ոմանց մոտ դա հաճախակի բնույթ էր կրում, բայց խոսելուց հետո ուղղվել են:
-Հնարավո՞ր է` այդ ամենը ուղղված է մասնավորապես Ձեր դեմ:
-Իմ անձի դեմ չէ, այլ իրենք նախկինում սովոր են այդպես աշխատել: Իրականում դա իրենց մոտ չի հաջողվում, որովհետեւ ես կարդում եմ դրանք եւ հետ եմ ուղարկում: Մի խնդիր կա. ես ավելորդ ջանք ու ժամանակ եմ ծախսում, բոլոր գրությունները մանրամասն ուսումնասիրում եմ:
-Չե՞ք վստահում:
-Բոլորի դեպքում չէ այդպես:
-Պարո՛ն Սանոսյան, եթե կան նման աշխատողներ, ինչո՞ւ չեք ազատվում նրանցից. չէ՞ որ Դուք կարող եք նաեւ այլ աշխատանքով զբաղված լինել եւ չհասցնել ուսումնասիրել գրությունները:
-Առաջիկայում` մեկ երկու ամսվա ընթացքում, մարզպետարանը կգնա օպտիմալացման, եւ հենց նման մարդիկ, ովքեր գրություններին չեն կարողանում պատշաճ պատասխանել, մարդիկ, ում գրագիտությունը չի բավարարում, հերթով կմաքրվեն: Այս ընթացում ծանոթացանք մարդկանց աշխատաոճին:
Զրուցեց Սյունէ Համբարձումյան