ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ վաֆլենման գծանշումը փորձնական է եղել, որպեսզի վարորդի աչքը տեսնի ու սովորի:
«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, երբ վաֆլենման գծանշումն արեց, հայտարարություն տարածեց, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդները տեսնեն ու սովորեն: Եւ արդեն այսօր ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել էր փոփոխություններ, որոնք մայիսի 5-ից կմտնեն ուժի մեջ: Խոսքը նաեւ վաֆլենման գծանշումների մասին է:
Մենք վաֆլիներով կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները, կդրվեն ճանապարհային նշաններ, եւ վարորդը այն խախտելու դեպքում կտուգանվի`5000 դրամով»,- տեղեկացրեց Եգոր Կարապետյանը:
Իսկ ահա ՀՀ ՃՈ պետի տեղակալ Ալիկ Չիլինգարյանն էլ նկատեց, որ կանոն է փոխվել, որը կգործի դարձյալ մայիսի 5-ից. ՙՀՀ բոլոր շրջանաձեւ երթեւեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձեւ երթեւեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն՚:
Նրա խոսքերով, փոփոխություններ կատարվել են նաեւ ճանապարհային նշանների խմբերում. այնտեղ ավելացվել են հետիոտներին եւ հեծանիվներին վերաբերվող նշաններ: Ինչպես նաեւ` որոշակի ցուցանակներ են ավելացվել կապված էլեկտրոմոբիլների կիրառման կանոնների հետ, որտեղ նշված տեղեկություն կա դրանց լիցքավորման կայանների մասին: Բացի այս, փոփոխություններ կլինեն նաեւ ժամանակավոր ճանապարհային նշանների հետ կապված:
Նշենք, որ հանդիպմանը ՃՈ պետ Եգոր Կարապետյանը հայտարարեց նաեւ, որ ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը այժմ գտնվում է կառավարությունում: Այն, ի դեպ, մոտ ժամանակներս կգնա խորհրդարան:
Ինչպես հայտնի է` բալային համակարգի շեմը 9 բալ է կազմում: Խախտումների համար նախագծով նախատեսվում է 0.5-4 բալ, 9 բալը լրանալուց հետո 6 ամիս ժամկետով կկասեցվի, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական վկայականից:
Ս.Հ.