Հայաստանը պետք է մասնակցի սփյուռքում հայապահպանության գործին. Աննա Մաճկալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Ֆրանսիայի հայ համայնքի մշակութային խնդիրների, Փարիզում հայ մշակույթի պահպանման եւ ժամանակի մարտահրավերների մասին զրուցել է «Նռանի» մշակույթի կիրակնօրյա դպրոցի հիմնադիր, ֆրանսաբնակ Աննա Մաճկալյանի հետ:

-Աննա՛, «Նռանին» այսօր ի՞նչ հիմնական խնդիր է իր առջեւ դրել, առաջիկայում ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կներկայացնեք:

-Ի սկզբանե մեր դպրոցի նպատակը եղել է արեւելահայերենի եւ հայ թատրոնի հաստատումը համայնքում: Առաջինը մինչ օրս չի հաստատվել արեւմտահայերենի պահպանման նպատակով, բայց այդ երեւույթն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանից եկած երեխաները ստիպված հաճախում են ֆրանսիական դպրոցներ, քանի որ չեն հարմարվում արեւմտահայերենի հետ: Անհեթեթ իրավիճակ է տիրում Սփյուռքում մշակույթի ասպարեզում: Ես չեմ տեսել, որ համայնքում մշակութային լուրջ ծրագրեր կյանքի կոչվեն: Մեր նպատակն է լրացնել այդ բացը եւ հայ մշակույթը ներկայացնել աշխարհին: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ տեղեկացնեմ, որ մայիսի 3-ին Մոսկվայի «Գավիթ» թատրոնն է հյուրընկալվելու մեզ «Անավարտ դատ» ներկայացմամբ:

-Ֆրանսիահայ համայնքում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը որքանո՞վ է նպաստում մեր պետությունը: Ֆինանսական աջակցություն ստանու՞մ եք:

-Աջակցություն մինչ օրս եղել է միայն գրականություն տրամադրելով, այլ հարցերում կոնկրետ մեզ երեւէ օգնություն չի ցուցաբերվել: ՀՀ կրթության եւ գիտության, սփյուռքի նախարարները տարբեր առիթներով ինձ ասել են, որ դրանով պետք է Սփյուռքը զբաղվի: Իսկ Սփյուռքի աջակցությունը բավարար չէ, ասեմ ավելին՝ համայնքի պատասխանատուների մոտեցումը լուրջ չէ: Ստացվում է՝ մեկը մյուսի առջեւ հաշվետու չէ, եւ յուրաքանչյուրն իր գլխի ճարը պետք է տեսնի, այնինչ անհրաժեշտ է իրականացնել համատեղ ծրագրեր: Հայաստանը պետք է մեծ պատասխանատվությամբ մասնակցի Սփյուռքում հայապահպանության գործընթացին եւ ունենա իր ներկայացուցչությունը համայնքներում համագործակցության համար:

-Ֆրանսիայի հայ համայնքը մշտապես եղել է ամենաակտիվներից, ամենահամախմբվածներից: Այնուամենայնիվ, ձուլվելու վտանգը կախված է դամոկլյան սրի նման: Ձեր դպրոցի աշակերտների օրինակով կարո՞ղ եք ասել՝ փարիզաբնակ երեխաներն այդ առումով կոնկրետ ինչ վտանգների առջեւ են կանգնած:

-Շատ բարդ է երեխաներին հայ մեծացնելու հարցը, հատկապես որ չկա մշակութային համապատասխան դաշտ. դա երազանքի պես բան է: Բայց պետք է ասեմ, որ այն երեխաները, որոնք այցելում են մեր դպրոց, սկսել են հետաքրքրվել իրենց արմատներով, հայոց պատմությամբ, հայ գրականությամբ: Ֆրանսաբնակ երեխաները սկսել են ավելի քիչ այցելել հայկական դպրոցներ այն դեպքում, երբ այդ երեխաների թիվը համայնքում մեծացել է: Հիմա կիրակնօրյա դպրոցում փորձում ենք այդ վտանգի առաջն առնել: Մենք ունենք փորձ, երբ երեխան մեր դպրոցից տեղափոխվել է ուսանելու ամենօրյա հայկական դպրոցում:

-Ասացիք, որ մշակութային կյանքը համայնքում ակտիվ չէ: Հետաքրքիր է` ներկայացումներ, համերգներ ինչ հաճախականությամբ են կազմակերպվում:

-Եթե մի ժամանակ համայնքում տիրում էր կերուխումներին ուղեկցող ռաբիսը, հիմա նկատվում է մի փոքր փոփոխություն. կազմակերպվում են մաքուր ազգային, ժողովրդական երգիչների, պարային համույթների համերգներ: Բայց, օրինակ, թատերական ներկայացումների, կերպարվեստի, քանդակագործության ոլորտի ցուցահանդեսների, գրական միջոցառումների դաշտը դատարկ է: «Նռանին» նպատակ է դրել համայնք հրավիրել արվեստագետների, կազմակերպել հանդիպումներ, բայց հրավիրելը մեծ ֆինանսների հետ է կապված: Այդ բեռն ընկնում է անհատի պատասխանատվության վրա, ինչը սխալ է: Հայկական հեռուստաընկերություններն, օրինակ, կարող էին պրոպագանդայի առումով մեզ օգնել ակտիվացնել համայնքը:

Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ մեր ջանքերն իզուր չանցան: 5 տարվա աշխատանքային փորձը հանգեցրեց այն բանին, որ համախոհներ ձեռք բերեցինք աշխարհի տարբեր հայ համայնքներից, որոնք կարող են միանալ մեզ եւ համատեղ ծրագրեր իրականացնել: Սկզբում, երբ հիմնում էի դպրոցը, մենակ էի: Այն ժամանակ թերահավատները շատ էին: Բայց, լինելով մայր եւ մասնագետ, որի դուստրը եւս ֆրանսիահայ համայնքի անդամ է, կրեցի այդ պատասխանատվությունը, եւ արդեն թունելի վերջում լույս եմ տեսնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս