ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ ինքը վստահ է այն հարցում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որեւէ փաստ չի կարող գտնել այն հարցի հետ կապված, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զբաղվում է գործարարությամբ: Ըստ մեր զրուցակցի` Գ. Ծառուկյանի` գործարարության հետ կապված հայտարարությունները շահարկում են ինքնահաստատվելու համար:
-Պարո՛ն Աբովյան, վերջին օրերին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված խոսակցությունները չեն դադարում այն առումով, որ վերջինս գործարարությամբ է զբաղվում, ու դրա պահամր պետք է նրան զրկել պատգամավորական մանդատից: Մեր տեղեկություններով` այդ հարցը քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախօրեին տեղի ունեցած նիստում: Ըստ Ձեզ` միտում կա՞ ճնշում գործադրելու Գ. Ծառուկյանի վրա:
-Միանգամից ասեմ, որ սա ոչ թե իշխանությունների խնդիրն է, այլ որոշակի քաղաքական ուժեր փորձում են ինքնահաստատվել, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հաշվին` նրա անունը շահարկելով: Ցավում եմ, որ նույնիսկ էլեմենտար գրագիտության եւ օրենքների գիտակցաբար թյուրըմբռնում կա: Փորձում են օրակարգ բերել փաստացի մի հարց, որը չունի ոչ մի հիմնավորում եւ ոչ մի հիմք: Նույնիսկ քննարկել, ինչ-որ լուրջ արձագանքել չի ստացվում մի պարզ պատճառով, որ, ըստ երեւույթի, խնդիր կա այն ուժերի մոտ, ովքեր փորձում են այդ հարցը շահարկել: Կրկնում եմ, դա ինքնահաստատվելու հարցն է քաղաքական դաշտում:
– Այսինքն` կարծում եք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա գործարար լինելու հանգամանքը քննելու համար ընդամենը ինքնահաստատվո՞ւմ է:
-Այո, քաղաքական դաշտում փորձ է արվում ինքնահաստատվել, դա է հիմնական պատճառը: Իսկ ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, ապա հիշեցնեմ, որ պարոն Ծառուկյանը սեփականատեր է, բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման, եւ հաշվի առնելով այդ պարզ, հասկանալի հանգամանքը, կարելի էր ընդհանրապես այս թեմային չանդրադառնալ: Սակայն եթե որոշակի մարդիկ, ուժեր փորձում են շահարկել մի հարց, որն իրականության հետ կապ չունի, ապա ի՞նչ կարող եմ ասել. երկրում է՛լ ավելի լուրջ խնդիրներ կա, որով կարող են զբաղվել:
-Իսկ ի՞նչ եք կարծում, դատախազությունը եթե ուսումնասիրի ՔՈ-ի ներկայացրած դիմումը, ի՞նչ է բացահայտելու: Մտավախություն չունե՞ք, որ դատախազությանը կկարողանա փաստեր հավաքել Գ. Ծառուկյանի դեմ ու նրան զրկել անձեռնմխելիությունից, քանի որ լրագրողների հետ տարբեր զրույցներում Գ. Ծառուկյանն օգտագործել է արտահայտություններ` իր գործարար լինելու մասին:
-Ես վստահ եմ, որեւէ բան չի լինելու, որովհետեւ եւս մեկ անգամ կրկնեմ, եթե գնում է բառախաղ, բառախաղի միջոցով ինչ-որ որակավորումներ տալ… Գոյություն ունի հստակ օրենք, գոյություն ունի հստակ, օրինական ճանապարհ, որը հաստատում է այս կամ այն պրոցեսի ուղղությունը: Փորձել այնպիսի բառեր վերցնել, բառեր օգտագործել, որը հիմք պետք է դարձնել, դա, ներողություն եմ խնդրում, բայց մանկապարտեզային մոտեցում է, դա ցույց է տալիս ոչ կոմպետենտ լինելը:
Ցավոք, ոչ կոմպետենտ լինելն է դա, ես մեծ հարգանքով վերաբերվում եմ բոլոր քաղաքական ուժերին անվերապահորեն, եւ եւս մեկ անգամ օգտագործելով այս ամենը` կոչ եմ անում օրհասական լուրջ խնդիրների վրա սեւեռվել, այլ ոչ թե փորձեն պարոն Ծառուկյանի հաշվին ներխուժել քաղաքական դաշտ: Զավեշտալին այս պատմության մեջ այն է, որ ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչ է իրականում կատարվում: Միգուցե ողջամտություն լինի, եւ մարդիկ հասկանան, որ պետք է ավելի լուրջ, ավելի օրհասական հարցերով զբաղվեն:
-Բայց Գ. Ծառուկյանի գործարար լինելու հանգամանքը իշխանությունների ներսում եւս քննարկման առարկա է դարձել: Սա ե՞ւս Ձեզ չի անհանգստացնում:
-Գիտեք, ես առայժմ զերծ կմնամ քաղաքական որեւէ գնահատականներից: Զարգացումները ցույց կտան, թե ինչ է կատարվում, որովհետեւ, ըստ զարգացումների, դեռեւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել: Ասեմ ավելին` իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ հայտարարություն էր արել, որ իրենց օրակարգում նման հարց չկա: Տեսնենք, կլինեն փաստեր` կտեսնենք: Համենայնպես, այժմ ես զերծ եմ մնում որեւէ բան մեկնաբանելուց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ