Կառավարությունը նախատեսում է մարել բռնադատվածների վարկային պարտավորությունները: Բանն այն է`2002-2012 թվականների բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1 մլրդ 272 մլն դրամի չափով:
Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերի 10-ի դրությամբ վարկառուների կողմից մարվել է 201 մլն դրամ եւ վճարվել 43 մլն դրամ տոկոսագումար: Ընդ որում 114 վարկառուի կողմից վարկային պարտավորության գծով ոչ մի վճարում չի կատարվել: ՙԺողովուրդ՚ օրաթերթը տեղեկացավ, որ թվով 19 վարկառուի կողմից վարկային պարտավորությունները` 58 մլն դրամ գումարի չափով ամբողջ ծավալով ժամկետից շուտ մարվել են, իսկ 262 վարկառուներին տրամադրված վարկի գծով ժամկետանց պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 343 մլն դրամ:
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` վարկառուների հիմնական մասը տարեց եւ սոցիալապես անապահով անձինք են եւ հնարավորություն չունեն կատարելու իրենց վարկային պարտավորությունները:
Ս.Հ.