Կառավարությունը ներեց բռնադատվածների վարկային պարտավորությունները․ որքան կազմեց չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց ներել Բռնադատվածների վարկային պարտավորությունները և որպես պետական աջակցություն ձևակերպել այն։

Կառավարության նիստից տեղեկանում ենք, որ մասնավորապես որոշվել է ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկի գումարների՝ վարկառուների մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը չվճարված մնացորդային մասը և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերը ներել՝ դա ձեւակերպելով որպես պետական ֆինանսական աջակցություն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2002-2012 թվականների պետական բյուջեներով հաստատված միջոցների շրջանակում բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ՝ 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ 1, 272, 094, 607 դրամ ընդհանուր գումարով:

2018 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ, վարկառուների կողմից մարվել է 201,248,968 ՀՀ դրամ գումարի չափով հիմնական գումար և վճարվել 43,212,535 ՀՀ դրամ գումարի չափով տոկոսագումար:

Այդ որոշման ընդունման արդյունքում մասամբ կբարելավվի շուրջ 280 մարդու սոցիալական վիճակը, նրանց ազատելով իրենց վարկային պարտավորություններից և ժամկետանց պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժերի վճարումից:




Լրահոս