ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդան Ղուկասյանի գենդերային կոչից հետո Հայաստանի դիվանագետները խնդիրներ են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվում։ Ելույթից հետո այդ թեմային անդրադարձան գրեթե բոլորը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՛ չեզոք, թե՛ պաշտպանող, թե՛ վատաբանող մեկնաբանություններով։ ԱԺ-ում տեղի ունեցածն ու դրան հաջորդած իրադարձությունները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում`միաժամանակ սպառնալով դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ:

ՀՀ-ում կատարվածին օրերս անդրադարձել է բրիտանական հեղինակավոր «Գարդիան» պարբերականը։ Հետաքրքիրն այն է, որ պարբերականն իր հոդվածում հիմնականում առանձնացրել էր այն մեկնաբանություններն ու կարծիքները, որոնք ծայրահեղ էին, դեմ այդ երեւույթին կամ սպառնալիքներ էին պարունակում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հասցեին։ Այսինքն` պարբերականը միակողմանի էր մոտեցել հոդվածին՝ առանձնացնելով մի քանի մեկնաբանություններ, սակայն, օրինակ, ոչ մի խոսքով չէր անդրադարձել վարչապետի մեկնաբանությանը կամ այն գործիչների, որոնք ավելի չեզոք էին արտահայտվել։

Դրա փոխարեն պարբերականում մանրամասնորեն անդրադարձ է կատարված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի մեկնաբանությանը, որը կարող է նաեւ միջպետական հարաբերությունների խնդիրների պատճառ դառնալ։ Վերջինս «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր․«Նրանց ուղարկե՛ք Հոլանդիա։ Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ։ Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ», եւ «Գարդիանը» հենց այս հատվածն է մեջբերել:

Ղուկասյանի խոսքերը բրիտանական պարբերականն արժեւորել է որպես կարծիք օրենսդիր մարմնի ներկայացուցչի, որը հանդիսանում է խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Բայց, փաստորեն, Ղուկասյանն արելէ հայտարարություններ, որ կարող են միջպետական հարաբերությունների վատթարացման առիթ հանդիսանալ Նիդերլանդների հետ.

Խոսքը «նրանց տարե՛ք Հոլանդիա» առաջին հայացքից անմեղ թվացող արտահայտության մասին է։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորի կողմից նման արտահայտությունն արդեն իսկ դժգոհության պատճառ է դարձել Նիդերլանդներում որոշ շրջանակների մոտ։ Մասնավորապես, նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման անպատասխանատու հայտարարությունները կարող են ստվել գցել Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների վրա այն դեպքում, երբ վերջին շրջանում, հատկապես`հեղափոխությունից հետո, երբ տարբեր նախաձեռնություններ կան դրանք ակտիվացնելու առնչությամբ,եւ այդպիսի փորձերը բազմաթիվ են:

Որքան էլ Հայաստանում, քաջ իմանալով Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարութուններին վերաբերվեն հումորով` նույնը չես ասի օտարերկրյա պետությունների մասին: Եվ, ամեն դեպքում,նրան ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ:

Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը։ Բանն այն է, որ նմանատիպ մի իրավիճակ կարող էր առաջանալ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթից հետո, որում նա հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությանն անվանել էր ավտորիտար պետություն։ Դրանից հետո իր թիմակիցները շտապել էին շտկել պատգամավորի սխալը՝ ասելով, որ դա վերջինիս անձնական կարծիքն է։ Ավելին` պատգամավորը եւս հետագայում բազմիցս խոսեց այդ մասին՝ այն անվանելով վրիպակ եւ, ըստ էության, ներողություն խնդրելով։ Այսպիսի իրավիճակ առկա չէ, սակայն, ԲՀԿ-ի պարագայում։ Ո՛չ խմբակցությունը, ո՛չ էլ անձամբ պատգամավորը որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել այն դեպքում, երբ նրա հայտարարություններն արդեն քննարկվում են այդպիսի հեղինակավոր պարբերականներում եւ դժգոհության առիթ հանդիսանում Նիդերլանդների ներսում։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ական պատգամավորից։ Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ, մեր հարցին ի պատասխան, միայն նշեց․ «Առանց մեկնաբանության»՝ընդգծելով, թե արհեստական օրակարգեր են ձեւավորվում՝ դատարկ եւ անիմաստ, եւ դրանք մեկնաբանելու որեւէ ցանկություն իրենց մոտ առկա չէ։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս