Սահմանամերձ Տավուշի մարզի` գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից:
Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման կայանների մի մասը մեկ խորանարդ մետր գազը վաճառում է 220 դրամով, Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում` 200 դրամով: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազի գինը 190 դրամ է: Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում ավտոմեքենաներին լիցքավորվող գազի ճնշումը 250 է, իսկ Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում` 220, սակայն ավտոմեքենաները լիցքավորելուց հետո 220-ը շատ արագ նվազում է 160-ի:
Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան ուղերթը սպասարկող տաքսիստներն իրենց ավտոմեքենաները մշտապես գազով լիցքավորում են Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք ասացին, որ եթե Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ներում իրենց մեքենաների որակյալ լիցքավորումը չլիներ, իրենք չէին կարող մեկ ուղեւորին 3 հազար դրամով Նոյեմբերյանից Երեւան հասցնել: Տավուշի մարզի վարորդները տարիներ շարունակ դժգոհում են,որ Ադրբեջանին սահմանակից մարզի ԱԳԼՃԿ-ներում մեքենաները թերլիցքավորվում են, սակայն պետական ստուգող կազմակերպությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում այդ փաստերը բացահայտելու, արձանագրելու համար, որպեսզի դրանք հետագայումբացառվեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ