Ուր գնում ես` ռեստորան կամ այլ տեղ, ջահել աշխատող են ուզում. Անհայտ զինվոր երաժիշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 25 տարուց ավել է, ինչ Աբովյան փողոցի Սուրբ Աննա եկեցեղու տարածքն անպակաս է փողոցային երաժշտի նվագից: ArmLur.am–ի թղթակիցը փորձեց ճշտել երաժշտի ինքնությունը: Նա հրաժարվեց ասել անունը, փոխարենն իրեն ներկայացրեց որպես Անհայտ զինվոր:

-Ինչու՞ որոշեցիք նվագել փողոցում, կամ ի՞նչը ստիպեց զբաղվել փողոցային երաժշտությամբ:

-Կարիքը: Այսօր չեմ կարող գտնել աշխատանք, քանի որ ուր գնում ես` ռեստորան կամ այլ տեղ, ջահել աշխատող են ուզում: Ես էլ 4 երեխա ունեմ, ստիպված էս գործն եմ անում: Երեխաներս մեծ են, բայց չեն ուզում 50 հազար դրամի համար ամբողջ օրը չարչարվել, դրա համար էլ որոշել են գնալ Ռուսաստանում աշխատել:

– Դուք մասնագիտությամբ ո՞վ եք, ունե՞ք երաժշտական կրթություն:

– Ես շատ գործեր եմ արել, տարբեր մասնագիտություններ ունեմ: Երկար ժամանակ Ռուսաստանում եմ ապրել, Մոսկվայում սովորել եմ, երաժշտական կրթություն եմ ստացել, Պետերբուրգում եմ ապրել: Ծառայության տարիներին ատոմային սուզանավ եմ փորձարկել, ու ամեն անգամ, երբ գետնից մի քանի կիլոմետր իջնում էի ջրի մեջ, չգիտեի էլ երբևէ կբարձրանամ վերև, կտեսնեմ մորս ու արևը: Այդ օրերից Աստված ինձ համար դարձավ ամենամեծ արժեքը, իմ հավատը դարձավ իմ փրկությունը:

– Քանի՞ տարի եք նվագում:

– 1991 թվայանից փողոցում եմ նվագում, բայց դրանից առաջ հարսանիքներին, այլ առիթներին էլ եմ նվագել, բայց փողային գործիքները շատ էներգիա են պահանջում, ես էլ տարիքի հետ էլ չեմ կարող հասցնել:

– Որքա՞ն գումար է բերում փողոցում նվագելը, բավականացնու՞մ է:

– Օրվա մեջ ոնց էլ չլինի 5000 դրամ հավաքվում է: Ո՞նց կարող է հերիքի մի ընտանիքի, երեխաներս չեն աշխատում: Բայց ես Սուրբ Աննա եկեղեցում էլ եմ աշխատում, կիրակի օրերին պատարագներին երգում եմ:

– Ասացիք ՝ Ձեր երեխաներն ուզում են արտերկրում աշխատել, ո՞րն է խնդիրը` որ մինչ օրս չեն գնացել:

– Ես ամենաշատը վախենում եմ ազգային արժեքների փլուզումից, վախենում եմ, որ կգնան, օտարազգիի հետ կամուսնան, առանց էդ էլ մեր ազգայինը մի լավ օրի չէ, ամեն բան փոխվել է: Երիտասարդները կարծես հիվանդությամբ տառապեն, օտարամոլ են դարձել, չես հասկանում՝ ինչու:

– Մարդիկ Ձեզ ճանաչո՞ւմ են, ինչպիսի՞ն է վերաբերմունքը Ձեր հանդեպ:

– Մարդու դաստիարակությունից է կախված: Ինձ հետ բոլորն էլ հարգանքով են, շատ են ինձ նկարում, ասում են, որ ես Աբովյան փողոցի կոլորիտն եմ: Տուրիստներն էլ են շատ մոտենում, խնդրում են մի բան նվագեմ:

-Հեղափոխություն է եղել, Հայաստանի սոցիալական կյանքում ի՞նչ է փոխվել:

– Դեռ բան չի փոխվել, կարճ ժամանակում բան չի կարող փոխվել: Կարևորը ՝ մեր ազգայինը, մեր արժեհամակարգը վերականգնվի, հայը չդառնա եվրոպացի, մեր բարձր արժեքները վերականգնենք:

Լիլիթ Բոխյան




Լրահոս