Ամուսնանալուց հետո դարձել եմ ավելի պատասխանատու և զգոն. Շուշաննա Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Շուշաննա Թովմասյանին տեւական ժամանակ է՝ նմանատիպ նախագծերում չենք տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը. «Հիմա զբաղվում եմ հեռուստահաղորդավարությամբ, «Մո թիվիի» եթերում վարում եմ առավոտյան ծրագիր: Ի դեպ, ասեմ, որ ի սկզբանե ցանկացել եմ հենց հաղորդավորուհի լինել, բայց այնպես ստացվեց, որ ճանապարհս հատվեց սերիալային աշխարհի հետ, եւ մարդիկ ինձ սկսեցին որպես դերասանուհի ընկալել: Հիմա ուրախ եմ, որ վերջապես հաղորդավարական աշխարհն իմ առջեւ բացեց դռները»,-պատասխանեց Շուշաննան:

Մենք հետաքրքրվեցինք՝ ամեն դեպքում, այս փուլում Շուշաննան կընդունի արդյոք սերիալում նկարահանվելու առաջարկ. «Նման հարմար առաջարկ դեռեւս չունեմ, բայց եթե ստանամ, կընդունեմ: Ես կցանկանայի սիթքոմում նկարահանվել: Իսկ, առհասարակ, ինձ համար շատ կարեւոր է ստեղծագործական հաջող կազմը, լավ թիմը: Դա գլխավոր նախապայմաններից է»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Մի փոքր էլ զրուցեցինք անձնական կյանքից: Շուշաննային հարցրինք՝ ամուսնությունից հետո ինչն է փոխվել իր կյանքում, ինչ նոր որակներ է ձեռք բերել՝ որպես կին. «Ամուսնությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Ես այդպես եմ ընկալում:

Ամուսնանալուց հետո հասկացա, որ միայն ինձ համար չեմ ապրում: Փորձում եմ ճիշտ կազմակերպել օրս, ունենալ ժամանակ՝ տնային գործերի, ինքս ինձ, իմ եւ ամուսնուս համար: Եթե ժամանակին, երբ ապրում էի հայրական տանը, կարող էի ժամանակս այլ կերպ բաշխել՝ մտածելով միայն ինձ վերաբերող հարցերի շուրջ, հիմա կարգավիճակս բոլորովին այլ է, հատկապես, որ մենք ծնողներից առանձին ենք ապրում: Այդ դեպքում շատ բան է ընկնում մեր ուսերին: Կարճ ասած՝ ամուսնությունից հետո դարձել եմ ավելի պատասխանատու եւ զգոն, աչալուրջ եւ զսպված»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Շուշաննան ամուսնացել է 20182.-ին ռեժիսոր Վահե Սայանի հետ: Նա «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսորն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս