Օրերս տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շատ լարված աշխատում են կուսակցության կանոնակարգի մշակման եւ ծրագրի հստակեցման շուրջ: Իսկ ապրիլի 30-ին լրացել է ՔՊԿ վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը: Երեկ պաշտոնապես արդեն ներկայացվեց, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է վարչության անդամի ինքնաառաջադրված թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ:
-Պարո՛ն Բոշյան, ՔՊԿ վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածուների առաջադրումն արդեն եղել է, Դուք եւս ինքնառաջադրվել եք. ե՞րբ եք սկսելու Ձեր աշխատանքները կուսակցության նոր վարչության անդամների եւ Վերահսկողական հանձնաժողովի ընտրության քարոզարշավը:
-Նախ` առաջադրվածներից ընտրելու ենք 21 հոգու, առաջադրման ժամկետներն արդեն լրացել է, հիմա արդեն կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետեւ կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է, բոլորը հնարավորություն են ունենալուիրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակաների քվեն ստանալու համար: Սա ժողովրդավարական մոդելի առավելությունն է, որ ցանկացած մարդ մուտքունի կուսակցության ղեկավար մարմնում ընտրվելու համար: Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչը պետք է կուսակցական լինի, որովհետեւ քաղաքական մտքի գեներացման կարեւորագույն հարթակներից մեկն էլ կուսակցությունն է, որտեղ էլ ձեւակերպվում է քաղաքական միտք: Ինձ համար այսօր քաղաքական գործիչը պետք է կուսակցական լինի:
-Բայց կուսակցական լինելը քաղաքական գործչին կաշկանդում է ավելի իրատեսական արտահայտելու իր տեսակետը…
-Ընդհակառակը, իմ համոզմամբ, դա օգնում է, որպեսզի ավելի լայն ֆորմատով, ավելի լավ պատկերացնես այսօրվա խնդիրները:
-Նախկին իշխանությունների ժամանակ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը նախ եւ առաջ «պրիստիժի» համար էր արվում. անգամ իրենց անձնական հարցերը հեշտլուծելու ճանապարհ էր այն: Արդյոք այժմ ՔՊ-ի վարչության անդամ լինելը եւս այդ ամենի համատեքստում չէ՞:
-Անկեղծ ասած, լավ չէ, որ համեմատում եք (Ծիծաղում է,- Ս.Գ.): Մեր կուսակցությունը մասսայական կուսակցություն չէ. մենք ստեղծել ենք 21-րդ դարին վայել կուսակցություն, այն կառուցում ենք այդ ամենին համապատասխան: Դա իրենցից ենթադրում է մտավոր աշխատանք, կազմակերպչական աշխատանք: Այսօր չի կարելի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համեմատել մեկ ուրիշ կուսակցության հետ, որովհետեւ մեզ մոտ ժողովրդավարական մեխանիզմներ են ներդրված, ինստիտուցիոնալ կուսակցություն ենք փորձում ստեղծել, ու, կարծես, թե, դա մեզ մոտ ստացվում է: Ես համոզված եմ, որ ստացվելու է, քանի որ մեր կուսակցությունում կա տեսակետների բախում, մեծ ակտիվությունը եւ թվարկված բոլոր մեխանիզմները: Իսկ կուսակցության միջոցով հարցեր լուծելու հետ կապված, կարծում եք, հիմա Հայաստանում դա հնարավո՞ր է:
-Դուք պետք է ասեք, որովհետեւ գուցե Ձեր ներսում կան մարդիկ, որոնք այդ ամենի համար են անդամագրվում:
-Հայաստանում, ես կարծում եմ, հիմա այդ ճանապարհով հնարավոր չէ հարց լուծել ոչ միայն իշխող կուսակցության միջոցով, այլ նաեւ մյուս կուսակցությունների միջոցով: Կուսակցությունը քաղաքական աշխատանք է ենթադրում, դա մտավոր աշխատանք է, մտքերը գեներացնելու տեղ է. ո՛չ վարչական լծակ կա, ո՛չ էլ բարիքներից օգտվելու գործիք է: Ես կարծում եմ, որ Հայաստանում դա բացառված է. այսօրվա ժողովրդավարական երկրում դա հնարավոր չէ, դա քաղաքական աշխատանք ենթադրող կառույց է:
-ՔՊ-ն նաեւ ունենալու է Վերահսկող հանձնաժողով. ո՞րն է լինելու այդ ամենի դերը:
-Այդ ամենն արվում է կուսակցությունը բալանսավորելու համար: Հիմնադրման օրվանից մենք ունենք վերահսկողական մարմին. այն ինստիտուցիոնալ կուսակցության մոդելներից մեկն է: Կանոնադրության կետերի պահպանումը, էթիկային վերաբերող հարցերը, կուսակցականի վարք եւ այլն, դա լինելու է հանձնաժողովի աշխատանքը: Մեր կանոնադրությունն այժմ վերանայվում է, այդ լիազորություններն ավելի կհստակեցվեն, մանրամասնորեն կներկայացվեն նաեւ Վերահսկողական մարմնի լիազորություններն ու պարտականությունները: Իսկ կանոնադրությունն այժմ քննարկման փուլում է, չեմ կարող կանխատեսել, թե այն երբ կավարտվի ամբողջական, բայց մոտենում ենք ավարտին:
Ակտիվ աշխատանքներ են տարվում` համագումարի հետ կապված, կազմակերպչական հարցեր, որտեղ հիմա ներկուսակցական քարոզարշավ ենքսկսկելու: ՔՊ վարչության ղեկավարն էլ կընտրվի համագումարից հետո:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ