Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված: Այս անգամ նման խնդրի առաջ են կանգնել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերի բնակիչներ: Բանն այն է` նրանք չեն կարողանում իրացնել մշակած անանուխը` նանան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք այժմ տոննաներով անանուխ ունեն, բայց չեն կարողանում ներքին շուկայում վաճառել. պահանջարկը շատ քիչ է:
Բայց երկու ամիս առաջ անհատները նրանցից կարողանում էին մեծ քանակությամբ անանուխ գնել` Ռուսաստանում վաճառելու համար, քանի որ ռուսական շուկայում այն մեծ պահանջարկ է ունեցել: Բայց վերջին շրջանում ռուսական շուկայում հայտնվել է իսրայելական ծագման անանուխ, որը լուրջ խոչընդոտ է հանդիսացել հայ գյուղացիների համար:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կփորձեն օգնել` դիմելով բուսական թեյ արտադրողներին, որ նրանք մթերեն այն: Միայն թե նկատենք, որ այդպես հազիվ թե խնդրին լուծում տրվի, քանի որ հազիվ թե բուսական թեյ արտադրողները կարողանան մեծ քանակությամբ անանուխ գնել: