Ինչ առնչություն ունի Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերության հետ․ Վարդան Օսկանյանի ցուցմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան. «Մարտի 1-ի առավոտյան, երբ ես դեռ տանից դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին: Մտածելով, որ կարող է հարկ լինի, որ օրվա ընթացքում պարզաբանումներ տամ, ուստի որոշեցի մինչեւ նախարարություն գնալս անցնեմ նախագահական նստավայրով:

Նախագահականում, մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրեցի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն Ռ. Քոչարյանն ասեց, որ ինքն էլ է նոր եկել աշխատանքի եւ դեռ չի տիրապետում, եւ ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով:

Ճանապարհին որոշեցի անցնել Ազատության հրապարակի մոտով` անձամբ տեսնելու իրավիճակն այնտեղ, սակայն անցնելով Օպերայի մոտով` տեսա, որ այն շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով: Դրանից հետո գնացել եմ աշխատանքի վայր եւ զբաղվել եմ իմ առօրյա գործերով:

Այդ օրը արտգործնախարարության եւ անձամբ իմ կողմից որեւէ պաշտոնական գրագրություն դեսպանատների, հյուպատոսությունների եւ այլ արտերկրյա կառույցների միջեւ չի եղել, համենյանդեպս, ինքս նման բան չեմ հիշում, անգամ չեմ հիշում, որ արտերկրում ՀՀ դեսպաններին որեւէ հրահանգներ տրված լինեին այդ դեպքերի կապակցությամբ:

Նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, երբ ես գտնվում էին նախարարությունում, ինձ է զանգահարել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ ասել, որ նախագահն առաջարկում է, որ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսը ես անցկացնեմ, քանի որ նախատեսված է նաեւ օտարերկրյա լրագրողների ներկայությունը:

Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի վայրից եւ գնացել եմ նախագահական: Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաեւ Արմեն Գեւորգյանը:

Այդ ժամանակ Ռ. Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, եւ անհրաժեշտությունը դրանում էր, որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տրվել. հարցերը շատ էին, եւ հարկավոր էր ասուլիս տալ եւ պարզաբանել իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող, ես չեմ ուզենա, լինեն եւ պետք է իր անունից ասուլիսի ժամանակ անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այդ ուժերի հետ համաձայն է երկխոսության եւ կոալիցիոն կառավարություն կազմել:

Հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձեւակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում: Ռ. Քոչարյանն իմ առաջարկին համաձայնել է: Հանդիպման ժամանակ իմացել եմ նաեւ, որ իրավիճակի սրման դեպքում հարկավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից:

Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերին շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը: Հիշում եմ նաեւ, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, ով իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, իսկ ես կպատասխանեմ լրագրողների հարցերին:

Սակայն ես նման ձեւաչափից հրաժարվեցի եւ ասեցի, որ ես այլոց հետ հանդես չեմ գա, եւ ինձ թող հակիրճ ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել, եւ ես մենակ ասուլիս կտամ, որից հետո պահանջել եմ, որ նախագահը համաձայնի, որ ես հանդես գամ քաղաքական հայտարարությամբ, որին նախագահը, ինչպես արդեն ասեցի, համաձայնություն էր տվել:

Տեղի ունեցածի մասին ես տեղյակ եմ այնքանով, որքանով հանրայնացրել են հեռուստատեսությամբ, ավելին` ինձ ոչինչ հայտնի չէ: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի կողմից դեսպաններին աշխատանքից ազատելուն. եթե չեմ սխալվում, Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեքստ էր կարդացել հանրահավաքի ժամանակ, որտեղ տվել էր այդ դեսպանների անունները, որոնք միացել էին իրեն. ներկայումս դեսպաններից հիշում եմ Ռուբեն Շուգարյանին, Լեւոն Խաչատրյանին եւ Արմեն Բայբությանին: Ավելացնելու այլ բան չունեմ, պատրաստ եմ պատասանելու Ձեր հարցերին:

ՀԱՐՑ-Ի՞նչ է Ձեզ հայտնի փետրվարի 23-ին ՀՀ նախագահականում ԶՈՒ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունից, ի՞նչ հարցեր են քննարկվել տվյալ խորհրդակցության ժամանակ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Այդ խորհրդակցության մասին ես տեղյակ չեմ եղել, այդ մասին ես իմացել եմ վերջերս մամուլի հրապարակումներից, ինքս այդ խորհրդակցությանը չեմ մասնակցել:

ՀԱՐՑ-Ի՞նչ է Ձեզ հայտնի 2008 թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին բանակի ներգրավվածության, այդ թվում` ՀՀ ՊՆ Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ-Այդ ամենի մասին ինձ ոչինչ հայտնի չէ:

ՀԱՐՑ– 2008 մարտի 1-ի դրությամբ Արտաքին գործերի նախարարությունը տեղակայված է եղել Հանրապետության հրապարակում: Քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին` ժամը 11:00-ի սահմաններում, արդեն իսկ Հանրապետության հրապարակը լցված է եղել Զինված ուժերի ստորաբաժանումներով, ինչպես նաեւ ՊՆ պետհամարանիշներով եւ տարբերանշաներով տրանսպորտային միջոցներով, մինչդեռ Դուք նշում եք, որ Ձեզ ոչինչ հայտնի չէ բանակի ներգրավվածության մասին: Ի՞նչ կասեք այդ ամենի կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Չեմ նկատել:

ՀԱՐՑ– Ճանաչո՞ւմ եք արդյոք Միքայել Մինասյանին, Սամվել Մայրապետյանին, Վարդգես Վարդանյանին եւ Սիլվա Համբարձումյանին. եթե այո, ապա երբվանի՞ց եւ ի՞նչ հարաբերություների մեջ եք գտնվում նրանց հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Մ. Մինասյանին անձնապես չեմ ճանաչում եւ նրա հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, գիտեմ, որ նա Սերժ Սարգսյանի փեսան է: Վ. Վարդանյանին չեմ ճանաչում եւ չգիտեմ, թե ում մասին է խոսքը: Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանին, ապա նրան ճանաչել եմ դեռես 1990-ական թվականներից: Այդ ժամանակ, երբ դեռ նոր էի նախարար դարձել, մի քանի անգամ ընտանիքներով հանդիպել ենք, հյուր ենք գնացել իրար տուն, բայց մտերիմ չենք եղել:

Վերջին անգամ Ս. Մայրապետյանի հետ, չեմ էլ հիշում, թե երբ եմ առնչվել, նախարարի պաշտոնը թողելուց հետո շատ սակավաթիվ եմ հանդիպել: Ի դեպ, 2004-2005 թթ. Ս. Մայրապետյանից եմ գնել նաեւ իմ ներկայիս Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը: Ս. Համբարձումյանին ճանաչում եմ, երբ ստանձնել եմ արտգործնախարարի պաշտոնը` 1998-1999 թթ.-ից. մինչ այդ նրան չեմ ճանաչել:

Ս. Համբարձումյանի հետ գտնվել եմ նորմալ փոխհարաբերություների մեջ: Սիլվան իր բնույթով մարդամոտ էր եւ շփվող: Նրա հետ ունեցել եմ հարգալից եւ բարեկամական հարաբերություններ: Ս. Համբարձումյանին վերջին անգամ տեսել եմ երկու օր առաջ մորս հոգեհանգստին. եկել էր ինձ ցավակցելու կորստիս համար:

ՀԱՐՑ– 2008 թ. դրությամբ ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվել Ս. Մայրապետյանը, Ռ. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

ՊԱՏԱՍԽԱՆ-Վստահ եմ, որ միմյանց ճանաչում են, բայց թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվել, չեմ կարող ասել:

ՀԱՐՑ-Ի՞նչ է Ձեզ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից իրեն պատկանող «ԹԻ ԷՍ էՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ-Դեռեւս 2007 թ. ամռանը ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից պաշտոնական այց է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում, որի ընթացքում այցելել ենք նաեւ ԱՄԷ Ռաս ԱԼ-Խասմա նահանգ, որտեղ հանդիպումներ է տեղի ունեցել շեյխի հետ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ, որից հետո վերադարձել ենք Հայաստան: Դրան հաջորդել են Ռաս ԱԼ-Խասմա նահանգից պատվիրակության ժամանումը Հայաստան, ովքեր եկել են Հայաստան կոնկրետ բիզնես ծրագրով եւ հետաքրքրված էին առեւտրային եւ բիզնես կենտրոնների եւ բնակելի տների շինարարությամբ:

Ցանկանում էին հողեր գնել. անգամ Ավան թաղամասում մեծ տարածությամբ հողատարածքներ գնեցին: Նշեմ նաեւ, որ նրանք զուգահեռ այցելել էին նաեւ Վրաստանի Հանրապետություն եւ այնտեղ նույնպես բիզնես ներդրումներ էին իրականացնում:

Ի սկզբանե նրանք բիզնես ներդրումներից իրականացրեցին միայն Կասկադի բնակելի շենքի կառուցապատումը, որը հաջողությամբ ավարտեցին. հիմնականում բնակարանները վաճառվել են սիրիահայերին: Ինչ վերաբերում է Ավանում գնված հողատարածքների վրա իրականացվելիք շինարարությանը, ապա այնտեղ ցանկանում էին կառուցել Գիգանտ առեւտրի կենտրոն եւ բնակելի այլ կառույցներ. ինքս տեսել եմ պրոեկտը, նախագիծը, սակայն այդ ամենը չիրագործվեց, եւ ենթադրում եմ, կապված էր վրա հասած միջազգային ճգնաժամի հետ:

Հետագայում նաեւ տեղեկացա, որ նույն մարդիկ ունեն այլ կազմակերպություններ, որ նրանք զբաղվում են նաեւ հանքարդյունաբերությամբ, եւ կազմակերպության անունն էլ «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ է:

Արաբների հետ հերթական հանդիպման ժամանակ տեղեկացա, որ նրանք Հայաստանում հետաքրքրված են նաեւ հանքարդյունաբերությամբ, եւ մասնավոր սեկտորում ներկայումս ընթանում են բանակցություններ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ. ցանկանում են նրանից գնել հանք:

Տեղեկացա նաեւ, որ Սիլվայի հետ բանակցությունները ընթանում են Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ ժամանակ արդեն կլիներ 2007 թ. նոյեմբեր-հոկտեմբեր ամիսը:

Գրեթե նույն ժամանակ էլ այդ բանակցությունների մասին ինձ պատմել է նաեւ Ս. Համբարձումյանը: Հետագայում արդեն թե՛ արաբներից, թե՛ Սիլվայից տեղեկացել եմ, որ նրանք գնել են հանք. թե որքան գումարով, չեմ իմանում:

Եվ քանի որ ի պաշտնե ես էի առնչվում արաբների հետ, իսկ խոսքը գնում էր մոտ 150-ից 200 միլիոն դոլար գումարի ներդրման մասին, ուստի հաճախակի նախագահին եւ վարչապետին զեկուցում էի ընթացքի մասին, իսկ հետագայում նաեւ մասնավոր հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետաքրքրության, մասնավորապես` Սիլվայի հետ բանակցությունների մասին զեկուցել եմ:

ՀԱՐՑ-Դուք անձամբ ի՞նչ առնչություն կամ մասնակցություն եք ունեցել «ԹԻ ԷՍ էՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» հանքային իրավունքին տիրապետող ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Նշված գործարքին որեւէ առնչություն կամ մասնակցություն չեմ ունեցել:

ՀԱՐՑ– Քննության ընթացքում տվյալներ եմ ստացել այն մասին, որ «ԹԻ ԷՍ էՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը մինչեւ «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊԸ-ին վաճառելը` 2007 թ. դեկտեմբեր ամսին, Ս. Համբարձումյանը, որը ՀՀ-ում նման հանքերով ծանրաբեռնված ընկերությունը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը օտարելու համար պետք է բանավոր համաձայնություն ձեռք բերեր ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ, այդ հարցով դիմել է Ձեզ` որպես իր մտերիմի, եւ հայտնել կնքվելիք գործարքի մասին:

Միառժամանակ տեղեկացրել է գնորդ կազմակերպության անվտանգության մասին, ովքեր երաշխիքներ են պահանջել երկրի ղեկավարության կողմից:

Դրանից հետո Դուք, խոսելով ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի հետ, տեղեկացրել եք Ս. Համբարձումյանին, որ նրանք դեմ չեն գործարքի կնքմանը: Նույն ժամանակ Ս. Համբարձումյանը Ձեզ հայտնել է, որ պատրաստ է 3 միլիոն դոլար տալ ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին կարիքների համար, որին ի պատասխան` Դուք հայտնել եք, որ այդ հարցով կապ հաստատի Սամվել Մայրապետյանի հետ, ու փոխանցել եք վերջինիս բջջային հեռախոսահամարը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Փողի կոնտեքստում միանշանակ բացառում եմ, որ նման զրույց ունեցած լինեմ Ս. Համբարձումյանի հետ կամ որեւէ այլ անձի հետ. դա միանշանակ բացառում եմ: Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ապա ներկայումս չեմ հիշում նման բովանդակությամբ զրույց, բայց միաժամանակ չեմ էլ կարող բացառել, քանի որ նման մտահոգություն տրամաբանական եմ համարում գործարար միջավայրում նման խոշոր գումարների ներդրման դեպքում: Պրակտիկայում հնարավոր բան է: Շատ հավանական եմ համարում, որ նման հարվերով ինձ դիմած լինեն թե՛ Արաբները, թե՛ Ս. Համբարձումյանը: Ինձ վրա, որ օր ու ժամ դնեն, որ գնամ ճշտեմ ու գամ ասեմ , տենց բան դժվար եղած լինի:

Հնարավոր եմ համարում, որ Արաբներն ու Սիլվան հանդիպման ժամանակ ինձ հայտնած լինեն իրենց մտահոգության մասին, եւ ես այդ հարցի շուրջ զրուցած լինեմ նախագահի ու վարչապետի հետ, որից հետո արդեն հերթական հանդիպման ժամանակ նրանց ասած լինեմ, որ մտահոգվել պետք չէ, նման խնդիր չի առաջանա, քանի որ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը շահագրգռված էին արաբների կողմից մոտ 200 միլիոն ներդրումների համար:

Ինչ վերաբերում է այդ հարցում Ս. Մայրապետյանին, ապա միգուցե եւ Սիլվայի հետ զրույցի ընթացքում Սամվելի անունը շոշափված լինի այն կոնտեքստում, որ զրույցի ընթացքում Սիլվան ասած լինի, որ եթե հետագայում խնդիրներ կամ հարցեր առաջանա, եւ ես Հայաստանում չլինեմ, իսկ ինքն էլ ցանկանա կապնվել նախագահի աշխատակազմի հետ, ոնց կարող է կախնվել, եւ ես, տեղյակ լինելով, որ Արմեն Գեւորգյանն ու Ս. Մայրապետյանը առնչություն ունեն, կապ ունեն, ուստի Ա. Գեւորգյանի հետ կապվելու համար տված լինեմ Ս. Մայրապետյանի անունը, բայց ոչ Ս. Մայրապետյանի հեռախոսահամարը:

Ասեմ նաեւ, որ այսօր` ժամը 02:30-ի սահմաններում, կնոջս է զանգահարել Ս. Մայրապետյանի կինը` Գոհարը, եւ ասել, որ եթե հարմար է, ինձ հետ ցանկանում են հանդիպել եւ մեկ երկու հարց տալ Ս. Մայրապետյանի փաստաբանները: Մինչեւ այդ արդեն իսկ լրատվամիջոցներից տեղեկացել էի, որ Ս. Մայրապետյանին ձերբակալել են, ես չեմ մերժել եւ ասել եմ, որ կարող են գալ:

Կարճ ժամանակ անց իմ բնակարան են այցելել Սամվելի երկու փաստաբանները. նրանցից մեկի ազգանունը Սիրունյան էր: Նրանք ինձ ասե, որ շատ բան չեն կարող ասել եւ միայն մեկ հարց ունեն, որից հետո այդ գործարքի հետ կապված մի հարց տվեցին ինձ, թե արդյոք ՀՀ նախագահն ու վարչապետը ինչ-որ հովանավորություն են ունեցել Սիլվայի ու արաբների միջեւ հանքի վաճառքի շուրջ կայացած գործարքի ժամանակ:

Հարցին պատասխանել եմ, որ ինքս նման գործարքի չեմ մասնակցել եւ նման գործարքից տեղյակ չեմ եղել եւ ոչ մի հովանավորություն չեն ապահովել, փողերի կոնտեքստում չեմ էլ լսել նման գործարքի մասին: Ասել եմ նաեւ, որ հովանավորության մասով Սիլվային եւ Սամվելին միմյանց հետ չեմ ծանոթացրել:

Փաստաբանները այդ ամենը ձեւակերպել են թղթի վրա, որից հետո ես ստորագրել եմ այն, ու նրանք հեռացել են: Մինչ այդ ինձ նաեւ ասել են, որ իրենց կողմից կազմված փաստաթուղթը օգտագործելու են Սամվելի կալանքի ժամանակ դատարանում:

Ներկայումս փաստաբանների կողմից կազմված հիշյալ փաստաթղթի բովանդակությունը հստակ չեմ հիշում, բայց եթե ներկայացնեն դատարանում, ապա Ձեզ նույնպես պարզ կլինի: Համենայնդեպս, իրականությունն եմ նշել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս