Հազարավոր մարզիկներ աշխարհի տարբեր վայրերից կժամանեն Արցախ. մանրամասներ Արցախում կայանալիք համահայկական խաղերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

-Պաշտոնական հայտարարության համաձայն՝ համահայկական ամառային 7-րդ խաղերը այս տարի կայանալու են միաժամանակ ՀՀ-ում եւ Արցախում։ Սա ունի՞ քաղաքական ենթատեքստ, թե՞ վաղօրոք պլանավորված էր։

-Այո, այս տարի օգոստոսի 5-17-ը համահայկական խաղերն անցկացվելու են Արցախում եւ Հայաստանում։ Բացման արարողությունը եւ մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում՝ օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը եւ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երեւանում օգոստոսի 9-17-ը։ Փակման եւ պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում օգոստոսի 17-ին։

Դա եղել է իմ վաղեմի երազանքը, դա եղել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ցանկությունը եւ որոշումը, բայց դրանք չէին դառնա իրականություն, չէին մտնի կազմակերպչական փուլ, եթե գաղափարը չստանար ՀՀ եւ Արցախի բարձրագույն ղեկավարության անվերապահ աջակցությունը։ ՀՀ կառավարության որոշմամբ` ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։

Թեմայի շուրջ ես մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բ. Սահակյանի հետ։ Եվ նրանց կողմից տեսել եմ խնդրի կարեւորում, աջակցություն, այնպես որ, գործընթացը սկսված է։ Չեմ թաքցնում` ինչ-ինչ պատճառներով այս անգամ նախապատրաստական աշխատանքները մի փոքր ուշ ենք սկսում, բայց հավատացնում եմ բոլորին, որ անելու ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով այս համահայակական նշանակության միջոցառումը կազմակերպելու համար։ Բոլորիս սպասվում են հետաքրքիր անակնկալներ, անմոռանալի օրեր։

-Կա կարծիք, որ զուտ մարզական նշանակության տեսանկյունից այս խաղերը այնքան էլ արժեքավոր չեն։ Խոսքը մարզիկների եւ թիմերի որակավորման եւ կարգի մասին է։

-Այդ կարծիքը կար հենց առաջին համահայկական խաղերի գաղափարի ծագման օրվանից։ Հետո կյանքը ամեն ինչ իր տեղը դրեց, եւ մենք տեսանք գերլարված խաղեր, որտեղ կրքերը երբեմն այնքան էին թեժանում, որ հանդարտացնելու համար լուրջ ջանքեր էին պահանջում. մենք ականատես եղանք բարձր պրոֆեսիոնալիզմի դրվագների։ Պահանջել, որ աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկող հազարավոր մարզիկները, թիմերը լինեն բարձր կարգի պրոֆեսիոնալներ, միամտություն է։ Ասեմ այսպես. մենք չենք ակնկալում, որ դրանք լինեն իրենց որակով օլիմպիական խաղեր, բայց իրենց էմոցիոնալ կողմով հաստատ չեն զիջում։ Մենք բոլորս դրանում կհամոզվենք առաջիկա ամիսներին։

-Վերադառնանք Արցախում անցկացնելու գաղափարին։ Հասկանալի է, որ այս որոշումը միայն մարզական բաղադրիչ չէ, որ պարունակում է։

-Դուք ճիշտ եք, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն, չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց։

Աշխարհի տարբեր ծայրերից, Սփյուռքի հայաշատ համայնքներից սպասվում է հազարավոր մարզիկների, մարզիչների, երկրպագուների մասնակցությունը Համահայկական խաղերին, այցելություն Արցախ։
Այս գեղեցիկ, խաղաղ միջոցառմամբ մենք Արցախը դարձնելու ենք համայն հայության ուշադրության կենտրոնը։ Սա նաեւ ունի շատ կարեւոր տնտեսական նշանակություն Արցախի համար։ Այո, նաեւ այս խաղերի միջոցով են շատերը հայտնաբերելու Արցախը, ճանաչելու եւ սիրելու Արցախը, կապվելու Արցախի հետ։ Կարծում եմ` կարիք չկա նշելու, թե ինչ վերմարզական նշանակություն ունի այս միջոցառումը։

Ինձ համար համահայկական միասնականությունը զուտ գեղեցիկ արտահայտություն չէ, հեռավոր երազանք չէ։ Ինձ համար դա կոնկրետ աշխատանքն է, եւ մենք դա անելու ենք։ Կոնկրետ աշխատանք, կոնկրետ նպատակներ, կոնկրետ արդյունքներ։ Շատ հեղինակավոր մարդիկ են գալու Արցախ եւ Հայաստան։ Դա նշանակում է նոր հարաբերություններ, նոր կապեր, նոր ծանոթություններ, նոր ծրագրեր։ Շատ կարեւոր է, որ այդ հնարավորությունները դառնան շարունակական, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լինեն երկարաժամկետ, ունենան տնտեսական, մշակութային եւ այլ բաղադրիչներ։ Մենք այս հարցերը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, շարունակելու ենք քննարկել, ձեւավորել հետաքրքիր գաղափարներ, հետաքրքիր առաջարկներ։ Մենք մեկ ընդլայնված խորհրդակցություն արդեն արել ենք Ստեփանակերտում` պետնախարար Գ. Մարտիրոսյանի եւ նախարարների մասնակցությամբ։ Առաջիկայում, իհարկե, կլինեն նոր քննարկումներ։

-Տրամաբանական է, որ մեծ ծավալի պատասխանատվություն է ընկնում է նաեւ մարզական ֆեդերացիաների վրա։ Ինչպե՞ս եք կարգավորելու այս ոլոտը։

-Գիտեք, մենք ունենք համատեղ աշխատանքի մեծ փորձ, ընդ որում` լավ, արդյունավետ աշխատանքի։ Կան մարզաձեւեր, որոնք խաղերի հենասյուններն են, եւ, բնականաբար, նրանց աշխատանքը եւ պատասխանատվությունը ավելի մեծ է, օրինակ` Ֆուտբոլը, բասկետբոլը։ Ես ուրախությամբ եմ նշում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ա. Վանեցյանի մեծ պատրաստակամությունն օգնելու, աջակցելու, կազմակերպելու։ Երբ դու տեսնում ես, որ մարդիկ, անկախ իրենց զբաղվածությունից, անկեղծ ուզում են, որ գործը լավ ստացվի, խորապես կարեւորում են համահայկական այս միջոցառումը, տեսնում են իմաստը եւ հեռանկարները, դու էլ ես սկսում ավելի մեծ խանդավառությամբ, ավելի մեծ եռանդով աշխատել։ Չեմ թաքցնում` կան բազմաթիվ հարցեր, խնդիրներ, երբեմն խոչընդոտներ, բայց դրանք բոլորը հաղթահարելի են, եթե տարբեր կողմերից, տարբեր շրջանակներներից կա մեծ ցանկություն անելու առավելագույնը։

-Իսկ ի՞նչ ակտիվություն են ցուցաբերում Սփյուռքի կառույցները։

-Եթե ասեմ մեծ ակտիվություն, հավատացե՛ք, դա կլինի մեղմ ձեւակերպում։ Կան երկար տարիների պատմություն ունեցող ավանդույթներ, կապեր, համագործակցության շրջանակներ։ Չեմ թաքցնի՝ կա նաեւ վստահություն, փոխադարձ վստահություն, որովհետեւ մենք երկար տարիներ աշխատել ենք միասին, եւ մարդիկ իրենց աչքերով են տեսել արդյունքը։ Այսօր էլ նույնն է, ամեն օր ես ստանում եմ զանգեր` «ինչո՞վ օգտակար լինենք», «ի՞նչ է պետք» բովանդակության։ Սա իսկապես մեծ համահայկական նախաձեռնություն է, որն, անշուշտ, ունենալու է իր լուրջ ազդեցությունը եւ լուրջ հեռանկարը։

Լուսինե Մինասյան




Լրահոս