«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որըպետք է դատաքննի «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ է հայտնելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնեց. «Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել, ես միշտ անկախ եմ»:
-Պարո՛ն Գրիգորյան, «Մարտի 1»-ի քրեական գործով անջատված մասով գործը մակագրվել է Ձեզ եւ Դուքպետք է քննեք սահմանադրական կարգի տապալման հարցով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի հարցը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ Դուք ինքնաբացարկ եք հայտնելու, քանի որ Դուք Վահագն Հարությունյանի մասով դեռեւս ամիսներ առաջ ինքնաբացարկ էիք հայտնել, եւ հիմա տեղեկություներ կան, որ վերոնշյալ մեղադրյալների մասով եւս ինքնաբացարկ եք հայտնելու:
-Եթե հեռախոսը չեմ պատասխանում, վրա-վրա մի՛ զանգահարեք: Ինձ այդ հարցը այս պահին մի՛ տվեք, որոշում կկայացվի, կտեղեկանաք:
-Գոնե հայտնեք` ինքնաբացարկ հայտնելու եք, թե ոչ:
-Այդ հարցի պատասխանը հիմա չեմ կարող տալ. գործն եմ ուսումնասիրում:
-Դուք «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից մեկի` Վահագն Հարությունյանի մասով ինքնաբացարկ եք հայտնել, եւ վերոնշյալ անձինք եւս այդ գործի շրջանակներում մեղադրյալներ են: Դեռ ավելին` Դուք եղել եք 2008թ. «Մարտի 1»-ի գործով պաշտպան. արդյոք այս հանգամանքները բավարար չե՞ն ինքնաբացարկ հայտնելու համար:
-Բացարկ հայտնելու մեջ կան մանրուքներ, որոնք երկար պարզաբանման ենթակա են, այս պահին դեռ այդ պարզաբանումները չկան: Ես գիտեմ` ինչքան են շահարկում, ինչքան են գրում, դեռ ինչքան կշահարկեն, ինչքան իրականությանը չհամապատասխանող բաներ կգրեն, բայց այս պահին ես գործն եմ ուսումնասիրում:
-Այսինքն` վախենալու բան չունե՞ք, քանի որ դատավորների շրջանում վախիմթնոլորտ է ստեղծվել. մի մասը բժշկական փաստաթուղթ է ներկայացնում, որ գործըչքննի: Դուք նման խնդիր չունե՞ք:
-Երեւի Դուք սխալ ինֆորմացիա ունեք, որ շատերը վախենում են, շատերը բուլետեն վերցրեցին գնացին:
-Դուք չե՞ք վախենա, եթե ինքնաբացարկի անհրաժեշտություն չառաջանա եւ քննեք այս գործը:
-Ինչի՞ց վախենամ:
-Լուրջ պաշտոնատար անձանց մասով քրեական գործ եք քննում. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, Արմեն Գեւորգյան, Յուրի Խաչատուրով:
-Ես վախենալու բան չեմ տեսնում, որ իմանամ` վախենամ, թե չվախենամ:
-Այսինքն` վերջնական գնահատականը, որ Դուք ինքնաբացարկ կհայտնեք, կլինի այն ժամանակ, երբ ուսումնասիրեք քրեական գործը եւ հետո տաք Ձեր գնահատականը` տալիս եք ինքնաբացարկ, թե ոչ:
-Բնականաբար, ուսումնասիրելու ընթացքում ես նաեւ մտածում եմ. կուսումնասիրեմ, կմտածեմ եւ որոշումը կկայացնեմ:
-Ուսումնասիրելով Ձեր ինքնակենսագրությունը` պարզեցինք, որ աշխատել եք ՀՀ իրավաբանների միությունում: 2007թ.-ից 2014թ. աշխատել եք որպես հանրային պաշտպան, երբ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը` ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռ. Քոչարյանի պաշտպանը: Արդյոք կաշկանդված չե՞ք լինի քննելու այդ քրեական գործը:
-Ինձ ոչ մեկի գործոնը չի կարող կաշկանդել. ես միշտ անկախ եմ:
Քնար Մանուկյան