Մենք ընտանիքով ոչ մի բրենդի հետևից չենք ընկնում. Գրիգոր Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն է: Մենք անդրադարձել ենք կարիերային, ընտանիքին վերաբերող թեմաների: Գրիգորը խոսել է իր հաղթահարած դժվարությունների եւ բնավորության առանձնահատկությունների մասին:

-Գրիգո՛ր, թեթե՞ւ ապրող մարդ եք, թե՞ խորամուխ եք լինում մանրուքների մեջ:

-Թեթեւ ապրող եմ:

-Ի՞նչ եք կարծում, ավելի կարեւոր է փո՞րձը, թե՞ աշխատասիրությունը:

-Առանց աշխատասիրության հնարավոր չէ առաջ շարժվել, իսկ փորձն ավելի պրոֆեսիոնալ է դարձնում մասնագետին:

-Թշնամիներ ունե՞ք:

-Ոչ, համենայնդեպս, ես այդպես եմ կարծում (ծիծաղում է): Ո՞ւմ եմ նեղացրել որ…

-Ինչպե՞ս եք վարվում էներգետիկ վամպիրների հետ:

-Նրանց հետ դժվար է, բայց տարիների ընթացքում իմունիտետ եմ ձեռք բերել:

-Երեւանում կոնկրետ որտե՞ղ եք սիրում զբոսնել:

-Ոչ հաճախ եմ զբոսնում, բայց կարեւորն այն է, որ ընտանիքիս հետ լինեմ, տեղը կապ չունի:

-Ունա՞կ եք նայելու Ձեր վախերին:

-Միանշանակ: Եթե չնայես, խնդիրների առաջ կկանգնես: Պետք է նայել եւ առաջ շարժվել, հաղթահարել դրանք:

-Երբեք չեք հասցնում…

-Բավականաչափ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Բայց ինքս ինձ խոստացել եմ, որ այդ բացն անպայման լրացնելու եմ:

-Օրվա մեջ մի փոքրիկ հատված անպայման տրամադրում եք…

-Ֆիլմեր դիտելուն: Այդպիսով փորձում եմ ինչ-որ չափով լրացնել նաեւ ընթերցանության բացը:

-Ձեր կյանքի ամենադժվար փուլը ո՞րն եք համարում:

-Ամուսնությունը: Դա նոր փուլ էր, որը ռադիկալ փոփոխություններ մտցրեց կյանքիս որակի, ապրելակերպիս մեջ: Առաջին երեխայիս ծնունդի հետ կապված փուլը եւս բարդ էր: Փառք Աստծո, խոչընդոտները միասին հաղթահարեցինք, եւ հիմա շատ գոհ եմ:

-Ձեր կինը միշտ ասում է, որ…

-Որոշ բաներ ականջիս հետեւ եմ գցում, բայց իրականում այդպես չէ, պարզապես ես ամեն բան հերթականությամբ եմ անում:

-Ափսոսում եք, որ…

-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Աստծուն շնորհակալ եմ նաեւ իմ կյանքի դժվարությունների համար: Եթե ամեն բան հեշտ տրվեր, հետաքրքիր չէր լինի:

-Զարմանում եք, երբ…

-Մարդիկ նախանձում են, իրենց անհաջողությունները բարդում են ուրիշների վրա, դիմացինից պահանջում են ավելին, քան նա պարտավոր է:

-Ո՞րն է Ձեր սիրելի թատրոնը Երեւանում:

-Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը, բայց բոլոր թատրոններն էլ ունեն իրենց հետաքրքրությունը: Թեեւ ասեմ, որ հաճախ չեմ լինում թատրոններում: Երբեմն հանդես եմ գալիս նաեւ որպես դերասան: Թերեւս, ամեն բեմ իր առանձնահատկությունն ունի:

-Կենցաղում ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում:

-Թեեւ ասացի, որ թեթեւ մարդ եմ, բայց այսպիսի մի պարադոքս կա. շատ լուրջ խնդիրների կարող եմ թեթեւ վերաբերվել, դրանց համար հեշտ լուծումներ գտնել, իսկ մանրուքներից կարող եմ պայթել: Անչափ կարեւոր է նաեւ, թե ինչպիսի օր եմ ունեցել…

-Ո՞վ է Ձեր սիրելի ոճաբանը:

-Մենք ընտանիքով ոչ մի տեսակի բրենդային հագուստի հետեւից չենք ընկնում, թեեւ կան մարդիկ, որ իրենց կյանքի իմաստը դրա մեջ են տեսնում: Կարելի է հագնվել գեղեցիկ եւ ճաշակով, լինել ինքդ քո ոճաբանը:

-Ումի՞ց եք միշտ սովորում:

-Բոլորից էլ փորձում եմ սովորել: Սոկրատեսն ասել է. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Դասավանդում եմ մեր դերասանական ստուդիայում եւ հաճախ սովորում եմ նաեւ երեխաներից, կլանում եմ այն, ինչ իրենք են մատուցում: Սովորելը կարեւորագույն բաղադրիչ է իմ կյանքում:

-Ո՞րն է Ձեր տարերքը՝ օ՞դը, ջո՞ւրը, հո՞ղը, թե՞ կրակը:

-Հողը: Այն կարծես ամուր կանգնելու երաշխիք է: Ի դեպ, համաստեղծությամբ այծեղջյուր եմ, եւ հողը հենց իմ տարերքն է:

-Ի՞նչն է Ձեզ դարձնում երջանիկ:

-Իմ ընտանիքը, երեխաներիս առաջընթացի ամեն քայլը: Ընդհանրապես, տղամարդու կայացման ճանապարհին մեծ դերակատարում ունի կինը, որը կարող է բարձրացնել եւ, հակառակը, տապալել ամուսնուն: Կինս միշտ բարձրացնողի դերում է: Այդ առումով եւս երջանիկ եմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս