ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» կուսակցությունը գնալով վտանգավոր է դառնում պետության համար: Երեկ այս կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով փաստին, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից երկուսը` Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, դեռ անազատության մեջ են, ուղղակի սպառնալիք է հնչեցրել իշխանություններին: «Լռելու եւ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարել է նա: Այլ կերպ ասած, Սեֆիլյանն իշխանությունների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել՝ բաց տեքստով հասկացնելով, որ հարկ եղած դեպքում կրկին կդիմեն զենքի. մի փաստ, որ պետք է լրջորեն մտահոգի իշխանություններին: Ի վերջո, «Սասնա ծռերը» բազմիցս ցույց է տվել՝ իրենք ամենեւին չեն զղջում, որ իրենց պետական ահաբեկչություն հիշեցնող գործողությունների հետեւանքով զոհվել է երկու ոստիկան, ու արդարացնում են կատարվածը, իսկ հիմա նաեւ սպառնում: Նրանց պահվածքը հասկանալի է. հատարարելով կուսակցություն դառնալու մասին` նրանք չկարողացան կայանալ քաղաքական դաշտում եւ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում չափազանց քիչ քվե էին ստացել՝ հազիվ 1.5 տոկոս: Միաժամանակ ակնհայտ է, որ նրանց մեծ մասի նկատմամբ չի տարածվի 2018թ. ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ տուժողներից երկուսն առարկել են: Ու «Սասնա ծռերի» անդամներն իրենց ապագա բանտարկությունը կանխելու համար փորձում են դիմադրել:

 

 

Արցախում 2020թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Բայց երեկ նա պարզել է, որ զրկված է Արցախի քաղաքացիությունից, ընդ որում՝ զրկվել է դեռ 13 տարի առաջ՝ 2006թ.-ին` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Ղուկասյանին, սական նա, լսելով Բաբայանի անունը, չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որեւէ կապ ունեմ, ո՛չ որեւէ գաղափար ունեմ»,- նշեց Ղուկասյանը: Իսկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակներում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ է կազմակերպելու: Իսկ քննարկվելիք հիմնական թեման, ինչպես պնդում են մեր աղբյուրները, վերաբերելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու տարբերակներին: Լսումներն էլ տեղի են ունենալու Երեւանում, բայց նաեւ հրավիրվածներ են լինելու Արցախից, այնտեղի խորհրդարանից: ԱԺ այս հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ընդամենը հայտարարեց. «no comment»: Հարցրինք. «Հերքո՞ւմ եք, որ նման բան է լինելու»: Ի պատասխան` Քոչարյանն ասաց. «Ամեն ինչ մտածվում է` մեր երկրի շահերից ելնելով եւ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ամրացնելու համար: Ամեն բան այդ ուղղությամբ արվում է»:

 

 

 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում աղքատությունը վերջերս նվազել է: 2017 թվականին այն կազմել է 25.7 տոկոս, ցուցանիշ, որը 2016 թվականի համեմատ` պակաս է 3.7 տոկոսային կետով: Իջել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, իսկ 2017-ին` ծայրահեղ աղքատությունը 1.4 տոկոս է: Մյուս կողմից, սակայն, էապես նվազել են մթերքի սպառման ծավալները. օրինակ` եթե մեկ հոգին 2016թ. ամսական միջինը սպառել է 3.36 կգ կարտոֆիլ, ապա 2017 թվականին սպառումը կազմել է 3.31 կգ: Նվազել է նաեւ բանջարեղենի սպառումը. 2016թ.` միջին 6.63 կգ, իսկ 2017թ.` 6.24 կգ: 2016 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.98 կիլոգրամ միս, իսկ, ահա, 2017-ին թեկուզ չնչին, բայց այն նվազել է` ընդամենը 1.92 կգ: Նույն կերպ նվազել է նաեւ շաքարի, բուսական յուղի, պանրի բոլոր տեսակների, մրգի սպառումը: Սրանք ինքնին ուշագրավ փաստեր են, եւ, ըստ էության, կարելի է պատկերացում կազմել մարդկանց գնողունակության մասին, ավելի ճիշտ՝ գնողունակության տարեցտարի անկման մասին:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը փորձում է զգուշորեն, բայց առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Պատահական չէ, որ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու մասին` միաժամանակ օրակարգում ունենալով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կազմակերպելու հարցը:
Երեկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը` միաժամանակ նշելով, որ հանդիպման հստակ վայրը եւ ժամկետները դեռ հստակեցված չեն: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ընթանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպման համար տարվող նախապատրաստական աշխատանքները»:
ՀՀ ԱԳՆ-ից էլ այս կապակցությամբ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են Ադրբեջանի հայտարարությունը՝ հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը, որտեղ նշվում է, որ նախապատրաստվում է ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։
Ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ թեեւ միջազգային հանրությունը փորձում է քայլեր անել, սակայն մոտ ապագայում այն հազիվ թե տեղի ունենա: Լավագույն դեպքում ընդհանուր միջոցառումների ժամանակ Փաշինյանն ու Ալիեւը բաց չեն թողնի քննարկումների հնարավորությունը, նաեւ ԱԳ նախարարները կքննարկեն հարցերը, բայց պաշտոնապես բանակցային գործընթացի մեկնարկը երկու երկրների առաջնորդների մակարդակով դեռ չի տրվի: Պատճառներից մեկն էլ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի հանձնառությունն է, որն, ի դեպ, միանգամայն լեգիտիմ պահանջ է: Բավական է հիշել, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել դեռ ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ու 1995թ. Պրահյան պարզաբանման մեջ: ԵՒ այս փաստաթղթերը որեւէ մեկը դեռեւս չեղյալ չի ճանաչել: Այնպես որ, բանակցային սեղան վերադարձը եւ հակամարտության կարգավորման քննարկվող փաստաթուղթը երեք մայրաքաղաքներ ուղարկելն ու հավասարապես նրանց ձայնի իրավունք տալը այլընտրանք չունեն: Մնում է դիվանագիտական կարողություններն օգտագործել այս ուղղությամբ:




Լրահոս