«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրար Սեֆիլյանը հայտարարություն է տարածել` ըստ էության, սպառնալիքներ հնչեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին` նշելով, թե լռելու եւ ապստամբների նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է։
«Համբերության բաժակը լցվել է։ «Սասնա ծուռ» ապստամբներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռեւս բանտում են:
Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով եւ նրա դատարանում:
…Լռելու եւ ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետեւելու ժամանակը սպառվել է: Համբերության բաժակը լցվել է, եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»,- հայտարարության մեջ ասել է նա:
Սեֆիլյանի հայտարարություններն այլկերպ, քան Փաշինյանի իշխանությանն ուղղված սպառնալիք, դժվար է որակել: Ընդ որում, նկատենք, որ կալանավայրում շարունակում են մնալ «Սասնա ծռեր» խմբավորման այն անդամները, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար: Ու այս առումով իշխանությունների տեսակետը կարծես հստակ է. Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությունից հետո` վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց, խոսելով քաղբանտարկյալների խնդրի մասին, հայտարարել էր, թե խնդիր է այն գործերի դեպքում, որտեղ ունենք զոհեր: Ըստ այդմ` Փաշինյանը նշել էր, թե «Սասնա ծռերի» գործի հետ կապված պետք է լինի հանրային քննարկում, նաեւ պետք է լսել սպանվածների հարազատներին:
Ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության վերաբերմունքն այնքան էլ դրական չէ: Նաեւ ակնհայտ է, որ դատավարությունը չի ընթանում «ծռերին» ցանկալի հունով. բանն այն է, որ տուժողներից ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն առարկել են «ծռերի» նկատմամբ համաներում կիրառելուն` պատճառաբանելով, որ նրանց գործողությունների հետեւանքով ոստիկաններ են զոհվել: Այնպես որ, չի բացառվում՝ «Սասնա ծռերը», որոնք խափանման միջոցը փոխվելու շնորհիվ ազատ են արձակվել, մեղադրական դատավճռից հետո հայտնվեն բանտերում. միայն նրանք, որոնք այս ամենի կազմակերպիչներն են: Չի բացառվում, որ նրանց անհանգստությունը հենց դրա հետեւանքով է: Ու հիմա «Սասնա ծռերն», ըստ էության, սպառնալիք են՝ կախված ներկայիս իշխանությունների գլխին։
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամներից Պաշտպանության եւ անվտանգության հարցրերի հանձաժողովի անդամ Արամ Խաչատրյանին: Վերջինս էլ նշեց, որ իր համար զարմանալի են նման հայտարարությունները։
«Անկեղծ ասած, ինձ համար զարմանալի է այս բովանդակությամբ հայտարարությունը, որովհետեւ տղաների գործը իրավական դաշտում է գտնվում, եւ կառավարությունը կամ օրենսդիրը չեն խառնվելու դատական պրոցեսներին։ Դրա մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, նորից եմ ուզում կրկնել՝ ինձ համար զարմանալի է սա։ «Սասնա ծռեր» խմբի անդամներից շատերը, դատարանի որոշմամբ, ազատ են արձակվել։ Ես կարծում եմ, որ հիմա՝ այսինքն հեղափոխությունից հետո, դատարանները բավականին ազատ են, օբյեկտիվ են, եւ, ընդհանրապես, իրավապահ համակարգը։ Ասինքն` ի՞նչ պետք է անի կառավարությունը այս մասով: Ուզում են` միջնորդի՞ դատարաններին։ Դա՞ են ուզում։ Այդպես չի լինի։ Հիշել է պետք, որ իրենք ազատ են արձակվել թավշյա հեղափոխությունից հետո: Դա գործ է, որը բոլորիս էլ մտահոգում է, եւ մենք բոլորս էլ հետեւում ենք այս գործընթացին, եւ ես համոզված եմ, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը։ Հարցրինք՝ իշխանության մոտ մտավախություն չկա, որ կրկին կարող է զինված հարձակում տեղի ունենալ խմբի անդամների կողմից։
«Եթե իրենք նման բան են հայտարարել, ուրեմն ճիշտ կլինի` իրենք պարզաբանում ներկայացնեն, թե ինչ են ուզում ասել դրանով։ Ես ուղղակի կոչ կանեմ իրենց, որ ուղղակի հետեւեն գործընթացներին, դատական նիստերին, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ կընթանա օրենքի շրջանակներում։ Պետք չէ իշխանության հետ սպառնալիքներով խոսել, որովհետեւ այսօրվա իշխանությունը Հայաստանի պատմության մեջ այս 30 տարիների ընթացքում ամենալեգիտիմ եւ մեծ վստահություն ունեցող իշխանությունն է։ Չի կարելի նման բովանդակությամբ ու սպառնալիքով խոսել, որովհետեւ, նորից եմ ասում, կառավարությունը չի միջամտելու այդ դատական պրոցեսներին»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանը:
Հ.Գ. Ի դեպ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանն էլ իր հերթին օրերս չէր բացառել իշխանության դեմ պայքարում կրկին զենքի դիմելու հավանականությունը: Հետեւությունները, թերեւս, թողնում ենք ընթերցողներին:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԻ 22-ԱՄՅԱ ՕԳՆԱԿԱՆԸ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ակտիվորեն փոխում է մարզպետարանի ղեկավար կադրերին: Նախկինում իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մարզպետ Հ. Չոբանյանը որոշում է կայացել 2019թ. փետրվարի 14-ից Մերուժան Հարությունյանին նշանակել Տավուշի մարզպետի օգնական: Մարզպետը որոշում է ընդունել Դավիթ Աղասարյանին փետրվարի 19-ից ազատել Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից: Հ. Չոբանյանը որոշել է Աղաբեկ Գալստյանին փետրվարի 22-ից ազատել Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից: Մարզպետը մեկ այլ որոշմամբ` Էմին Գեւորգյանին 2019թ. փետրվարի 20-ից նշանակել է Տավուշի մարզպետի օգնական: Էմին Գեւորգյանը գրանցված է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում, նրա 23 տարին կլրանա 2019թ. մայիսի 18-ին: Մարզպետ Չոբանյանը, մեկ այլ որոշմամբ, Թաթուլ Ստեփանյանին 2019թ. փետրվարի 22-ից նշանակել է Տավուշի մարզպետի խորհրդական: Թ. Ստեփանյանը ծնվել է 1968թ., նա Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղի բնակիչ է, անասնաբուժության բնագավառի մասնագետ:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
Փետրվարի 27-ին` ժամը 11-ին, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքում կկայանան հասարակական լսումներ, որոնք վերաբերում են համայնքի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելուն: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը տեղյակ է այդ առթիվ համացանցում բարձրացված մեծ աղմուկին: Նա ասաց, որ հասարակական լսումներին մասնակցելու են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները: Համայնքի ղեկավարի խոսքերով` առայժմ խոսքը չի վերաբերում հանքավայր շահագործելուն, այլ երկրաբանական հետազոտություններ իրականացնելուն: Նա հայտնեց, որ գյուղի տարածքում պոչամբար չի լինելու, երկրաբանական հետախուզում իրականացնող ընկերությունը մտադիր է հետագայում այդտեղ ոսկի, պղինձ եւ այլ մետաղներ արդյունահանել: Բադիրյանը հայտնեց, որ Վազաշենի տարածքում նման 2 տեղ կա, սակայն հիմնականում երկրաբանական հետախուզումը կիրականացվի Կարմիր քար տեղամասում: Նա ասաց, որ այնտեղ խորհրդային ժամանակներից կառուցված թունելներ կան, հանքավայրի շարունակությունը Ադրբեջանի տարածքում է. հավանական է, որ ադրբեջանցիները հանքավայրի մյուս ծայրից սկսեն դրա շահագործումը: Համայնքապետը հայտնեց, որ իր նպատակը սահմանամերձ գյուղում աշխատատեղեր ստեղծելը, համայնքի տնտեսական կյանքն աշխուժացնելն է` շրջակա միջավայրին վնաս չպատճառելով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՑՈՒՅՑԵՐ՝ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Կառավարության շենքի առաջ վերջերս բողոքի ցույցերը պարբերական բնույթ են կրում: Սա, թերեւս, պատահական չէ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները՝ հայտնի շրջանակները, որոշել են հոգալ, որ եթե ոչ ամեն օր, ապա պարբերաբար կառավարության մոտ` կառավարության շենքի առջեւ, բողոքի ցույցեր անցկացվեն: Նպատակը պարզ է. քարոզչական ֆոն ստեղծել` ցույց տալու, որ կառավարությունից դժգոհությունները մեծ են, մարդիկ հուսահատվել ու հիասթափվել են նոր իշխանությունից, ուստի բողոքի ցույցեր են անցկացնում:
Այս առումով մեխանիզմը բավական լավ գործում է. իմանալով այս կամ այն խմբի դժգոհության մասին` միանգամից մարդկանց ուղղորդում են կառավարության շենքի մոտ` ասելով, թե Փաշինյանը կտա բոլոր հարցերի լուծումը. չէ՞ որ մարդիկ հենց դրա համար էին պայքարում: Դե մարդիկ էլ հավատում են: Մի մասն էլ կառավարության շենքի մոտ գնում է սեփական ցանկությամբ, անիրականանալի պահանջներով` տպավորություն ստեղծելու, թե կառավարությունից դժգոհ են:
Պատահական չէ, որ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Տրիբունա» հասարակական խմբի անդամները եւ Արմավիրի մարզի Զարթոնք ու Արտաշար գյուղերի բնակիչները:
«Տրիբունա» նախաձեռնության անդամները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ պետական մարմիններում պարգեւատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով գրությունը հանձնելու նպատակով: Նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց` նշելով, որ իրենք արդեն տասը օր է, ինչ ստորագրահավաք են անցկացնում պարգեւատրումները պետական բյուջե հետ վերադարձնելու պահանջով: «Մոտ 4000 քաղաքացի արդեն միացել է ստորագրահավաքին: Այս գործընթացը շարունակական է: Թող հստակ մեզ ասեն, թե հաջորդ տարի ինչ պարգեւատրումներ են լինելու, որպեսզի յուրաքանչյուր հարկատու հասկանա` իր վճարած հարկերից որքանն է գնալու պարգեւավճար: Եւ, բացի այդ, թող այն աշխատողները ստանան պարգեւավճարներ, որոնք իսկապես դրա կարիքն ունեն»:
Բողոքի ակցիայի մյուս հերոսները Արմավիրի մարզի Արտաշար եւ Զարթոնք գյուղերի բնակիչներն են, որոնք պահանջում են կառավարությունից միջամտել եւ իրենց խնդրին լուծում տալ: Պարզվում է` այս գյուղերի բնակիչները տարիներ շարունակ պահանջում են իրենց տալ իրենց պատկանող գյուղնշանակության հողատարածքները:
Արտաշարի բնակիչ Ջնդի Ջնդոյանի պատմելով` այդ հողատարածքները 60-ականներին ծառայել են որպես արոտավայրեր, բայց հետո սեփականաշնորհվել են ոմն Ազատ Հարությունյանի կողմից, որը փորձել է այդ տարածքում ձուկ աճեցնել: Բայց կարծես թե Հարությունյանին չի հաջողվել զբաղվել ձկնաբուծությամբ, փոխարենը նա այդ հողերը արդեն մի քանի տարի է, ինչ վարձակալության է տալիս գյուղացիներին: Օրինակ` մեկ հա-ն մշակելու համար առաջարկում է ամեն տարի 400-600 հազար դրամ վճարել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ