ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՑ ՔԻՉ ՈՒՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2017 թվականի աղքատության ցուցանիշը, որտեղ ներկայացված է վերջին տարիներին ամսական մեկ շնչի հաշվով սննդամթերքի հիմնական տեսակների սպառումը: Բոլոր դեպքերում պատկերը խիստ մտահոգիչ է ու տխուր, որովհետեւ բոլոր տեսակի սննդամթերքի սպառումը աստիճանաբար նվազել է:

Նշենք, որ Հայաստանում աղքատությունը 2017 թվականին կազմել է 25.7 տոկոս: 2016 թվականի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսային կետով: Իջել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը. 2016թ. այն կազմել է 1.8 տոկոս, իսկ 2017-ին` ծայրահեղ աղքատությունը 1.4 տոկոս է:
Բայց չնայած սրան` սպառման նվազում է արձանագրվել խոցելի խմբերում` գործազուրկի գլխավորությամբ եւ բազմանդամ ընտանիքներում: Լավագույն դեպքում 2015-2016 թվականներին մեկ շնչի հաշվով ամսական աճել է բանջարեղենի, կարտոֆիլի սպառումը, բայց նախորդ տարիների համեմատ` այն, բնականաբար, նվազել է:
Եթե մեկ հոգին 2016 թվականին մեկ ամսում սպառել է 3.36 կգ կարտոֆիլ, ապա 2017 թվականին այն կազմել է 3.31 կգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-ին մեկ ամսում մեկ անձը միջինը սպառել է 6.24 կգ բանջարեղեն, մինչդեռ 2016-ին այն կազմել է 6.63 կգ: Օրինակ` 2016 թվականին մեկ շնչի հաշվով մեկ ամսում միջինը սպառվել է 1.98 կիլոգրամ միս, իսկ, ահա, 2017-ին թեկուզ չնչին, բայց այն նվազել է` ընդամենը 1.92 կգ:
Իսկ, ահա, կաթ ու մածունը մեկ հոգին մեկ ամսվա ընթացքում 2017 թվականին, 2016-ի համեմատ, նվազեցրել է` սպառելով 1.77 լիտր: Ու, վերջապես, եթե 2014 թվականին մեկ շնչի հաշվով ամսական միջինը սպառվել է 11.31 կգ հաց, ապա 2017 թվականին այն նվազել է` դառնալով 10.59 կգ: Հացի սպառումը նվազել է նաեւ 2016 թվականի համեմատ. այդ ժամանակ այն կազմել է 11.26 կգ: Եւ զարմանալի չէ, քանի որ վիճակագրական կոմիտեն վերջին տարիներին արձանագրում է նաեւ հացի արտադրության ծավալների նվազում: Մասնագետներն այն պայմանավորում են մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ: Բայց, մյուս կողմից, նվազման պատճառ կարող է լինել նաեւ գնողունակության անկումը:
Ինչեւէ, արձանագրենք, որ նվազել է նաեւ շաքարի, բուսական յուղի, պանրի բոլոր տեսակների, մրգի սպառումը: Անգամ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող ձվի սպառումն է նվազել: Եթե 2016 թվականին մարդը մեկ ամսվա ընթացքում սպառել է 10.71 հատ ձու, ապա 2017-ին այն կազմել է 10.55 հատ: Ամսական մեկ շնչի հաշվով 2016 թվականին կարագի սպառումը կազմել է 0.13 կգ, իսկ 2017-ին այն նվազել է`դառնալով 0.12 կգ:
Պաշտոնական վիճակագրությամբ կարող ենք տեսնել, որ, ըստ խոցելի խմբերի, օրինակ, գործազուրկի գլխավորությամբ ընտանիքում մեկ շնչին ամսական կտրվածքով կարտոֆիլի սպառումը ավելացել է. եթե 2016-ին նման ընտանիքներում մեկ շունչը սպառել է 3.08 կգ կարտոֆիլ, ապա 2017-ին` 3.17 կգ: Բայց, միեւնույն է, այն 2015 թվականի համեմատ նվազել է. այդ ժամանակ կարտոֆիլի սպառումը կազմել է 3.24 կգ: Իսկ, ահա, բազմանդամ ընտանիքներում այն 200 գրամով է ավելացել: Նշենք, որ 2015 թվականին բազմանդամ ընտանիքներում ամսական սպառվել է 3.07 կգ կարտոֆիլ, 2016-ին` 2.70 կգ, 2017-ին` 2.90 կգ: Ասել է թե` բազմանդամ ընտանիքները սկսել են տարիների կտրվածքով քիչ քանակությամբ կարտոֆիլ օգտագործել: Ի դեպ, բազմանդամ ընտանիքներում հացի սպառումն էլ է մեկ շնչի հաշվով նվազել. 2015 թվականին ամսական կտրվածքով սպառվել է 10.29 կգ, իսկ 2016 թվականին` 9.97 կգ, 2017-ին` 9.59 կգ:
Իսկ, ահա, գործազուրկի գլխավորությամբ ընտանիքներում սկսել են քիչ օգտագործել կաթն ու մածունը. եթե 2016 թվականին այդ ընտանիքներում մեկ շնչի հաշվով ամսական սպառվել է 1.51 լիտր կաթ ու մածուն, ապա 2017-ին այն կազմել է 1.42 լիտր:
Կենսաթոշակառուները 2017 թվականին ավելացրել են կարտոֆիլի սպառումը,բայց հացի սպառումը, հակառակը, նվազեցրել են: Կենսաթոշակառուներով տնային տնտեսություններում 2017 թվականին մեկ շնչի հաշվով ամսական կտրվածքով հացի սպառումը կազմել է 10.55 կգ, իսկ 2016-ին այն 11.29 կգ էր: Իսկ, ահա, երեք եւ ավելի (0-14տ.) երեխաներ ունեցող ընտանիքներում ավելացել է ե՛ւ բանջարեղենի, ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ մսի ու կաթնամթերքի սպառումը: Մյուս կողմից` նվազել է շաքարի, ձվի, ձկնեղենի, բուսական յուղի սպառումը:
Կհիշեք` աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»: Հիմա պարզվում է՝ կարտոֆիլը ոչ թե աղքատների, այլ հարուստների կերակուրն է: Այդ մասին է վկայում նաեւ կարտոֆիլի բարձր գինը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ԱԶՆԱՎՈՒՐԸ ԻՄ ԿՈՒՌՔՆ Է»
«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին իր եղբոր` Բիբի Նասերիի հետ այս օրերին գտնվում է Հայաստանում: Նրանք ներկա էին փետրվարի 24-ին Հայաստանում կայացած MIX FIGHT 40 մրցաշարին: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել վերջինիս հետ մեծագույն շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, պարզել, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է աշխարհահռչակ դերասանը Ազնավուրի ընտանիքի հետ, ինպես նաեւ տեղեկացել ենք դերասանի սպորտային կողմնորոշումների մասին:
-Գիտեմ, որ մտերիմ եք եղել աշխարհահռչակ հայ Շառլ Ազնավուրի հետ, այդ պատճառով կցանկանամ հարցնել. կմտաբերե՞ք այնպիսի հիշողություն, որը կարող եք ներկայացնել հանրությանը:
-Շատ հիշողություններ ունեմ` կապված Շառլ Ազնավուրի հետ (հուզվում է փոքր-ինչ-Է.Մ.): Երբ մենք փոքր էինք, իմ հայրը մեզ լսել էր տալիս Շառլ Ազնավուրի երգերից: Մենք Ազնավուրի երգերն էինք վայելում նաեւ մեքենայի մեջ, երբ մեկնում էինք հանգստի: Այդ ամենից հետո, երբ ես սկսում էի դերասանական կարիերաս, հանդիպեցի Շառլին: Աննկարագրելի զգացողություններ էին. մենք պետք է նկարահանվեինք նույն ֆիլմում: Ազնավուրը իմ կուռքն է, ինչպես Ռոբերտ Դե Նիրոն եւ Ալ Պաչինոն: Ցավոք, ֆիլմը այդպես էլ չնկարահանվեց: Մեր մտերմությունը խորացավ այն ժամանակ, երբ իմ ընկեր Ժան Ռաշիդը ամուսնացավ Շառլ Ազնավուրի աղջկա` Կատիայի հետ: Իսկ վերջին անգամ, երբ տեսա Ազնավուրին, իր համերգի օրն էր Վերսալում: Մենք գնացինք ռեստորան, որը աշխատում էր 24 ժամ: Ժամը 10-ից մինչեւ 4-ը զրուցեցինք տարբեր թեմաներից, եւ այնքան կարճ թվացին այդ ժամերը, այնքան հուզիչ էին նրա պատմությունները Պիաֆից, Ժակ Բրելից եւ մյուս մեծագույններից: Այդ օրը ամենահիշարժան օրերից մեկն է՝ կապված Ազնավուրի հետ:
-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլյա Ազնավուրի հետ:
-Շատ լավ հարաբերություններ ունեմ նրա որդու հետ, լավ ընկերներ ենք: Մինչեւ հիմա իմ ընկերն է Ժան Ռաշիդը, մտերիմ եմ նաեւ նրա կնոջ (Ազնավուրի աղջկա)` Կատիայի հետ:
Հաճախ հանդիպում ենք Փարիզում, զրուցում եւ ժամանակ անցկացնում:
-Հենց Խառը մենամարտե՞րն է Ձեր սիրած սպորտաձեւը:
-Իհարկե ոչ: Սիրում եմ տարբեր սպորտաձեւեր` բոքս, թենիս, ֆուտբոլ: Ֆուտբոլը ամենից շատ: Այնտեղ էմոցիաներն ուրիշ են, կա կիրք, պայքար: Ֆուտբոլն ուրիշ աշխարհ է:
-Իսկ ո՞ր ֆուտբոլային հանդիպումն է, որ դրոշմվել է Ձեր հիշողության մեջ, եւ այն ամենաէմոցիոնալն եք համարում:
-Կառանձնացնեմ 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Ֆրանսիան ուղղակի սուպեր մակարդակի վրա էր, բայց չեմ կարող չանդրադառնալ նաեւ Զիդանին: Զիզուն լավագույնն է պատմության մեջ, 1998-ի եզրափակչի ժամանակ վիրտուոզը գերֆանտաստիկ խաղաց բրազիլացիների դեմ: Կառանձնացնեմ այդ երկու հանդիպումները, եւ Զիդանին. նա լավագույնն է ինձ համար:
Հ.Գ. Մեզ նաեւ հաջողվել էր Նասերիից իմանալ, որ փետրվարի 24-ի երեկոյան երկրպագելու է Դավիթ Խաչատրյանին (վերջինս WMMAL վարկածով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն):

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս