«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՉԱՐՉՐԿԵԼԸ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում, ոչ միայն կառուցված չէ, այլեւ դրա ճակատագիրն այսօր անորոշ է: 2020 թվականին կնշվի մեծ գրողի 85-րդ հոբելյանը, բայց, ինչպես երեւում է, կառավարության անդամները Մաթեւոսյան մեջբերելուց եւ հոբելյանական օրերին հրապարակավ ընթերցանություն կազմակերպելուց զատ գործնական քայլերի չեն դիմում:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական եզրակացության բացակայության պատճառով կենտրոնի վերնահարկի կառուցման հարցը չի ներառվել 2019 թվականի պետական բյուջեում: Փորձագիտական եզրակացությունը հիմնավորելու էր 3-րդ հարկի կառուցման անհրաժեշտությունը, որի ապացույցը նախագծով տրվել էր: Բյուջեն կազմում է 55 մլն դրամ։ Այսօր կենտրոն-թանգարանի շենքը չունի հստակ կարգավիճակ. պարզ չէ՝ այն հիմնադրամ է, ՀՈԱԿ, թե ՊՈԱԿ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն, Հրանտ Մաթեւոսյանի որդի Դավիթ Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, կառավարության ներկայիս անդամների կողմից հավաստիացումներ ստացե՞լ եք, որ երբեւէ նախատեսված աշխատանքները կմոտենան իրենց ավարտին:
-Պաշտոնապես հավաստիացումներ չեմ ստացել: Ոչ պաշտոնական ձեւաչափով ինչ-որ խոսքեր, մտադրություններ լսել եմ, բայց դա չի կարող հստակ քայլ համարվել: Դե ֆակտո կառավարությունն իր ստանձնածին տեր չի կանգնում, խնդրի լուծման տարբերակներ չի առաջարկում: Այս պարագայում գոնե պետք է վերջակետ դրվեր, ասեին, որ հրաժարվում են կենտրոն-թանգարանի հետ կապված հետագա աշխատանքներից: Այդ դեպքում մեզ համար ամեն բան շատ ավելի հստակ կլիներ: Բայց նույնիսկ մերժման վերաբերյալ պատասխան չունենք. անորոշության մեջ ենք:
-2020 թվականին նշելու ենք Հրանտ Մաթեւոսյանի 85-րդ հոբելյանը: Կառավարության անդամները թերեւս պետք է մտածեն գրողին մեծարել գործնականում՝ ավարտին հասցնելով կենտրոն-թանգարանի կառուցման, ներքին կահավորման, մշակութային համապատասխան միջավայրի ձեւավորման աշխատանքները:
-Մաթեւոսյանի ժառանգությունը մեծ գանձ է, որի տիրապետումը եւ ընկալումը պատվաբեր է պետության եւ հանրության համար, ուստի տարիներ շարունակ շենքի ճակատագիրը չարչրկելը հիմարություն է: Տարբեր կառավարություններ տարբեր հավաստիացումներ էին անում՝ մե՛կ նախագիծն էին անում, ասում էին շուտով շինարարությունը կսկսենք, հետո, երբ սկսում էին, կանխատեսում էին, թե երբ շենքը պատրաստ կլինի: Այն ծավալով աշխատանքները, որոնք ի սկզբանե նախատեսված էին, կարող էին տեւել 2-2,5 տարի, բայց ոչ մի դեպքում նորմալ ծավալներով աշխատանք չտարվեց: Ես համարում եմ, որ սա նաեւ ոչ գիտակից հասարակություն ունենալու հետեւանք է: Չնայած Մաթեւոսյանին արժեւորողների ջանքերին՝ հանրությունը պրակտիկ կերպով ռեալ արժեւորման պատրաստ չէ:
Նշենք, որ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վերնամասում գտնվող կենտրոնը կարող է դառնալ մայրաքաղաքի կարեւոր մշակութային այցեքարտերից մեկը՝ այցելուներին ամբողջությամբ փոխանցելով մաթեւոսյանական միջավայրը: Դավիթ Մաթեւոսյանը պատմում է, որ ի սկզբանե իրենք հրաժարվել են տուն-թանգարանի գաղափարից, փոխարենը մտադիր են ստեղծել մշակութային կենտրոն-թանգարան Մաթեւոսյանի ստեղծած գրական ժառանգությունը այցելուներին հնարավորինս կենդանի ու ժամանակակից աշխարհի զարգացումներին համահունչ ներկայացնելու համար: «Եթե մենք խոսում ենք Մաթեւոսյանի ստեղծած գրական, հասարակական-մշակութային ժառանգության մասին, պետք է մտածենք, թե այդ ժառանգությունը ինչպես անընդհատ վերարծարծելով՝ մատուցենք հանրությանը, հայաստանցիներին, օտարներին, իսկ դրա համար աշխատանք է պետք եւ միջավայր»-ասել է պարոն Մաթեւոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՎԱՐՏԵԼ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը վերջ է տվել այն խոսակցություններին, թե իբր իր գրունտային մրցաշարեր վերադառնալը կապ ունի կարիերան ավարտելու հետ: «Զգում եմ, որ այժմ մարմինս պատրաստ է գրունտային մրցաշարերի: Միայն այդ պատճառով եմ նման որոշում կայացրել: Չեմ պատրաստվում դադար վերցնել, մտադիր եմ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ պահպանել ռիթմս: Իհարկե, ինձ համար հեշտ չէ խաղալ գրունտի վրա, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Ի վերջո, ես մեծացել եմ գրունտային կորտերում եւ այժմ պետք է քիչ-քիչ առաջ շարժվեմ»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Sport360-ը:
Հավելենք՝ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մասնակցելու է Մադրիդի մրցաշարին, որը կայանալու է մայիսի 3-12-ը:

 

 

ՍՊԱՍՈՒՄ Է ՅՈՒՎԵԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը եւ սպասում է զանգի «Յուվենտուսի» սեփականատեր Անյելիից: Մի շարք պարբերականների փոխանցմամբ` Զիզուն պատրաստվում է տեղափոխվել թուրինյան ակումբ արդեն մյուս մրցաշրջանի մեկնարկից:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում շատ են շրջանառվում այն լուրերը, որ թուրինցիները պաշտոնանկ կանեն Մասիմիլիանո Ալեգրիին եւ կհրավիրեն Զիդանին, եթե թիմը չհաղթի Չեմպիոնների Լիգայում:

 

 

ՄԵՍԻՆ ՄԵԶ  ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ
«Ռեալի» բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասին: «Մենք պատրաստ ենք Կլասիկոյին: Մեսին անհավանական խաղացող է: Նա այժմ հիանալի մարզավիճակում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վախենանք նրանից»: Այս մրցաշրջանում 18-ամյա բրազիլացին «Ռեալի» կազմում դարձել է 4 գոլի հեղինակ:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Երեկ Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում սեփական դաշտում ընդունել էր «Սաութհեմպտոնին»: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակած 53 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Հավելենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում դարձել է 5 գոլի հեղինակ եւ կատարել 2 գոլային փոխանցում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Խաչատրյանը Երեւանում կայացած MixFight 40 մրցաշարի ընթացքում նվաճել է Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին՝ 3-ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթելով իտալացի Սիմոնե Բոտինոյին: Չեմպիոնական գոտին Դավիթին է հանձնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ հատուկ հրավերով Հայաստան ժամանակ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին հենց ռինգում շնորհավորել է Խաչատրյանին եւ նշել, որ շատ տպավորված է մարտից, իսկ Դավիթին անվանել ֆանտաստիկ մարզիկ ու իրական չեմպիոն:

 

 

ՂՈՒԼԻՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
MIX Fight 40 մրցաշարում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Ռազմիկ Ղուլինյանը փայլուն մենամարտով նվաճել է WKL վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին՝ առավելության հասնելով Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկի՝ Մանուել Գարսիայի նկատմամբ: Ղուլինյանը մենամարտից հետո նշեց, որ շատ ուրախ է այն նվաճել սեփական հողի վրա` Հայաստանում, մեծ թվով երկրպագուների աջակցությամբ եւ նաեւ նշեց, որ իր մրցակիցը շատ հզոր էր եւ ասաց, որ մենամարտը շատ բարդ էր:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս