ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 680 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ Է ԹՈՂԵԼ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, որը կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի աշխատակիցների հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, Դանիելյանի ձերբակալումը կարո՞ղ ենք համարել թավշյա հեղափոխությունից հետո սկսված համատարած ստուգումների եւ քաղաքականության հետեւանք։
-Այո, իհարկե։ Նոր իշխանությունների եւ հետհեղափոխական նշանակումների, գործունեության արդյունք։ Որովհետեւ մենք հետամուտ ենք, որպեսզի հեղափոխությունը հասցնենք բոլոր համայնքներ, բոլոր մարզեր ու, առհասարակ, պետական եւ համայնքային միջոցների վրա լուրջ վերահսկողություն իրականացնենք։ Իսկ նախկինում բոլոր հանցավոր բացթողումները, յուրացումները պետք է ստանան իրենց արժանի իրավական գնահատականը։ Սա կարող ենք այդ համատեքստում դիտարկել։
-Հայտնի է, որ այլ վայրերում եւս ստուգումներ եղել են եւ առկա են։ Կարո՞ղ է այդ շղթան շարունակական լինել։
-Չեմ բացառում։ Մենք անցյալ տարի՝ իմ պատոնավարման սկզբից ի վեր, 7 համայնքներում պլանային եւ ոչ պլանային վարչական հսկողություններ ենք իրականացրել։ Մի մասում պարզապես փաստաթղթային ոչ էական խախտումներ են արձանագրվել, որոնք որ ընթացակարգերով շտկվել են, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ որ առերեւույթ յուրացումների կամ չարաշահումների փաստեր են ի հայտ եկել, մենք դրանք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, եւ քրգործեր են հարուցվել, ինչպես եւ Հրազդանի նախկին քաղաքապետի դեպքում էր։ Այս պահին էլ Աբովյան քաղաքում վարչական վերահսկողության գործառույթներ ենք իրականացնում։
-Ահազանգի հետքերո՞վ։
-Սա պլանային հսկողություն է եւ այս պահին ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման մարմինը երեք տարին մեկ պետք է վարչական հսկողություն իրականացնի բոլոր այն ոլորտներում, որոնք համայնքի ենթակայության ներքո են։ Եվ Աբովյանինը պլանային են, այսինքն` որեւէ արտառոց բան չկա, եւ դիմում-բողոքների հետքերով չեն։ Իսկ Հրազդանինը կոնկրետ դիմում-բողոքների եւ ահազանգերի հետքերով են, եւ մենք միջնորդել էինք Տարածքային կառավարման նախարարությանը, որ ոչ պլանային ստուգումներ իրականացվեն, որից հետո էլ եղան այդ բացահայտումները։
-Սա, փաստորեն, Կոտայքի մարզում առաջին աղմկոտ ձերբակալությունն էր։
-Այո, կարող ենք ասել։ Նաեւ այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից՝ հանցակազմի բացակայության պատճառով դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է, արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով։
-Եթե բազմաթիվ ահազանգեր են եղել, հնարավո՞ր համարում եք՝ մեղադրանքը լրացվի։
-Իրավական տեսակետից որեւէ մեկնաբանություն կոռեկտ չեմ համարում տալ, քանի որ չկա դատական ակտ, կա անմեղության կանխավարկած, բայց ունենք հանրային հնչեղություն ունեցող ձերբակալություն, եւ մեր իրավապահները, նշանակում է՝ բավարար հիմք են ունեցել նրան ձերբակալելու։
-Ամեն դեպքում, այլ բողոքներ եւս եղե՞լ են իր անձի հետ կապված։
-Առնվազն նրա պաշտոնավարման արդյունքում նա 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին եւ հեռացել։ Այսինքն` այդ պարտքերը տարբեր պատճառներով են եւ լրջագույն ֆինանսական բեռ, որը որ համայնքի նոր ղեկավարությունը մարզային ղեկավարության հետ համատեղ ջանում են շտկել։ Եվ փոխանակ մարզի ու համայնքի զարգացման ծրագրեր ներդնելու, մենք գլուխ ենք ջարդում՝ ինչպես, ինչ միջոցներով խնայողություն անենք, որ նախկին պարտքերը մարենք։
-Իսկ նման աղաղակող փաստեր` այլ համայնքապետերի հետ կապված, առկա՞ են։
-Համայնքներից մեկում կրկին ունենք կարճված գործ։ Խոսքը Քասաղ համայնքի մասին է, որտեղ իրավապահ մարմիններին փոխանցել ենք տվյալներ, սակայն հանցակազմի բացակայություն է եղել, գործ չի հարուցվել: Ունենք քրգործ հարուցված Պտղնի համայնքի ղեկավարի նկատմամբ։ Այնտեղ եւս վարչական վերահսկողություն ենք իրականացրել։ Մի քանի համայնքներում էլ յուրացումների փաստեր ի հայտ չեն եղել եւ ոչ էական խախտումներ են եղել եւ օրենքի սահմաններում շտկվել։ Իսկ մյուս դեպքերում, որ կա հանցակազմ եւ զանցանքներն ավելին են, քան թույլատրելի սահմանը, ապա գործում են իրավապահները։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ

ԱԱԾ-ի կողմից պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության լուրը երեկ հաստատվեց: Ընդ որում, պաշտոնական հաղորդագրություն տարածեց հենց Պետական վերահսկողական ծառայությունը՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է երկու հոգի, այլ ոչ թե չորս, ինչպես նշվում էր երեկ լրատվամիջոցներում:

«Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։ Տեղեկացնենք նաեւ, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին, օրենքով սահմանված կարգով, կտրվի համապատասխան ընթացք»,- պարզաբանել են ՊՎԾ-ից։ Այդ կառույցի խոսնակը նաեւ նշել է. «Ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չենք հաղորդում` նրանց սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը, չխախտելու սկզբունքով պայմանավորված»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը զբաղեցրել է պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնը եւ համակարգել է վերահսկողության ծառայության վարչությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վերջինիցս հետաքրքրվել, թե իր պաշտոնավարման ընթացքում արդյոք եղել են չարաշահումների մասին խոսակցություններ, եւ, ի վերջո, ինքը ինչ գիտի այս միջադեպի մասին:
«Իմ պաշտոնավարման ժամանակ նման խոսակցություններ չեն եղել: Այս պահի դրությամբ լրահոսում այդ մասին տարբեր ինֆորմացիաներ կան: Ես հիմա, ճիշտն ասած, պաշտոնական ինֆորմացիայի եմ սպասում, տեսնենք` ովքեր են, ինչ հարցերով: Դավիթ Ադյանը, օրինակ, հերքեց իր մասին ինֆորմացիան: Պետք է իմանալ` ովքեր են, ինչ գործով են, որպեսզի իմանանք, թե երբվանից է դա սկսվել: Ես վստահ եմ` իրավապահ մարմինները այդ հարցերի պատասխանները կտան: Իսկ ինչ վերաբերում է, թե իմ ժամանակ կարող էր նման խոսակցություններ լինել, ես դա ուղղակի բացառում եմ: Ենթադրում եմ, որ եթե ձերբակալվել են, ապա ինչ-որ քրեորեն պատժելի արարք են իրականացրել: Իմ պաշտոնավարման ժամանակ հնարավոր չէր, որ այն, ինչում հիմա մեղադրվում են աշխատակիցները, լիներ: Ես դա ուղղակի բացառում եմ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
Հետաքրքրվեցինք` այդ ժամանակ ամեն բանից տեղյակ է եղել արդյոք, վերջինս ասաց, որ, ըստ էության, այո, ամեն ինչ իր վերահսկողության տակ է եղել:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԱԿՏԻՎ ԵՐԹ
Երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ մարտի 1-ին կայանալիք երթի հետ կապված է եղել: Ըստ մեր տեղեկությունների` նիստը բավականին ակտիվ է անցել, ներկա պատգամավորներն անկաշկանդ քննարկումներ են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ելույթ է ունեցել «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, ու որը հետագայում պաշտոնանկ էր արվել ժողովրդի դեմ հրաման չկատարելու պատճառով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե քննարկումները կշարունակվեն նաեւ այսօր, որովհետեւ ամեն բան չէ, որ որոշվել է։ Բայց, ըստ էության, բացի խաղաղ երթից որեւէ այլ բան չի ծրագրվել։ Տեղեկացանք նաեւ, որ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է մարտի 1-ի մասով քաղաքական հայտարարություն տարածել։ Ըստ մեր աղբյուրների` խմբակցությունը դիմելու է խորհրդարանական մյուս երկու խմբակցություններին` հորդորելով մասնակցել երթին։ Ու եթե անկեղծ, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, եթե խորհրդարանական երեք խմբակցություններն էլ մասնակցեին այդ երթին. ոչ իշխանական երկու խմբակցություններից միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտարարել, իսկ ԼՀԿ-ն դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը: Արտախորհրդարանական ուժերից էլ միայն ՀԱԿ-ն է կոչ արել ամենաակտիվ կերպով մասնակցել երթին:

 

 

100-ԻՑ ԱՎԵԼԻ ՏՈՒԺՈՂ
Ինչպես հայտնի է, վերջերս ավարտվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը. քրեական գործ, որի շրջանակներոմ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին: Հիմա գործի նյութերը տրամադրվել են կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. այս գործով մոտ 100-ից ավելի զինվորականներ, ներքին զորքերի աշխատակիցներ, սպաներ ճանաչվել են տուժող: Ասել է թե` նախաքննական մարմինը ոչ միայն նախկին իշխանության ներկայացուցիչներին ներգրավել է որպես մեղադրյալ, այլեւ համակարգի նախկին աշխատակիցներին ճանաչել է տուժող:

 

 

ՎԱՃԱՌՈՒՄ Է
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել հայտնի շվեյցարական ընկերության ցուցափեղկերով սեղանները: Խոսքը շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության մասին է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության սեփականատերը շվեյցարահայ գործարար, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ցուցափեղկերով սեղանները` 8 հատ, որոնք օգտագործված են ու մասնատված: Մեկնարկային գինը կազմում է 30 հազար 500 դրամ: Հետաքրքիր է, թե ինչպես են շվեյցարական ընկերության սեղանները հայտնվել ԴԱՀԿ պահեստում:




Լրահոս