2018 թվականի hունիսի 13-ին ՀՀՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտվել են լուրջ չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:
Միաժամանակ, դատախազի համաձայնությամբ` ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի վերաբերյալ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել: ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:
Օրինակ` զորամասերից մեկում պետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատկացրել է համապատասխան շինարարական տեխնիկան զինանոցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել է 9 քառակուսի մետր, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում: Ասել է թե` 1 քառակուսի մետրի համար նախատեսված քարի, շինանյութի համար հատկացված գումարը ՊՆ համապատասխան պաշտոնատար անձինք մեջ-մեջ են արել: Եվ, ահա, այս ամենը Աշոտ Գրիգորյանը զեկուցել է իր վերադասներին:
Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում: Նա Սերժ Սարգսյանին ներկայացրել է իրավիճակը` հայտնելով, որ ինքն անձամբ բացահայտել է խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:
Մեր այս հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատից որոշ մանրամասներ պատմեցին: Ըստ այդմ, Սարգսյանը աղմկահարույց գործի մասին տեղեկացել է Պաշտպանության նախարարությունում: Նա պաշտոնական այց է կատարել ՊՆ, որտեղ նրան տեղյակ են պահել խնդրի մասին: Նրա մտերիմ շրջապատից մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ, Աշոտ Գրիգորյանը իբր նրան ասել է, թե նա այդ կեղծ գործընթացների հետ կապ չունի եւ մանրակրկիտ ներկայացրել է իրավիճակը: Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանի ներկայությամբ լսելով Աշոտ Գրիգորյանին, ասել է, որ իրավապահները զբաղվում են այդ գործով, քննություն է ընթանում: «Դու գնա, քնությունը ցույց կտա, թե ինչ է կատարվել, եւ ովքեր են այդ ամենի համար պատասխանատու»,- նշել է նա: Ասել է թե` Սերժ Սարգսյանի մտերիմները վստահեցնում են, որ այս մասին Սերժ Սարգսյանը տեղեկացվել է ՊՆ-ում իր այցի ժամանակ, եւ տեղի ունեցած աղմկահարույց չարաշահման մասով զրույցին ներկա է եղել նաեւ Վիգեն Սարգսյանը: Այսինքն` հետո Պնախարարի պաշտոնը ստանձնած անձը եւս տեղյակ է եղել այս գործընթացի շուրջ դեռես 2017 թվականին ծավալված իրադարձություններին: Ի դեպ, դեռեւս 2018 հունիսին բացահայտված այս քրեական գործով ՊԵԿ-ում 8 ամիս է` քննություն է ընթանում, եւ մինչ օրս` ձայն բարբառոյ յանապատի. չկա որեւէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏԵՐԻՄԸ
ՀՀ ազգային անվտանգությունը Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտել: Մասնավորապես, Գյումրու շախմատի դպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հասմիկ Խալիկյանը Գյումրու Շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկար տարիներ, եւ սա շնորհիվ այն բանի, որ իր եղբայրը՝ Հովիկ Խալիկյանը, Սերժ Սարգսյանի ընկերն է, նաեւ շախմատային ֆեդերացիայի խորհրդի անդամ: Ավելին, Հասմիկ Խալիկյանի ապօրինությունների մասին ֆեդերացիայում տարիներ շարունակ խոսվել է, բարձրաձայնվել, սակայն երբեւէ ընթացք չի տրվել, որովհետեւ նա եղբոր շնորհիվ վայելել է նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Ու, փաստորեն, Հայաստանում պետք էր իշխանափոխություն, որպեսզի բացահայտվեին նաեւ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող անձանց ապօրինությունները:
ՆԱԽԿԻՆՆԵՐԸ
Երեկ Ազատության հրապարակում «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով ակցիա էր կազմակերպվել: Թեեւ որպես դրա հիմնական կազմակերպիչ ներկայանում էր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, սակայն Ազատության հրապարակում կարելի էր տեսնել նախկին իշխանության ներկայացուցիչների: Օրինակ` ելույթ ունեցավ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը, այնտեղ էին ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը եւ Ռուստամ Գասպարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ներկաների թվում կային կարկառուն ՀՀԿ-ականներ եւ ՀՅԴ-ականներ՝ Սամվել Նիկոյան, Գագիկ Մինասյան, Դավիթ Շահնազարյան, Հրանտ Մարգարյան եւ այլք: Եվ չնայած այս երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հեռու էին պահում հիմնական հավաքից` գերադասելով շրջել Ազատության հրապարակի մատույցներում, ներկաները ակտիվորեն շեշտում էին, թե հենց ՀՅԴ-ի հրավերով են շատերը եկել: Մինչ այդ նկատենք, որ երեկվա մի քանի տասնյակ հոգանոց հավաքը հիշեցնում էր հողմաղացների դեմ պայքար. գործող իշխանությունից որեւէ մեկը մինչեւ հիմա չի հայտարարել հող տալու մասին, անգամ ԼՂ խնդրում փոխզիջումների հարցը չկա կառավարության օրակարգում: Ու այս առումով «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով երեկվա հայտարարությունները, մեղմ ասած, զավեշտալի էին. հետաքրքիր է՝ որ աներեւույթ հող հանձնողի դեմ էին նրանք պայքարում: Մեկ փաստ էլ. ժամանակին հենց Սերժ Սարգսյանն էր հայտարարել Ադրբեջանին յոթ տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին, հենց նրա օրոք Ադրբեջանը կարողացավ 800 հեկտար հող գրավել: Եւ այն ժամանակ ո՛չ ՀՅԴ-ականները, ո՛չ էլ ՀՀԿ-ականները ծպտուն անգամ չէին հանում, ընդհակառակը, միասին իշխող կոալիցիա էին կազմել ու պաշտոնավարում էին:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու փոխանցմամբ` մինչեւ մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը: Դեսպանը հայտնել է, որ հայկական կողմը ԵՄ-ին ներկայացրել է փաստաթուղթն անցյալ տարվա վերջին եւ այն մինչեւ այժմ վերլուծության է ենթարկվել համապատասխան ծառայությունների կողմից: Սվիտալսկին այն գնահատել է որպես համապարփակ եւ տպավորիչ փաստաթուղթ, որը պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ: «ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ այս ճանապարհային քարտեզի իրագործման գործընթացի համար, եւ բարեկամական մթնոլորտում քննարկում ենք աջակցության տարբեր ձեւաչափերը: Քննարկում ենք այս պահին բարձր մակարդակի խորհրդատուների ներգրավման հարցը ԵՄ տարբեր անդամ պետություններից, ինչը կօգնի ՀՀ-ին աջակցել, այսպես կոչված, տարբեր ոլորտային խնդիրների կարգավորման գործում համաձայնագրի շրջանակում»,-հայտնել է Սվիտալսկին:
ԿՄԵԿՆԻ ԻՐԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն. նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Կառավարության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
ԲՈԼՈՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ
Իշխանության գալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) շարքերն համալրելու ցանկություն է հայտնել ինը հազար քաղաքացի, բայց կուսակցությունում չեն շտապում դիմումները հաստատել: Ըստ կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի` դիմումատուների նպատակն այլ է: «Մտածում են, որ դա ինչ-որ առավելություններ է տալու իրենց պետական աշխատանքի անցնելու կամ, առհասարակ, ինչ-որ արտոնություններ են ունենալու: Նման բան չի կարող լինել, եւ մինչեւ հիմա մենք չենք հաստատել այդ դիմումները: Շատ հեշտ էր ընդամենը վարչության նիստի ժամանակ բոլոր դիմումները հաստատել եւ տեղեկացնել այդ մարդկանց», – «Ազատություն» ռ/կ-ին ասել է Նազարյանը` հավելելով,- ««Քաղաքացիական պայմանագիրը» չի գնալու Հանրապետականի ճանապարհով: Մենք չենք ուզում մեր կազմում ներառել մարդկանց, որոնք պարզապես սովոր են լինել օրվա կուսակցության կազմում»:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԱՏԱՎՈՐ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սյուզաննա Ուլիխանյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: