ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

-Պարո՛ն Իգիթյան, կարեւոր փիլիսոփայական մեկնակետ է Փաշինյանի «..եւ այդ մեկ մարդը դու ես» թեզը, բայց չի հասկացվում՝ այն իրավակարգավորումների կոնտեքստում, որոնք որոշակի տրամաբանությամբ մարդկանց մասնակցային կառավարման հնարավորություն չեն տվել, ինչպե՞ս է քաղաքացին իրեն գործառութային զգալու:
-Նախ` պետք է հասկանալ, որ խնդիրը ոչ թե հիմնականում օրենսդրական դաշտում է գտնվում, այլ օրենսդրական դաշտի ռեալիզացման խնդրի մեջ: Իհարկե, մենք անհրաժեշտություն ունենք որոշ փոփոխություններ անելու, բայց դրանք էական չեն: Ինչի՞ց պիտի սկսենք այն, ինչ կոչվում է տնտեսական հեղափոխություն: Տնտեսական հեղափոխությունը սկսում է մեր աշխարհահայացքի եւ մենթալիտետի փոփոխությունից, դա սկսում է ցանկացած քաղաքացուց, այդ թվում եւ՝ Ազգային ժողովի պատգամավորից, կառավարության անդամներից, հարկային դաշտից եւ այլն: Ոչ մի տեղ նշված չէր, որ ընտրությունների ժամանակ թեկնածուն պետք է գա, առնի ձայնը, կեղծի ընտրությունները եւ այլն, բայց դա արվում էր: Այս դաշտում խնդիրը պետք է նայել ոչ թե օրենսդրական իրավակարգավորման դաշտում, այլ մարդու մենթալիտետում: Եւ ընդամենը մի քանի ամսում այս մենթալիտետը ջարդվեց: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ նույնիսկ այն օրենքները, որտեղ որ գրված չէր, հիմա կոնկրետ ընտրությունների մասին ենք խոսում, որ դրանք պետք է բարեփոխվեն, որպեսզի հնարավորինս քիչ բան կախված լինի քաղաքական կամքից եւ ժողովրդի կամ մասնակիցների բարի տրամադրվածությունից: Եթե մենք փորձենք մի նախադասությամբ ասենք այն պայմանը, ինչը պիտի անենք, որ անցնենք տնտեսական հեղափոխության, դրա հիմքում դրված է ժողովրդի վստահությունը իշխանություններին: Իհարկե, առաջինը իշխանության մեջ գտնվող մարդիկ պետք է անեն որոշ քայլեր. համաձայն եմ՝ օրենքի մեջ պիտի լինի թափանցիկություն, հաշվետվություն եւ այլն:
-Տեղեկություն կա այն մասին, որ բարձրացել է ոստիկանների աշխատավարձը, մյուս կողմից՝ ուսուցիչները, որոնք, ենթադրվում է` ակնկալվող արժեքային վերափոխությունը սերմանողներն են, իրենց խնդիրների վրա ուշադրություն գրավելու համար այլ տարբերակ չեն գտնում, քան փողոց դուրս գալը: Կառավարության ռազմավարությանը հակասող ակնարկ չէ՞ սա:
-Ես ոստիկանության հետ կապված չունեմ տեղեկություններ՝ ինչքանով է բարձրացել եւ այլն: Ես կտրականապես դեմ եմ, որ մենք փորձենք տարբեր խավեր իրար հակադրել: Մենք պիտի մտածենք՝ ինչ պետք է անենք, որ թե՛ ուսուցիչները, թե՛ ցանկացած մարդ ստանա այն աշխատավարձը, որը թույլ կտա իրականացնել Սահմանադրության մեջ նշված արժանապատիվ կյանքի իրավունքը: Ես ուզում եմ՝ մենք 3 մասի բաժանենք մեր ապագա քայլերը. 1-ին՝ բոլորը` հատկապես իշխանությունը, պետք է իրենց տեղում այնպես աշխատեն, որ ժողովուրդը վստահություն ունենա: 2-րդը՝ մենք պետք է, ներսի կոռուպցիոն սխեմաները բացահայտելով, եկամուտային մասը ավելացնենք, որ այն մինիմալը, որը խոստացել ենք, ավելացնենք: 3-րդն այն է, որ այդ տնտեսական հեղափոխության արդյունքում ստեղծված մթնոլորտը այնքան տնտեսական աշխուժություն բերի Հայաստան, որ մենք արդեն ոչ թե տոկոսներից խոսենք, այլ տասնյակ տոկոսներից:
-Կառավարության ծրագրում չկա անցումային արդարադատություն ձեւակերպումը, սակայն ԱԺ նախագահը նշեց, որ կլինեն քրեական գործեր, կարձանագրվեն խախտողների անունները, եւ ներում պիտի շնորհվի հանրության կողմից: Այս կոնտեքստում չի խոսվում մարդկանց խախտված իրավունքների վերականգնման մասին: Գուցե վտանգավոր, անգամ անհնար է գնալ սեփականության վերաբաշխման պրոցեսով, բայց ինչի՞ մասին է լինելու անցումային արդարադատությունը, երբ չի նախատեսվում խախտված իրավունքների վերականգնում:
-Ես ոչ թե հարցին պիտի պատասխանեմ, այլ անհամաձայնություն հայտնեմ այնտեղ նշված դրույթներին: Հարցը ես ավելի կարճ ձեւակերպեմ եւ ինքս պատասխանեմ. ինչպե՞ս եմ վերաբերվում անցումային արդարադատության էլեմենտներին, արդյոք դա Հայաստանում հնարավո՞ր է եւ արվելո՞ւ է:
Անցումային արդարադատությունը մի համակարգ է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք, փորձ, նախադեպ եւ իրավական բազա: Ի՞նչ կարող ենք մենք անել այս պայմաններում՝ չիրականացնելով ամբողջ այդ համակարգային անհրաժեշտ փոփոխությունները: Առաջինը՝ բոլոր այսօրվա պաշտոնյաները, այս պահից սկսած, պարտավորություն կվերցնեն իրենց վրա, որ նրանք պատրաստ են տալ լիազորագիր ցանկացած իրենց սեփականությունը կամ ֆինանսական եկամուտները ստուգելու համար: Երկրորդը՝ Հայաստանը վավերացրել է կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածը, որտեղ անմեղության կանխավարկածը գործում է այս ձեւով, որ պետությունը, իշխանությունը, դատական համակարգը ինքը պետք է ապացուցի, որ մարդու մոտ գտնված գումարը ոչ օրինական է: Սակայն պետական պաշտոնյայի հանդեպ կիրառվում է այս հոդվածը այն ձեւով, որ մարդը ինքը պետք է ապացուցի իր ոչ հիմնավոր հարստությունը: Մենք արդեն ունենք նախադեպ այս հոդվածով՝ Վաչագան Ղազարյանի դեպքը, որտեղ ինքը պիտի ապացուցի մի քանի միլիոնների օրինական լինելը: Այն մարդիկ, որոնք տուժել են այդ պաշտոնյաներից՝ բիզնես են խլել, նեղացրել են, դա լրիվ այլ գործ է եւ կապված չէ անհիմն հարստանալու հետ: Դա քրեական գործով նախատեսված մի գործառույթ է. այդ մարդկանց գործերը նայում են առանձին, դա այլ խնդիր է:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

 

ԽՈՇՈՐ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԸ

Հայաստանում գործող ավիաընկերությունների մի մասը ավելացրել է հարկային վճարումները, իսկ մի մասն էլ, հակառակը, նվազեցրել է:

Օրինակ, ռուսական «Աէրոֆլոտ-Ռուսաստանի ավիաուղիներ» ընկերությունը 2018 թվականի ընթացքում, 2017-ի համեմատ, ավելացրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ռուսական այս ընկերությունը պետական բյուջե անցած տարվա ընթացքում վճարել է 2 մլրդ 659 մլն 46 հազար դրամ հարկ ու տուրք: Իսկ 2017 թվականին ընկերության հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 583 մլն 677 հազար դրամ: Մյուս ավիաընկերությունը` «Ալյանս»-ը եւս զգալի ավելացրել է հարկային վճարումները: Պարզվում է` «Ալյանս»-ը պետական բյուջե 2018 թվականին վճարել է 977 մլն դրամ հարկ ու տուրք, իսկ 2017-ին` 553 մլն 168 հազար դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել նաեւ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը` վճարած 777 մլն դրամ հարկերով: Այս ընկերությունը 2017 թվականին վճարել է 716 մլն 194 հազար դրամ հարկ ու տուրք:
Իսկ, ահա, «Սիբիր» ավիաընկերությունը, հակառակը, բավականին նվազեցրել է հարկային վճարումները: Օրինակ` 2018 թվականին այս ընկերությունը պետական բյուջե կատարել է 777 մլն դրամի հարկ ու տուրք, իսկ 2017 թվականին`1 մլրդ 80 մլն դրամ հարկ ու տուրք: Նույն պատկերն է նաեւ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության դեպքում. այս ընկերությունը 2018 թվականին պետական բյուջե վճարել է 351 մլն դրամ հարկ, իսկ 2017-ին այն կազմել է 361 մլն 491 հազար դրամ: Խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել նաեւ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը 2018 թվականին պետական բյուջե կատարել է 416 մլն 794 հազար դրամի հարկային վճարումներ: Իսկ, ահա, 2017 թվականին ընկերության վճարած հարկերը կազմել են 394 մլն 156 հազար դրամ:
Չմոռանանք նշել, որ ռուսական ավիաընկերությունները գերիշխում են Հայաստանի երկնքում եւ, ըստ էության, իրենց բարձր սակագներով «թալանում» մարդկանց նախկին իշխանությունների ժառանգություն թողած «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում: Ստացվում է, որ ռուսական մի քանի ընկերություններ մոնոպոլիզացրել են ՀՀ ավիափոխադրումների ռուսաստանյան ուղղությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՈՂԱՆՔԸ ԿԱՐՈՂ Է ԶՈՀԵՐԻ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը քանդման վտանգի տակ է: Ակտիվացած սողանքի պատճառով հողի զանգվածն աստիճանաբար ավելի է ճնշում ճանապարհը: Այդ հատվածում 4 տեղ ասֆալտի ծածկը ձեւախեղված է: Ընթացիկ ձմեռը սակավաձյուն է, եւ, հավանաբար, դա էր պատճառը, որ ճանապարհի այդ հատվածը դեռ դիմանում է: Մի քանի օրից` գարնանը, երբ հորդ անձրեւներ կտեղան, ճանապարհի այդ հատվածը ավելի վտանգավոր կդառնա: Նման սողանք կա նաեւ նույն ավտոճանապարհի` սահմանամերձ Այգեհովիտ գյուղի տարածքում: 2011թ. հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում քաղաքի տարածքում` միջպետական ավտոճանապարհին, հողի սողանք եղավ, որին զոհ գնաց 5 անձ: Սողանքից 2 օր առաջ` սեպտեմբերի 30-ին, այդ գոտում հողի փոքր փլուզում էր եղել, մամուլն անդրադարձել էր այդ փաստին: Ու պետք է արձանագրենք` եթե այդ ժամանակ համապատասխան հակասողանքային կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեին, սողանքի գոտում գտնվող միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակվեր, հնարավոր կլիներ խուսափել 5 զոհերից:

 

 

 

ԾԵԾԵԼ Է ԾԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒՀՈՒՆ
2019թ. փետրվարի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Ռուբեն Թամրազյանի դատավարության առաջին նիստը: Ռ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 23-ին` ժամը 09.15-ի սահմաններում, Այրում քաղաքի Թումանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով վիճել է իր հարեւանուհու` 1935թ. ծնված կնոջ հետ: Եւ Թամրազյանը վիճաբանության ընթացքում ծեծել է հարեւանուհուն` պատճառելով առողջության միջին ծանրության մարմնական վնասվածք: Տարեց տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է մարտի 6-ին: Տեղեկություններ կան, որ ծեր հարեւանները հաշտության եզրեր են որոնում. Ռուբեն Թամրազյանը պատճառված վնասը հատուցելու դեպքում կարող է իր հարեւանուհու հետ հաշտության հասնել, եւ գործը չի հասնի դատավճռի արձակմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս