ՋՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԱՇՎԱԾ ՍԱՐՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ջրի, հողի եւ գազային միացությունների չափագրումը իրականացնում է 2006 թվականին համալրված սարքավորումներով: Տեսչական մարմնի ունեցած մյուս սարքավորումները տեխնիկապես մաշված են. մի հանգամանք, որը կասկածի տակ է դնում նրանց իրականացրած գործողությունների արդյունավետւթյունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն է անցկացրել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ եւ խեղաթյուրումներ:
Օրինակ, պարզվել է, որ տեսուչները ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պետք է ամենօրյա համազգեստ կրեն, բայց նրանք փաստորեն չեն կրում համազգեստ: Չնայած այդ հանգամանքին` տեսչական մարմինը ձեռք է բերել հատուկ համազգեստներ՝ պետական բյուջեից վճարելով մեծ գումարներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ անցած տարվա սեպտեմբերի 30-ը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի համար կատարված միայն գնումները կազմել է 42 մլն 353 հազար դրամ, որից միայն 9 մլն 597 հազար դրամը ծախսվել է հանդերձանքի ձեռքբերման համար: Օրինակ, 2017 թվականի մայիսի 12-ին «Պահապան» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որով 1 մլն 559 հազար դրամի 240 զույգ կոշիկ է գնվել: Իսկ, ահա, 2017 թվականի հուլիսի 26-ին «Դերձակ» ընկերության հետ կնքվել է 2 մլն 608 հազար դրամի պայմանագիր, որով գնվել է 120 հատ ձմեռային գլխարկ, 60 հատ ձմեռային կիսավերարկու, 60 հատ երկարաթեւ վերնաշապիկ, 60 հատ կարճաթեւ վերնաշապիկ: Նույն տարվա հուլիսի 26-ին «Էլամոդա» ընկերության հետ կնքվել է 5 մլն 429 հազար դրամի պայմանագիր, որով կատարվել է 60 հատ ամառային համազգեստի, 60 հատ ձմեռային համազգեստի, 60 հատ ամառային դաշտային համազգեստի գնում: Բայց տեսուչները պարզաբանել են, որ իրենք չափսերի անհամապատասխանության եւ որակազրկված լինելու պատճառով համազգեստ չեն կրում: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամառային համազգեստը գնվել է բրդյա կտորից, իսկ ձմեռայինը` բամբակյա, թեեւ պետք է լիներ հակառակը: Արդյունքում տեսչական մարմնի կողմից 2017-2018 թվականներին կատարվել է 9 մլն 597 հազար դրամի անարդյունավետ ծախս:
Մյուս կողմից` նկատենք, որ տեսչական մարմնի կողմից 10-օրյա ժամկետում պալատին չի ներկայացվել առարկություններ եւ բացատրություններ` հաշվեքննության արձանագրությունում անհամապատասխանությունների, խեղաթյուրումների վերաբերյալ: Իսկ համազգեստի մասով Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումը որեւէ հիմնավոր պարզաբանումներ չի պարունակել: Ըստ պալատի` դրանք կրել են հիմնականում բացատրական բնույթ եւ հաշվեքննության խմբի կողմից չեն ընդունվել:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տեսչական մարմնի կողմից առգրավված արագ փչացող կենսառեսուրսները պետք է հանձնվեին միայն երեք կարգի հաստատություն` մանկատուն, ծերանոց եւ թանգարան, այնինչ եղել են դեպքեր, երբ դրանք հանձնվել են մանկապարտեզներ, տուն-ինտերնատներ, հիվանդանոցներ, ընդ որում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Նշենք, որ վայրի կենդանիները տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից պետք է ազատ արձակվեն բնական միջավայր տվյալ մարզպետարանի բնապահպանական բաժնի մասնակցությամբ, ինչը պետք է արձանագրվի, իսկ ազատ արձակման պահը տեսագրվի: Բայց պարզվել են դեպքեր, երբ բացակայում է ե՛ւ արձանագրությունը, ե՛ւ տեսագրությունը:
Ինչպես հայտնի է, տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժինը իրականացնում է լաբորատոր հետազոտություն` կատարելով ջրի, հողի գազային միացությունների նմուշառում: Բայց արի ու տես, որ լաբորատորիան անալիտիկ հետազոտությունները եւ գազային միացությունների չափագրումը իրականացնում է 2006 թվականի նոյեմբերին համալրված շարժական էլոկոգիական սարքավորումներով, որոնց մի մասը թերկոմպլեկտավորված է եւ հնարավոր չէ շահագործել, իսկ մյուս սարքավորումները տեխնիկապես մաշված են: Բացի այս, կան սարքեր եւ սարքավորումներ, որոնք ստուգաչափված են, բայց չեն աշխատում, կան նաեւ լաբորատորիայում գրանցված, սակայն չստուգաչափված սարքեր: 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ անցած տարվա սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների բաժնի աշխատակիցների կողմից լաբորատոր հետազոտությունները իրականացվել են հիմնականում այն սարքավորումներով, որոնք պալատի այցելության ժամանակ սարքին չեն եղել: Ասել է թե` թերկոմպլեկտավորված եւ չստուգաչափված սարքերն ու սարքավորումները կասկածի տակ են դնում հետազոտությունների արդյունքների արժանահավատությունը: Սա, ինքներդ եք հասկանում, խիստ մտահոգիչ երեւույթ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս