ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հերթական անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպման ֆորմատով խորհրդարան էին հրավիրել գործադիր իշխանության ներկայացուցչին: «Զոհն» այս անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էր, ում կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո վերապահվելու է առավել մեծ կառույցի` Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ղեկավարումը:

Նախ տեղեկացնենք, որ նախարարի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը տեւեց 2 ժամ: Սակայն, ի տարբերություն մյուս հանդիպումների, երեկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը բացականերն ավելի շատ էին: Իհարկե, դա էլ իր օբյեկտիվ պատճառներն ուներ, քանի որ իշխող խմբակցության պատգամավորներից 6-ը` Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ՌԴ-ում են, իսկ Մխիթար Հայրապետյանն էլ, որը հենց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահն է, «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ, գտնվում է ԱՄՆ-ում:
Սակայն «ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ բացի գործուղման մեջ գտնվող պատգամավորներից կային նաեւ այլ օրենսդիրներ, ովքեր չմասնակցեցին նիստին: Նույնիսկ նկատեցինք, որ բացականերից շատերը ԱԺ շենքում էին, բայց կա՛մ չմասնակցեցին հանդիպմանը, կա՛մ էլ մի քանի րոպեով մտան, դուրս եկան:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ տեղեկություններ իմանալ: Մեզ պատմեցին, որ հանդիպումը բավականին ակտիվ է անցել, իսկ քննարկված հարցերն էլ բազմազան են եղել` սկսած դպրոցներում, բուհերում տիրող իրավիճակից, կրթության որակից մինչեւ կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու դրանից բխող հնարավոր մտահոգությունները: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ բուհերում տիրող իրավիճակի մասին քննարկումները կիսատ են մնացել, եւ որոշում է կայացվել եւս մեկ հանդիպում կազմակերպել, քանի որ նախարարը երեկ շտապելիս է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հետաքրքրվել են, թե երբ են դպրոցները վերանորոգվելու, երբ է ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու, երբ է ներառական կրթությունը լիարժեք ներդրվելու Հայաստանում:
Արմավիրի մարզի պատգամավորներից մեկը հարցրել է իրենց մարզի դպրոցների վերանորոգման մասին, հասարակական կազմակերպություններից պատգամավոր դարձած որոշ պատգամավորներ էլ բարձրացրել են կրթության որակի հարցը:
Հետաքրքիր է, որ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ բարձրացրել են ԵՊՀ-ում տիրող իրավիճակի հարցը հատկապես բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ կատարվող իրադարձությունների համատեքստում: Ընդ որում, պատգամավորներից ոչ բոլորն են համաձայն եղել, որ պաշտոնյաներին, այդ թվում` Արամ Սիմոնյանին, պետք է հեռացնել միայն նրա համար, որ նա հին է, եւ անպայման նոր մարդ պիտի գա: Այս հարցով պատգամավորների հիմնական մտահոգությունը եղել է հենց այն, որ այս հարցերին քաղաքական երանգներ են տրվում: Սակայն կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նրանց հավաստիացումներ է տվել, թե ամեն ինչ արդար է լինելու, եւ Արամ Սիմոնյանի անձը ոչ մի նշանակություն չունի, այլապես ինքն անձամբ հրաժարական կտա: Այս մոտեցումը նախարարը նաեւ կրկնեց լրագրողների հետ զրույցում. «Այն օրը, երբ կապացուցվի, որ որեւէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի վրա, այդ օրը ես հրաժարական կտամ», – նշեց Արայիկ Հարությունյանը:
Բազմաթիվ հարցեր են հնչել նաեւ կառավարության կառուցվածքի եւ այն ավելացվող գործառույթների շուրջ, որոնք լինելու են միավորումից հետո: Օրինակ` այս առնչությամբ նիստում իր մտահոգությունն է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը: Եվ երեկվա նիստում նա ավելի շատ ոչ թե հարցադրում է արել, այլ իր դիտարկումներն ու մտահոգությունները հնչեցնել, որոնցից մի քանիսը նախարարի համար նաեւ ընդունելի են եղել: «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ հարց է ուղղել ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հնարավորության մասին եւ փոխանցել բազմաթիվ ուսուցիչների դժգոհությունները: Մենք տեղեկացանք, որ այս հարցում Արայիկ Հարությունյանը հուսադրող պատասխան է տվել եւ ասել, որ այս առումով քննարկումներ կան, թե ինչ միջոցներով կարող են հասնել աշխատավարձերի բարձրացման:
Հարց ուղղողները բազմաթիվ են եղել, այդ թվում` Համազասպ Դանիելյանը, Գոռ Գեւորգյանը եւ այլք: Օրինակ` վերջինիս համար խնդրահարույց է բուհերում վճարային եւ անվճար համակարգերի սկզբունքները: Եվ չնայած հանդիպումը բավական ակտիվ է եղել, եւ խնդրահարույց հարցերն էլ` շատ, սակայն պատգամավորներն, ընդհանուր առմամբ, գոհ են մնացել հանդիպումից:
Որոշ պատգամավորներ մեզ պատմեցին, որ նկատելի է եղել Արայիկ Հարությունյանի զգուշավորությունը հարցերին պատասխանելիս: Ըստ ամենայնի, նա խմբակցության հետ հանդիպումից առաջ զգուշացվել է, որ հնարավոր է` արտահոսք լինի հանդիպումից, եւ մամուլը մանրամասներ գրի:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ «Իմ քայլը» խմբակցության հետ համատեղ նիստում նախնական որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել մարտի 19-ին:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷՐ
Նախօրեին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, դադարեցվել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները, եւ որոշում է կայացվել նրա մանդատը փոխանցել Դավիթ Զախարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սուրեն Գալստյանն ավագանու անդամությունից հրաժարվել է աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Բանն այն է, որ վերջինս աշխատանքի բերումով լինում է քաղաքից եւ երկրից դուրս եւ գրեթե մշտապես բացակայում է ավագանու նիստերից: Իշխող խմբակցության ավագանու անդամները վստահեցնում են, թե այլ լուրջ պատճառներ չկան: Սակայն հետաքրքիր է, որ վերջին շրջանում ավագանիների անդամների հրաժարականները մշտական են դարձել:

 

 

 

ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի նախկին պետ Ներսես Միսակյանը, որ ՀՀ գլխավոր դատախազության դեմ դատական հայց էր ներկայացրել, պարտվել է դատական վեճում: Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 6-ին նա մասնակցել էր գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անցկացված ատեստավորմանը: Ատեստավորման ընթացքում հանկարծակի ինքնազգացողությունը վատացել է եւ հանձնաժողովին հայտնել է այդ մասին` նշելով, թե շաքարային հիվանդություն ունի: Միսակյանը խնդրել է դադարեցնել ու հետաձգել ատեստավորումը: Ատեստավորման արդյունքում հանձնաժողովը որոշել է, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` գլխավոր դատախազին միջնորդելով պաշտոնից ազատելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյան չէր հաշտվել այս իրականության հետ եւ հայց էր ներկայացրել` ընդդեմ դատախազության` պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում, սակայն դատարանը մերժել է Միսակյանի հայցը: Այս գործը նախագահողը եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:

 

 

ՎՆԱՍՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 1.2 տոկոս նվազում: Խոսքը անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների մասին է` 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Ասել է թե` բարենպաստ ձմեռն իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա:

 

 

ԽԻՍՏ ՌԵԺԻՄ
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի` առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Դատարանի դահլիճում ընթերցվել է Ղազարյանի դատավճիռը, հայ գերին պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ Կ. Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում էր երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում: Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չգիտի, թե ինչու է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը ԱԺ բերելն ուշանում: Նա նշել է, որ աշխատակազմի հետ հարցը կքննարկի, եւ չի բացառել, որ խնդիրը կարող է զուտ տեխնիկական լինել: Ինչ վերաբերում է իր ոլորտի փոփոխություններին, նախարարը նշել է. «Այդ երեք նախարարությունները, որոնք պետք է միավորվեն, ըստ էության, որոշակի գործողություններ անում եմ, նկատի ունեմ` ծանոթանում եմ ոլորտներին, խնդիրներին»: Ըստ նրա` ներկա պահին կրճատում չի լինի: Նախարարն անդրադարձել է նաեւ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին: Ա. Հարությունյանը, պատասխանելով ՊՈԱԿ-ների փակման մասին հարցին, որի հետեւանքով նաեւ Համազգային թատրոնն է կանգնում խնդիրների առաջ, նշել է. «Մշակույթի նախարարության ղեկավարության հետ խոսել եմ, ինձ ներկայացրել են, որ դա աշխատանքային սեւագիր փաստաթուղթ է»:

 

 

ՈՉ ՄԻ ԶԻՋՈՒՄ
Քննչական մարմնի ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում եւ ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ` անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, քրեական գործերի քննության ընթացքի, ինչպես նաեւ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով. այս մասին ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաեւ գարնանը սպասվող քննիչների ատեստավորումը: Ոչ մի զիջում չի լինելու այն անձի նկատմամբ, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չեն»: Հ. Գրիգորյանն անդրադարձել է նաեւ քաղաքացիների ընդունելություններին` նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:




Լրահոս