ՄՍԻ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս խուսափել վատորակ, հին եւ հատկապես հիվանդ կենդանու միս գնելու խնդրից: Չէ՞ որ սովորական սպառողը դժվար կկողմնորոշվի` առաջարկված միսը առողջ է, թե ոչ, կամ այն տավարի միս է, խոզի, թե ձիու:

Օրեր առաջ խորհրդարանում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անդրադառնալով մսի շուկային, սկանդալային հայտարարություն արեց. «Քանի երկրում չկա կենդանիների համարակալում, հիվանդությունների վերահսկողության մասին խոսելն անլուրջ է: Վերահսկողություն հնարավոր չէ իրականացնել. արյուն վերցնելու ժամանակ, եթե անասնատերն իմացավ, որ իր անասունը բրուցելոզով հիվանդ է, անմիջապես այդ անասունը հայտնվում է այլ մարզում ինչ-որ գյուղում, արագ` մի գիշերվա մեջ, վաճառվում է: Համարակալումը, սպանդանոցային մորթը մեր գործառույթը չէ, մենք դա պարզապես պետք է վերահսկենք: Իսկ եթե մենք այսօր վերահսկենք կառավարության որոշումով, ուժի մեջ է մտել, որեւէ մեկդ միս չեք ուտելու: Մենք մտնելու ենք բոլոր մսի վաճառակետեր ու այդ ամբողջ միսը առգրավենք ու ունենանք ոչ մի բան: Դրա համար Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ժամանակին համարակալեր կենդանիներին, սպանդանոցների հարցը լուծեր, որ մենք կարողանայինք այսօր վերահսկել եւ չէինք խոսի բրուցելոզի տարածման մասին»,- հայտարարել է Ավետիսյանը:
Այս հայտարարության հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը եղավ «Գումի» շուկայի մսի վաճառակետերում: Ի դեպ, մեր այս փոքրիկ շրջայցը իրականացվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի մասնագետների հետ: Նրանցից Արմեն Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց` նշելով, որ անհատը կենդանական ծագման միսը բերում է վաճառակետ` ուղեկցող անասնաբուժական 2-րդ ձեւով: Ապա սպասարկող անասնաբույժը, որը պետք է փորձաքննություն իրականացնի, փաստաթղթային զննում է կատարում, որից հետո նմուշառում է անում: Այսինքն` մինչեւ նա փորձաքննություն չանի, համապատասխան եզրակացություն չտա, միսը վաճառքի ենթակա չի կարող համարվել: Նկատենք, որ ուղեկցող անասնաբուժական 2-րդ ձեւի մեջ նշվում է անասնատիրոջ անունը, որտեղից է միսը եւ ինչ մեքենայով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ եթե ուղեկցող փաստաթուղթը բացակայում է, ապա միսը ենթակա չէ փորձաքննության: Այսինքն` այդ դեպքում անասնաբուժասանիտարական փորձաքննություն չի իրականացվում: «Եթե մենք դա արձանագրենք, ապա այդ մսից պարտադիր պետք է կատարենք նմուշառում, եւ ավելի խորը փորձաքննության է ենթարկվում: Եթե չլինի ուղեկցող փաստաթուղթը, ապա մենք չենք կարող իմանալ` կենդանին մինչեւ սպանդը նախասպանդային զննման ենթարկվել է, թե ոչ. միգուցե նա հոգեվարքի մեջ է եղել: Դրա համար հիմնվում ենք արդեն համայնքային անասնաբույժի կողմից տրված 2-րդ ձեւի վրա», – նկատեց Գալստյանը:
Մասնագետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս պահի դրությամբ բրուցելյոզով հիվանդ կենդանի իրացման ցանց չի մտնում: Ապա բացատրեց, որ համայնքային անասնաբույժը տարին երկու անգամ պետպատվերի շրջանակում դիագնոստիկ հետազոտություն է կատարում բրուցելյոզի նկատմամբ: Իսկ երբ արձանագրվում է բրուցելյոզով հիվանդ կենդանի, ապա այն ենթարկվում է հարկադիր մորթի: Շրջայցի ընթացքում «Աշոտ Ղեւոնդյան» Ա/Ձ-ի ղեկավար Աշոտ Ղեւոնդյանը ներկայացրեց, որ մանրէաբանական հետազոտություն է կատարվում: Բայց մինչ այդ ապրանքի արտաքին տեսքը պետք է համապատասխանի նորմերին, քանի որ կողմնորոշվելու համար շատ կարեւոր է մսի արտաքին տեսքը: ՍԱՏՄ մասնագետ Արմեն Գալստյանի խոսքերով` մսի վաճառակետերը ներկա պահին պետք է ապահովված լինեն տաք եւ սառը ջրերով, ախտահանիչ նյութերով, բացի այդ պետք է հեշտ լվացվեն հատակը, պատերը, սանհանգույցը:
Մյուս կարեւոր խնդիրը կապված է սանիտարական գրքույկների հետ, որոնք, պարզվեց` մեր շրջայցի ժամանակ ոչ բոլոր վաճառողներն ունեին իրենց մոտ: Բանն այն է, որ մսի վաճառողները տարին երկու անգամ պետք է պարտադիր բուժզննում անցնեն, որի արդյունքները պետք է նշվեն իրենց սանիտարական գրքույկում: Ի դեպ, տեսչական մարմնի տեսուչի ստուգաթերթով նախատեսված կետ կա, ըստ որի` սանիտարական գրքույկը պարտադիր պահանջ է: Եւ եթե այն վաճառողի մոտ բացակայում է, ու պարզվում է, որ նա չունի, ապա իր գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է, նա աշխատանքից ժամանակավորապես ազատվում է մինչեւ բուժզննում անցնելը: Օրինակ` մեր այցելության պահին պարզվեց, որ մսի վաճառող Սոս Իսրայելյանը բուժզննման պարբերականությունը խախտել էր եւ հերթական զննումը չէր անցել: Տեսչական մարմնի աշխատողները նրան ժամանակ տվեցին, որպեսզի բուժզննում անցնի:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերը ներկա գտնվեց նաեւ մսի փորձաքննության աշխատանքներին: Միկրոսկոպիստ Տաթեւիկ Բաբայանը մեր ներկայությամբ փորձաքննություն իրականացրեց. «Իմերսիոն համակարգով մեծ խոշորացման տակ կատարում ենք հետազոտություն, որտեղ եթե լինում է որեւէ ինֆեկցիոն պրոցես, ապա այդ դեպքում տվյալ ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը երեւում է մանրադիտակի տակ: Եթե կա որեւէ կասկած, ապա այդ դեպքում կատարում ենք արդեն ավելի խորը հետազոտություն: Այս դեպքում ոչ մի հարուցիչ չկա»:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Նոր տրանսֆերներ. նոր սպասելիքներ
Շատ շուտով կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Այս մեծ դադարի ընթացքում հայկական թիմերը ունեցան մի շարք ձեռքբերումներ, որոնք կարծես հույսի շող են նշմարում հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։
Բարձրագույն խմբում արդեն կայացած տրանսֆերները, հայկական թիմերի ձեռքբերումները.
Հայկ Իշխանյան` 29 տարեկան, կենտրոնական պաշտպան, «Գանձասարից»` «Լոռի Վանաձոր»
Միխայիլ Կալուգին` 24 տարեկան, ձախ եզրային պաշտպան, բելառուսական «Իսլոչից»` «Արարատ»
Վլադիմիր Բաբայան` 21 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, պորտուգալական «Ալկանենսեից»` «Լոռի»
Ալեքսանդր Օսիպով` 18 տարեկան, ձախ եզրային հարձակվող, մոլդովական «Շերիֆից»` «Լոռի»
Սարգիս Շահինյան` 23 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան, «Ալաշկերտից»` «Արարատ»
Հոսին Լագուն` 23 տարեկան, դարպասապահ, շվեդական «Էսկլիստունայից»` «Արարատ»
Դենիս Տալալայ` 27 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, ռուսական «Խիմկիից»` «Փյունիկ»
Արտյոմ Գեւվորգյան` 25 տարեկան, կենտրոնական հարձակվող, ռուսական «Չայկայից»` «Շիրակ Գյումրի»
Ֆատյոն Յուսուֆի` 23 տարեկան, ձախ եզրային հարձակվող, ալբանական «Պարտիզանից»` «Շիրակ Գյումրի»
Ալեքսանդր Պրուդնիկով` 30 տարեկան, կենտրոնական հարձակվող, ռուսական «Սպարտակից»` «Ալաշկերտ»
Ալեքսանդր Գլիսիչ` 26 տարեկան, կենտրոնական հարձակվող, բոսնիական «Ռանդիկից»` «Բանանց»
Իլյա Դամասկան` 23 տարեկան, ձախ եզրային հարձակվող, մոլդովական «Զիմբրուից»` «Բանանց»
Դարկո Ենոկ` 18 տարեկան, կենտրոնական հարձակվող, Գանայի «Գոլդենից»` «Լոռի»
Ուսման Մուհամեդ` 24 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան, նորվեգական «Սարպսբորգից»` «Փյունիկ»
Աբուբակար Գասսամա` 24 տարեկան, կենտրոնական պաշտպան, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Արարատ»
Աշոտ Այվազյան` 20 տարեկան, դարպասապահ, «Էրեբունիից»` «Արցախ»
Եվգենի Կոբզար` 26 տարեկան, աջ եզրային հարձակվող, ռուսական «Սպարտակից»` «Բանանց»
Մալիսոն Լիմա` 24 տարեկան, աջ եզրային կիսապաշտպան, ռումինական «Վիտորուլից»` «Արարատ-Արմենիա»
Պետրոս Ավետիսյան` 23 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, «Փյունիկից»` «Արարատ-Արմենիա»։
Մի շարք տրանսֆերներ, բազմաթիվ անուններ, որոնց մեծամասնությունը ոչինչ կարող են չասել երկրպագուներին, սակայն այս տրանսֆերները կարող են նոր թափ հաղորդել հայկական ֆուտբոլին եւ այն քիչ-քիչ հասցնել գոնե միջին մակարդակի։
Արդեն մարտի 2-ից «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղով կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։
Այս պահին առաջնության առաջատարը «Ալաշկերտն» է` վաստակած 33 միավորով, եւ երկրորդ տեղում ընթացող «Բանանցից» առաջ է պոկվել 4 միավորով։

Էդմոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս