Զգայուն հարցեր` անդամ երկրների տնտեսությունների համար. արդյունքներ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, եւ այս տարվա հունվարից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Մինչ այդ նիստը նաեւ առանձին հանդիպում էր եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Վերջին շրջանում՝ թավշյա հեղափոխությունից հետո, հաճախ էին նշում այն մասին, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, հատկապես, այն առումով, որ ռուսական կողմին դուր չի գալիս Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ կապված նախկին պաշտոնյաների եւ, հատկապես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ։

Ավելին, ՌԴ իշխանությունները ոչ մեկ անգամ իրենց հայ գործընկերներին ասել են այդ մասին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս տեղի ունեցած Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպման միակ թեման եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, եւ եւս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ երկրորդ նախագահի հանդեպ տեղի ունեցող դեպքերը դուր չեն գալիս ռուսական կողմին։

Այս եւ այլ հարցերի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Եվ չնայած նա որպես դեսպան խուսափեց գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, սակայն անդրադարձավ ՀՀ-ՌԴ հարաբերություններին եւ Մեդվեդեւի այցին։

-Պարո՛ն Կոպիրկին, ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից հետո։

-Ես կարծում եմ՝ նիստը իրավմամբ հաջող էր։ Ինչպես միշտ, բավականին շատ եւ լայն հարցեր են քննարկվել, որոնք շատ կարեւոր են անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։ Կային նաեւ քննարկումներ, թե ինչպես պետք է հարցերը կարգավորվեն, ընդունվեցին որոշումներ, ստորագրվեցին փաստաթղթեր։ Եվ, ընդհանուր առմամբ, իսկապես հաջող էր։

-Նիստի ժամանակ եւս շեշտվեց, որ այս կառույցն արդեն հինգ տարեկան է։ Այս տարիների արդյունքն ակնհա՞յտ է։ Պոտենցիալ արդյոք օգտագործվո՞ւմ է։

-Իհարկե, արդեն օգտագործվում է այժմ, եւ այդ փաստն ապացուցվում է այն հանգամանքով, որ առեւտրի ծավալներն անդամ երկրների միջեւ էականորեն աճել է միության գործունեության շրջանում։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությանը թե՛ ներկրման, թե՛ արտահանման առումով։

Բնականաբար, կան հարցեր, որոնք դեռ լուծումներ են պահանջում, հարցերը պարզ եւ հեշտ չեն, քանի որ շատ զգայուն են անդամ երկրների տնտեսությունների համար։ Բայց այդ հարցերը կարգավորվում են, իսկ արդյունքներն էլ ակնհայտ են, եւ տվյալներն էլ վկայությունն են։

-Այսինքն` իսկապես կարո՞ղ ենք ասել, որ իշխանության փոփոխությունը վատ առումով չի անդրադարձել այդ միության կամ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։

-Դուք գիտեք, այստեղ կարելի է հղում անել եւ հենվել ռուսական ղեկավարության հայտարարությունների մասին առ այն, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները եղել եւ մնում են եղբայրական, ռազմավարական, գործընկերային, եւ այդ առումով ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ նույնն է մնացել։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում եւ ակտիվ աշխատանքներ է տանում. այդ մասին նշեց նաեւ ՀՀ վարչապետը Մոսկվայում, որն իր հերթին խոսում է նաեւ ԵԱՏՄ-ի պոտենցիալն օգտագործելու պատրաստակամության մասին։

-Ի՞նչ եք կարծում, Դմիտրի Մեդվեդեւը դրական տպավորությա՞մբ հեռացավ Հայաստանից։ Դուք զրուցե՞լ եք նրա հետ։

-Գիտեք, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա գոհ է։ Իհարկե, ես չգիտեմ երկկողմ հանդիպման մանրամասնությունների մասին, սակայն, իմ տպավորությամբ, այն դրական, կառուցողական հանդիպում եւ զրույց է եղել։

– Սակայն ասում են, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների հետ հարաբերությունները դրական չեն, եւ, հատկապես, ռուսական կողմին դուր չեն գալիս, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Դուք ի՞նչ կարող եք ասել. իսկապե՞ս այս հանգամանքը դուր չի գալիս ռուսական կողմին։

-Դուք գիտեք, ես չեմ ցանկանում որպես դեսպան մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր եւ պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել եւ ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա ամեն ինչ կարգին է։

-Այսինքն՝ ռուսական կողմից Ձեզ որեւէ բան չի՞ ասվել երկրորդ նախագահի շուրջ տարվող գործընթացների մասին։

-Ես չունեմ ոչ մի ցուցում Մոսկվայից ներկայացնել որեւէ դժգոհություն իրենց կողմից։ Ես սա Ձեզ ասում եմ՝ որպես դեսպան։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս