
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի քարտուղարուհուն` Քրիստին Բադալյանին, ՀՔԾ-ում հարցաքննել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արտուշ Գաբրիելյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ իրեն չեն կանչել: Ինչպես հայտնի է, 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին:
Փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:
Ավելին, Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր. «Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե, իբր, ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել` հանցագործության մասին, Հատուկ քննչական ծառայություն: Եվ, ահա, վերջինիս քարտուղարուհուն հարցաքննության են հրավիրել եւ հարցաքննել են այս գործի շրջանակներում»: