Երեկ ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` Լոռու մարզի աշխատակիցները:
Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների` ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն եւ նույն հանձնաժողովի անդամները, քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի ապրիլը տասնյակ անձանցից պահանջել եւ ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար` յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ` որպես խոշոր չափերով կաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեղադրյալներից մեկը Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մնացականյանն է, որը այդ պաշտոնը զբաղեցրել է ժամանակավոր: Այս գործով անցնում է եւս երկու հոգի՝ երկու կին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մարզպետունի Մնացականյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքը նման բան արել է եւ զղջում է իր արածի համար: Ասել է թե` նա խոստովանել է իր մեղքը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրություն իրականացրեց եւ պարզեց, որ հեղափոխությունից հետո իրավապահները ՀՀ ԲՍՓ գործակալությունների ապօրինի գործարքների մասով շուրջ 15 դեպք են բացահայտել: Սակայն այս ամենի մեջ մեկ մտահոգիչ հանգամանք կա: Ըստ էության, հեղափոխությունից հետո ԲՍՓ աշխատակիցների համար դաս չի եղել մինչեւ հիմա իրականացված բացահայտումները, նախկինների դեմ քրեական գործերը: Բացի այդ, այս դեպքում եւս դատարանի առաջ են կանգնում մանր ձկները:
Ու հետաքրքիր է` ինչու իրավապահները չեն փորձում պարզել, թե արդյոք ԲՍՓ ղեկավարները ունեն արդյոք տանիք, որն է տանիքը, կամ արդյոք նրանց հրահանգել են գործարքի գնալ քաղաքացիների հետ, վերցրած գումարները միայնակ են տնօրինել արդյոք, թե «փայ հանել» վերեւներին:
Քնար Մանուկյան