2018թ. դեկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կարեն Կիրակոսյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում` 2018թ. սեպտեմբերի 30-ին Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում ազգությամբ թուրք մի քաղաքացուց ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխել է, իսկ մնացած մասը` 3.945 գրամը, փաթեթավորել է պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ թաքցրել իր կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող արկղիկի մեջ եւ ուղեւորվել Հայաստան: 2018թ. հոկտեմբերի 4-ին նա հասել է ՀՀ պետական սահման, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով թմրամիջոցը տեղափոխել է Հայաստան, որը նույն օրը մաքսային զննմամբ հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Նախկինում չդատված Կ. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեսկուրանտների մաքսանենգությունը, որը կատարվել է չգալի չափերով») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ(հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը կամ առաքելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Կ. Կիրակոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածներով եւ նրան դատապարտել 3 տարի, 2 ամիս, 27 օր ժամկետով ազատազրկման` գույքի բռնագրավմամբ, կիրառել «Համաներում հայտարարելու մասին» 2018թ. նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը եւ նրան դատապարտել 3 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման` գույքի բռնագրավմամբ, ու ազատել նշանակված պատժից` ազատազրկումից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ