ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատավարական և նյութական խախտումների հիմքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Մենք սպառված ենք համարում արդարադատությունը ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու ենք ՄԻԵԴ: Որոշում ենք կայացրել, որ առաջին դատական ակտը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, չենք սպառելու ներպետական ատյաններում, քանի որ դատավարական և նյութական խախտումները չափազանց աղաղակող էին»,- ասաց պաշտպանը:
Գրիգորյանի պաշտպանները բազմաթիվ հիվանդությունների մասով 2019 թվականի մարտի 12-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն ընդունել էր դիմումը և Մանվել Գրիգորյանին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ նա մինչ օրս գտնվում է: