Անվադողերի հերթական խմբաքանակն ուղարկվել է մարտական դիրքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի նահատակ, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանի նախաձեռնությամբ դեպի մարտական դիրքեր անվադողերի հերթական խմբաքանակը Հայաստանից ուղարկվել է Արցախ:

Անվադողերի հերթական խմբաքանակը ուղարկվել է մարտական դիրքեր

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ժորա Աբգարյանն ասել է, որ անվադողեր հավաքելու գաղափարը ծագել է դեռևս 2017 թ.-ի սեպտեմբերին, երբ հերթական անգամ զորամաս այցելելիս զինվորների հետ զրույցում բարձրացվեց անվադողերի հարցը:

«Այդ ժամանակ մեզ մոտ ցանկություն առաջացավ սկսել կամավոր սկզբունքով անվադողեր հավաքել և տրամադրել Պաշտպանության բանակին: Մեզ միացան նաև եղբորս` Տիգրանի ընկերները, իսկ հետագայում` նաև այլ քաղաքացիներ: Արդյունքում հավաքվեցին տասնյակ բեռնատար մեքենաներով անվադողեր: Իրականում ես չէի էլ պատկերացնում, որ նախաձեռնությունը ծրագիր կդառնա, ու չգիտեի, որ այսքան հզոր թիմ ձեռք կբերեմ, բայց այն, որ անշահախնդիր անում ենք ու զգում արդյունքը, դա ավելի է ուժ տալիս և մոտիվացնում մեզ»,- նշել է Ժ. Աբգարյանը:

Նրա խոսքով` տեղափոխման հարցերում օգնում է Պաշտպանության նախարարությունը և պաշտոնատար անձինք, իսկ անվադողերի հավաքման գործընթացն իրականացնում են երիտասարդներով:

«Մեզ համար հիմնական նպատակ է դարձել բոլոր մեր դիրքերի ամրապնդումը, որպեսզի զինվորների ծնողներն էլ ուժ ստանան: Գործընթացը առաջիկայում ևս շարունակվելու է ու փորձելու ենք ավելի շատ մարդկանց ընդգրկել ծրագրում: Անվադողերի հավաքումը իրականացվում է Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում»,- ավելացրել է Ժ. Աբգարյանը:




Լրահոս