«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնց մեջ կան նաեւ նախագծեր, որոնք երկրորդ ընթերցմամբ են քննարկվելու։ Դրանց թվին է պատկանում նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ, եւ դրա համար երկու ժամ է սահմանվելու։ Հետաքրքիր է, որ իշխանություններն այդպես էլ չգնացին որեւէ փոխզիջման ու նախագծում բան չեն փոխել:
Հետաքրքիր է նաեւ, որ օրակարգում հարցեր ներառվելուց զատ մեկ հարց նաեւ հանվել է։ Մասնավորապես, նախագծից հանվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթը եւ այն առաջարկվել է քննարկել հաջորդ հերթական նիստերի ընթացքում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ այս քառօրյա նիստերի օրակարգ չի ընդգրկվի ՄԻՊ տարեկան զեկույցը, որը, սակայն, քննարկվել էր գլխադասային հանձնաժողովում։ Մենք տեղեկացանք, որ հետաձգման պատճառն այն է, որ այս քառօրյայում ընդգրկված դատախազության հաղորդումը եւ երկու այդպիսի մեծ հաշվետվությունները կարող էին երկար ժամանակ խլել։ Հավելենք նաեւ, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային է, եւ այդ պատճառով մեկ օր քիչ ժամանակ է առկա նախագծերը քննարկելու համար, եւ չորեքշաբթիից հետո նիստերը կշարունակվեն ուրբաթ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում