ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրեր միջոցով ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման լիազորություն, պետական աջակցության ծրագրի շրջանակներում կատարել է յուրացումներ՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 2.879.700 ՀՀ դրամ վնաս:
Նշված ծրագրերի շրջանակներում կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմել, վավերացրել և շրջանառության մեջ է դրել կեղծ պաշտոնեական փաստաթղթեր։
Մասնավորապես` համայնքի ղեկավարը` ծնված 1959թ., իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից Արմավիրի մարզպետարանի միջոցով ստացել է Հայթաղ համայնքին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Համայնքի հողօգտագործողների համար նախատեսված սերմացուն հափշտակելու դիտավորությամբ՝ համայնքի ղեկավարը կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում սերմացու ստացած անձանց կեղծ ցուցակ, այն ներկայացրել Արմավիրի մարզպետարան և յուրացրել չցուցակագրված և սերմացու չգնած անձանց անվամբ ձևակերպված սերմացուն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայթաղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: