«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:
-Պարո՛ն Ալեքսանյան, հիմա ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Աշխատանքային քննարկումներ շա՞տ են լինում:
-Ես, անկեղծ ասած, ՀՀԿ-ի հետ շատ կապեր հիմա չունեմ: Նկատում եմ, որ անհրաժեշտ ակտիվությունը, որը պիտի լինի, չկա: Կուսակցության անդամների հետ շփում չկա: Սա կարող է մի քանի բանով պայմանավորված լինել:
Պայմանավորված է ընդհանուր շարքային անդամների պասիվությամբ. ոչ բոլորն են, ՀՀԿ-ում ընդհանուր քաղաքականություն չկա, ասելիք չկա: Ես չեմ կարծում, որ միայն իշխանություններին քննդատելը ճիշտ է:
Պետք է ծրագիր ունենալ, պետք է ներկուսակցական կյանքի խնդիրները լուծել, նոր զբաղվել ընդհանուր քաղաքական կյանքով: ՀՀԿ-ն պետք է իր ներսում ծրագրերը, անելիքները հստակեցնի, պիտի համաձայնեցնի շարքային անդամների հետ: Չկա դա, դրա համար էլ շարքային անդամներն էլ չգիտեն՝ ինչ է կատարվում:
-Դուք առաջակներ չե՞ք ներկայացնում:
-Իհարկե ներկայացնում եմ, բայց կոնկրետ իմ ասելիքը, անելիքը չի համընկնում: Չկա կուսակցության հստակ կարծիք, քաղաքականություն: Ես խորհրդի անդամ եմ, եւ, օրինակ, խորհրդի նիստեր չեն արվում, այդ նիստերում հարցեր չեն քննարկվում: Ընկերական քննարկումները եւ նման բաները կուսակցական հարցեր չեն: Այդ ներկուսակցական կայքը չկա: Եթե մեկը կուսակցության անունից խոսում է, դա շատ քիչ է:
Հանրապետականը իր ինքնուրույնությունից զրկվեց, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ադմինիստրատիվ աշխատողները՝ մարզպետները, գյուղապետները, ՀՀԿ էին դարձել, եւ բնական է, որ այդ ժամանակ իրենք ավելի շատ կանեին իրենց ադմինիստրատիվ ղեկավարի ասածը, քան կուսակցության ղեկավարի: Այստեղ արդեն կուսակցությունը կախվածություն ունեցավ: Շատ է եղել, որ կուսակցությունը ներսում ուրիշ քաղաքականություն է վարել, իսկ մարզպետները, գյուղապետերը ուրիշ հրահագներ են ստացել: Այդ ժամանակ կուսակցության ներսում սկսվեցին հակասություններ:
ՀՀԿ-ում Անդրանիկ Մարգարյանի ժամանակ չկար կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որտեղ տարակարծություններ չլինեին: Դա վերացավ, որը ամենամեծ սխալն էր: Մարզպետներից, գյուղապետներից դժգոհում էին, եւ դա անդրադառնում էր կուսակցության վրա: Իրենք էլ, բնականաբար, կուսակցության անունից էին խոսում: Անդամներ կային, որ երկու ամիս մտնում էին կուսակցության մեջ, անդամավճարները մուծում էին, հետո կուսակցության անունից հանդես էին գալիս որպես հանրապետականներ, ցուցակներում էին լինում, պաշտոններ զբաղեցնում, որոնք կուսակցության հետ ուղղակի կապ չունեին: Դուռը բաց էր բոլորի համար:
Ով ինչ-որ նպատակներ ուներ, գալիս էր, կուսակցության լծակներից օգտվում էր: Կուսակցությունը այդպես դարձավ 250 հազարանոց, բայց նայենք փաստը: Քննդատում են մեզ եւ ճիշտ են անում, որովհետեւ այդքան անդամ ունեինք, բայց նայեք` ինչքան ձայն տարանք վերջին ընտրություններում:
-Վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է: Այս մասին ասում են նաեւ կուսակցության դեմքերը: Ի՞նչ ազդեցություն կունենա երրորդ նախագահի խոսքը այս փուլում:
-Դա կլինի Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը, իմ կարծիքն այն է, որ կուսակցության ղեկավարը միշտ պետք է խոսի: Մի օր խոսել, մի օր չխոսել, այդպես չի լինի: Չգիտեմ, գուցե Սերժ Սարգսյանը իրոք ինչ-որ ժամանակի է սպասում: Իմ խորին համոզմամբ՝ կուսակցության ղեկավարը կուսակցության անունից միշտ պետք է խոսի, եթե իրոք խոսելու բան ունի, ոչ թե խոսնակը խոսի կամ մյուսները: Ղեկավարը կուսակցության գլխին կանգնած մարդն է եւ միշտ պետք է խոսի: Այդ խոսելն էլ հենց էնպես չպիտի լինի: Պիտի հարցերը ներսում քննարկվեն, գան ընդհանուր որոշման եւ խոսեն: Ամեն մեկը իր կարծիքը չպիտի ասի: Ես հիմա իմ կարծիքն եմ ասում: Ես սխալ եմ անում: Բայց ես այդպես եմ անում, որովհետեւ չկա ընդհանուր ձեւավորված կարծիք:
-Մեկ տարի է անցել հեղափոխությունից, դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք:
-Այն, որ ինչ-որ բան է փոխվել կոռուպցիայի դեմ պայքարում, ալան-թալանչիների մոտ վախ կա, այդ առումով ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին եւ այս կառավարությանը, որովհետեւ ես դրա ջատագովն եմ:
Իսկ փոխվելու համար, եթե սա իրոք հեղափոխություն է, ուրեմն ժամանակը շատ կարճ է լրիվ արմատական փոփոխություններ կատարելու համար, իսկ եթե սա հեղաշրջում է, ուրեմն դեռեւս փոփոխություններ չկան: Իսկ այն, որ սկսած ոստիկանությունից, պետական աշխատողներից` կա փոփոխություն, մթնոլորտի փոփոխություն, դա հաստատ: Դա կարող է դեպի դրական ճանապարհ տանել, բայց կարող է եւ հակառակը լինել:
Առայժմ դժվար է ասել, որ դրական շատ փոփոխություններ կան, բայց միանշանակ է, որ մթնոլորտը փոխվել է. դա զսպել չի կարելի, ինչքան էլ մենք ուզենանք:
Ես անձամբ ուզում եմ, որ այդ փոփոխությունները լինեն: ՀՀԿ-ի հետ ես հենց սրա համար համաձայն չեմ, որ չպիտի անընդհատ վատը տեսնել: Ե՛ւ պիտի լավը ասվի, ե՛ւ վատը:
Զրուցեց Լուսինե Մինասյանը