Ոչ միայն բնակչությունն է պակասում, այլև ծնվածները․ պատկերը մտահոգիչ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մշտական բնակչության թվի նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965 հազար 300 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972 հազար 700 հազար էր: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում բնակչության թվաքանակը, տարեսկզբի համեմատ, 2 հազար 400-ով պակասել է:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից բնակիչների թվաքանակը պակասել է: Փոխարենը Երեւանի բնակչության թվաքանակն է ավելացել 4200-ով: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ նախկին իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Այս ուղղությամբ նոր իշխանությունները եւս դեռ ոչինչ չեն ձեռնարկում:

Ասել է թե` այս երեւույթը շարունակվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվար 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 1900-ով: Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 1900 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է:

Ըստ որոշ մասնագետների` պատճառն Ալավերդու պղնձաձուլական գործարանի եւ Թեղուտի հանքավայրի փակումն է, ինչի հետեւանքով մոտ 2000 բնակիչ գործազուրկ մնաց: Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

Մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 8 հազար 536, 2018-ի նույն ժամանակահատվածում` 8 հազար 297, իսկ 2019-ին` 8 հազար 42: Այսինքն` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 255-ով պակասել է:

Ավելացել է նաեւ մահացածների թիվը. այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը աճել է 245-ով: Մյուս կարեւոր, բայց լավ նորությունն այն է, որ ամուսնությունների թիվն է ավելացել, իսկ ամուսնալուծություններինը պակասել են: Ու, վերջապես, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի աճ է արձանագրվել, այսինքն՝ ներգաղթի միտումներ կան: ՀՀ-ից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունը 2526 մարդ է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս