Կինը սեքսուալ է, երբ խելացի է, ներդաշնակ ու լավատես. Իննա Խոջամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Իննա Խոջամիրյանն է: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Իննան խոստովանել է, որ թեեւ արտաքուստ զվարթ, թռի-վռի է երեւում, ունի պաշտպանողական ուժեղ ռեակցիա եւ կարող է հարաբերություններում պատեր դնել:

-Իննա՛, ի՞նչ եք ցանկանում վերցնել կյանքից:

-Եթե փիլիսոփայորեն մոտենանք հարցին, կուզեի, ի վերջո, ըմբռնել դրա իմաստը:

-Ո՞րն է Ձեր բնավորության ոչ ստանդարտ կողմը:

-Կտրուկ փոփոխական լինելը թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ:

-Ավելի շատ ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:

-Ամենաադեկվատը նա է, ով ներկայով է ապրում:

-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ արագաշա՞րժ, ալարկո՞տ, թե՞ սեւ հումորի սիրահար:

-Երեքն էլ իմ մասին է: Պարադոքս է, բայց թե՛ ալարկոտ եմ, թե՛ արագաշարժ:

-Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչու…

-Թե ինչու են մարդիկ նախանձում եւ բամբասում:

-Ձեզ հնարավոր չէ տեսնել փաբերո՞ւմ, ռոք համերգների ժամանա՞կ, թե՞ կենդանաբանական այգում:

-Հավանաբար, ռոք համերգների ժամանակ, չնայած, օրինակ, «System of a Down»-ի համերգին ո՞վ չի գնա (ծիծաղում է):

-Համբերությունից դուրս եք գալիս, երբ…

-Երբ համբերությանս բաժակը լցնում են…Բայց հատկապես վերջին երկու տարվա ընթացքում ավելի համբերատար եմ դարձել:

-Նախընտրում եք, որ ամեն ինչ լինի միանգամի՞ց, թե՞ որ Դուք նախապես տրամադրվեք սպասվող իրադարձություններին:

-Ես արդյունքի մարդ եմ, սիրում եմ միանգամից արդյունք տեսնել, բայց, միեւնույն ժամանակ, շատ երկար տրամադրվում եմ կարեւոր իրադարձություններին:

-Տխրում եք, երբ…

-Կնոջը տխրելու համար առիթ պետք չէ. նա ամեն պատեհ-անպատեհ առիթից կարող է տխրել:

-Մանկության տարիներին ո՞ւմ պաստառն է փակցված եղել Ձեր սենյակի պատին:

-Ինձ միշտ զարմացրել են այդ մարդիկ, որոնք կուռքեր ունեն: Իմ դեպքում նման բան չի եղել: Բայց հիշում եմ, որ գրքերիցս մեկի էջերում պահում էի «Փախուստ բանտից» սերիալից հայտնի դերասան Ուենթուորթ Միլերի նկարը:

-Այս երեքից ո՞ւմ եք դժվարությամբ հասկանում՝ կենդանի վարժեցնողի՞ն, գեղեցկության մրցույթի մասնակցի՞ն, թե՞ ժայռից ցատկողին, որը էքստրիմի սիրահար է:

-Գեղեցկության մրցույթների մասնակիցներին, իսկապես, չեմ հասկանում, հատկապես եթե հաշվի առնենք վերջին տարիների հայկական մրցույթների մասնակիցների ցածր ինտելեկտը:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ էր կապված:

-Ցանկացած շրջան իր դժվարությունը, իր ճգնաժամն ունի,բայց երեւի թե բոլորի մոտ էլ ամենադժվարը դեռահասության շրջանն է:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Խելացի է, խաղաղ, ներդաշնակ, լավատես:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Նվիրվող եմ մինչեւ վերջին բջիջս, միասեր եմ, հավատարիմ:

-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…

-Ժամանակը գնում է, եւ մենք մեծանում ենք օր-օրի, իսկ դա անդառնալի է:

-Մարդկանց հետ շփումներում ո՞ր դեպքում եք պատ դնում:

-Ասեմ, որ պաշտպանողական ուժեղ մեխանիզմ ունեմ, որն արտաքուստ չի երեւում: Բոլորի պատկերացմամբ՝ ես ուրախ եմ, թռի-վռի, բայց դա միայն արտաքուստ: Իրականում դա հենց այն պատն է, որ դնում եմ հարաբերություններում, իսկ կհանեմ դա թե ոչ, կախված է դիմացինից:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Մարդկային որոշ հատկանիշների եւ երեւույթների առջեւ աչքերս բացվել են:

-Ո՞վ է Ձեր սիրելի արձակագիրը:

-Դոստոեւսկին: Նա բոլոր ժամանակների գրողն է ինձ համար:

-Ո՞վ է Ձեր նախընտրելի ռեժիսորը:

-Տարանտինոն, Լարս ֆոն Թրիերը:

-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել հայրիկից, եւ ինչ հատկություններ՝ մայրիկից:

-Հայրիկիս նման ժուժկալ եմ, զուսպ, մայրիկիս նման էլ՝ ակտիվ: Նրանք հակապատկերներ են եւ այդպիսով լրացնում են միմյանց:

-Ձեր ո՞ր հատկության համար եք տուժում:

-Ներողամտության, արտահայտվել չկարողանալու: Շատ երկար ժամանակ «ներս եմ գցում» զգացողություններս, հետո, երբ արտահայտվում եմ, շատ բուռն է լինում, եւ դա վնասում է ե՛ւ ինձ, ե՛ւ դիմացինիս:

-Եվ վերջին հարցը՝ օրը լավ կանցնի, եթե…

-Մենք այն լավ անցկացնենք.կյանքում ամեն բան մեզնից է կախված:

Աննա Բաբաջանյան




Լրահոս