Մեկ տարուց ավել է՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին հեռուստադիտողն էկրաններին չի տեսել որեւէ նախագծի շրջանակում: Նախկինում սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում նկարահանված դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չի նկարահանվում, քանի որ հարմար առաջարկ չունի: Սերիալում կնկարահանվի, թե ֆիլմում, իր համար միեւնույնն է, թեպետ եթե ընտրության հնարավորություն ունենա, կընտրի ֆիլմը: «Ֆիլմը մնայուն է, սերիալը՝ անցողիկ»,-ասաց նա:
Դերասանուհին խոստովանեց, որ շատերն են իր հետ զրույցում դժգոհում այն բանից, որ էկրաններին անընդհատ նույն դեմքերին են տեսնում: «Հիմա ամեն պրոդյուսեր ու սցենարիստ իրենց թիմն ունեն, բայց չի կարելի անընդհատ նույն մարդկանց ցույց տալ: Հիմա սցենարը գրում են արդեն կոնկրետ դերասանի համար, գիտեն՝ ում են հրավիրելու: Արդյունքում ռեժիսորին բան չի մնում անելու. պրոդյուսերն ու սցենարիստն են որոշիչ դեր կատարում»,-շեշտեց տիկին Բաբայանը:
Դիտարկմանը, թե սերիալներում տարեց դերասանների արդեն հազվադեպ են ընդգրկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սերիալներում նույն հասակի կանայք մայր ու աղջիկ են խաղում: Նույնիսկ ծիծաղելի է: Դա սուտ է, հեռուստադիտողն արդեն չի հավատում: Նմանօրինակ նախագծերում հիմնականում երիտասարդներն են ընդգրկված: Ուզում ես սցենարիստին հարցնել՝ այդ տանը տատիկ չկա՞, կամ այդ մարդը տարեց հարեւան չունի՞: Ինչպե՞ս կարելի է այդքան ոչ կյանքային սցենարներ մատուցել: Ով ինչ ուզում է, գրում է»:
Տիկին Բաբայանի համոզմամբ՝ մարդիկ այսօր հոգնել են սերիալներից. դրանք այնքան են երկարացնում, որ համն ու հոտը կորչում է: «Եթե նորմալ սերիալ նկարահանվի, դա լավ կլինի թե՛ հեռուստադիտողի, թե՛ դերասանի համար: Բայց դրանք այնքան են ծամծմում… Սկզբում լավ սկսում են, հետո փչացնում»,-եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան