«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Աբովյանում իրավիճակն օր-օրի ավելի է լարվում` կապված համայնքապետի առաջիկա ընտրությունների հետ։ Ըստ մեր տեղեկությունների` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արդեն իսկ ունի իր թեկնածուն, ինչն էլ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ լարվածության պատճառ է դարձել` վերածվելով «հեռակա ձեռնամարտի»։
Ի դեպ, Աբովյանի համայնքապետի ընտրությունների հետ կապված ՔՊ-ում չկա միասնական թեկնածու։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, արդեն որոշե՞լ եք, թե ով է Աբովյանում լինելու Ձեր թեկնածուն:
-Վարչության որոշումով առաջադրել ենք մեր թեկնածուին. մեր թեկնածուն Աբովյանի քաղաքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանն է։
-Ըստ Ձեզ` Աբովյան քաղաքում իրեն ճանաչո՞ւմ են, ընտրելո՞ւ են իրեն:
-Ինքը հայտնի է իր պարկեշտությամբ, իր պրոֆեսիոնալիզմով, քաղաքական թիմում իր գաղափարականությամբ, մեր արժեհամարգի կրողն է, եւ որ ամենակարեւորը է, մեր կուսակցության ակունքներում է կանգնած եւ քաղաքական պայքարի մեջ միշտ ներգրավված է եղել։ Ունի տեղական ինքնակառավարման բնագավառում աշխատանքի երկար տարիների փորձ։ Երկար տարիներ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի ՀՈԱԿ-ներից մեկում` որպես փոխտնօրեն, գլխավոր ֆինանսիստ։ Բացի այդ, երեք տարի աշխատել է Աբովյանի քաղաքապետարանում։
-Ըստ մեր տեղեկությունների` Աբովյանում լարված իրավիճակ է, կրքերը թեժ են` քաղաքապետի ընտրությունների հետ կապված: Ձեր «կռիվը» նաեւ ներկայիս քաղաքապետի հետ է: Իրականում ի՞նչ է կատարվում:
-Ես կրքերի թեժացում, որպես այդպիսին, չեմ ֆիքսել, ամեն ինչ իր հունով է գնում։ Պարզապես գործող քաղաքապետի թիմի լիազորությունների նկատմամբ իրականացված վարչական վերահսկողության արդյունքում վեր հանված փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում գործ է այս պահին քննվում։ Եթե դրա հետ եք կապում թեժացման հետ կապված, բայց մենք վերահսկում ենք իրավիճակը, իրավական պետության նորմերին համապատասխան գործընթաց գնա։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ