ՄԱՐՏԻ 1-Ի ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ի 11-րդ տարելիցն է, իրադարձություն, որ եկավ համալրելու հայոց պատմության ամենաողբերգական էջերի շարքը: Իսկ ի՞նչ էր եղել. 11 տարի առաջ իշխանությունները, ոտնահարելով ՀՀ սահմանադրությունն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերը, բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ` ստիպելով դադարեցնել խաղաղ նստացույցերը: Արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց տասը ցուցարար: Կեղծ ցուցմունքների եւ կեղծված ապացույցների հիման վրա սարքված քրեական գործերով բանտերում հայտնվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ:
Վերջին տասը տարում նախկին իշխանություններն ամեն ինչ արել են մարտի 1-ի իրադարձությունները կոծկելու համար` սկզբում քրեական գործի քննությունը տանելով կատարվածի մեղքը բացառապես ընդդիմադիր գործիչների վրա բարդելու ուղղությամբ: Պատահական չէ, որ մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալների՝ ՄԻԵԴ ներկայացրած բողոքները հերթով բավարարվում են:
Թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի գործի քննությունը վերսկսվել է, իսկ մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են 2008թ. բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռ քննվում են նաեւ առանձին դրվագներ՝ կապված ե՛ւ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետ, ե՛ւ արդեն երեկոյան տասը զոհերի մասով: Ու պետք է արձանագրենք, որ այս գործի անաչառ քննությունը, բոլոր հանգամանքների բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելն իրոք հրամայական է: Եւ այս ամենը պետք է անել այնպես, որ որեւէ մեկը չկասկածի իրավապահների ու դատավորների անաչառության վրա: Նոր իշխանությունների օրոք այս գործի բացահայտումն, ըստ էության, հիմնավորումն է այն փաստի, որ որեւէ հանցանք, այն էլ՝ պետության նկատմամբ, չպետք է մնա անպատիժ:

 

 

 

Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որեւէ հող որեւէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որեւէ մեկը ՀՀ-ում որեւէ նման հայտարարությամբ հանդես չի եկել: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է: «Ժողովուրդ» օրաթերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով նաեւ. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգե՛ք կուսակցության գրասենյակ»:

 

 

 

Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից: Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, Օսիպյանին հարցրել են կրիմինալի դեմ պայքարից, եւ պատգամավորներից մեկը բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց բռնելու փոխարեն հետները գործարքների են գնում: Ի պատասխան` Օսիպյանն ասել է, թե կրիմինալի նկատմամբ զրո հանդուրժողականություն է: Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օսիպյանը նշել է. «Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որեւէ մեկից չունենք»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների եւ վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել: Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին:

 

 

 

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ անդրադարձավ երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության հեռանկարներին: Նա հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Վարչապետի այս հայտարարություններին կառավարության երեկվա նիստից հետո անդրադարձել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` նշելով, թե ՀՀ-ի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար: «Կարծում եմ՝ կան չօգտագործված ծավալներ։ Այսօր եղած հզորությունները թույլ են տալու կրկնապատկել քանակները»,- ասել է նախարարը: Հարցին՝ տեխնիկապես Իրան-ՀՀ գազամուղի խողովակաշարը թույլ կտա՞, որ ՀՀ-ն էականորեն ավելացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, նա պատասխանել է. «Այո։ Որքան տեղյակ եմ, պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս»։ Եթե հաջողվի իրագործել այս ծրագիրն, ու Հայաստանը դառնա իրանական գազի համար տարանցիկ երկիր, դրանից մեր երկիրը մեծապես կշահի: Սակայն այս ծրագրի իրագործումն այնքան էլ հեշտ չէ. այդ ամենը կապված է աշխարհաքաղաքական խնդիրների հետ:
Մասնավորապես, 2018թ. մայիսից ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, այդ թվում` երկրորդական, այսինքն` Իրանի հետ գործարար հարաբերություններ ունեցող այլ երկրների նկատմամբ: Սա նշանակում է, որ հեշտ չի լինելու էներգետիկ խոշոր ծրագրի շրջանակներում Իրանի հետ համագործակցությունը: Միաժամանակ, սակայն, Արեւմուտքը լռելյայն աչք է փակել հայ-իրանական սերտ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, Իրանի հետ անմիջական սահմանը, Հայաստանի` հարեւան մյուս երկու պետությունների` Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից մոտ երեք տասնամյակ շրջափակման ենթարկվելը: Ու դժվար է ասել՝ Արեւմուտքն ինչպես կընդունի այդ մասշտաբների ծրագրերի շուրջ համագործակցությունը: Մյուս կողմից` ակնհայտ է, որ իրանական գազը ռուսական գազին կարող է լուրջ այլընտրանք լինել, ավելին՝ ժամանակին հենց ռուսական կողմի միջամտության հետեւանքով ՀՀ-Իրան գազամուղը կառուցվեց նախատեսվածից փոքր տրամագծով: Այնպես որ, դեռ հարց է՝ ռուսական կողմն ինչպես կընդունի սա, եւ արդյոք չի փորձի իր հերթին խանգարել ծրագրի իրականացմանը:
Բայց, ամեն դեպքում, փաստ է, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանը միջազգային ասպարեզում կարող է իր ինքնուրույնությունը դրսեւորել` առաջ տանելով Հայաստանի շահը:




Լրահոս