ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, 2008 թվականին տեղի ունեցած ցույցերից, հենց մարտի 1-ից ի՞նչ հիշողություններ ունեք:
-Ամենածանր տպավորությունը գիշերվա հարձակումն էր: Մենք բոլորս 100-ներով, 1000-ներով այդ փետրվարյան ցուրտ օրերին գիշերում էինք Ազատության հրապարակում, բայց ամենամռայլը 1-ի գիշերն էր, երբ ոստիկանական շղթան ներխուժեց հրապարակ, օղակ ստեղծվեց վրանային քաղաքի շուրջ: Մենք արթնացանք: Տեր-Պետրոսյանը հրահանգեց միացնել խոսափողները, որպեսզի ժողովրդին դիմելու հնարավորություն լինի: Տեր-Պետրոսյանը դիմեց ցույցի մասնակիցներին մոտավորապես այսպիսի բառերով. «Միգուցե ոստիկանները մեզ ասելու բան ունեն: Պետք չէ խառնվել եւ շփոթվել»: Ժողովուրդը ոչ մի քայլ չձեռնարկեց, մի մասն էլ քնած էին վրաններում: Դա եղել է ժամը վեցն անց կես: Եւ Ոստիկանները չարձագանքեցին: Դրանից հետո սկսեց հարձակումը վրանների վրա, քնած մարդկանց վրա, սկսեցին վայրենավարի ջարդել մեր սարքերը, ապարատուրան, դինամիկները փշուր-փշուր էին անում ու գցում օպերայի աստիճաններից ներքեւ: Մարդիկ սկսեցին փախչել, որովհետեւ ուրիշ տարբերակ չկար. հարձակվողները վահաններով, մահակներով էին, իսկ քաղաքացիները՝ բաց ձեռքերով: Ոչ մի կրակոց չի եղել այդ ժամանակ: Ես, որքան որ հնարավոր էր, մնացի, բայց այնպիսի իրավիճակ էր, որ այդ պատը կարծես քեզ տանում էր: Մենք մոտ 6-8 հոգով գնացինք դեպի «Խնկո ապոր» գրադարան, փորձեցինք շունչ առնել: Չէր անցել 2 րոպե, ոստիկանները հասան նաեւ այդտեղ, սկսեցին քշել: Անցանք շենքերի հետեւ, էնտեղ էլ հասան, եւ մենք Հյուսիսային պողոտայով փորձեցինք հեռանալ ոստիկաններից, մինչդեռ մի քիչ ներքեւ` երկու կողմից, ոստիկանական մեքենաները եկան մեր առաջ, արդեն փախչելու տեղ չունեինք, եւ մահակներով հարձակվեցին մեզ վրա: Մեզ ոչխարների նման բռնեցին եւ շպրտեցին բեռնատար մեքենայի մեջ: Մինչեւ ոստիկանական բաժին տանելը, մեզ խփում էին: Իմ բախտը բերեց. ես հատակին էի պառկել, բայց մեր ընկերներին խփում էին՝ ջարդելով մատները, գլուխները: Մեզ տարան կենտրոնի ոստիկանություն: Այնտեղ արդեն դժոխք էր, տեղ չկար, արյունը պատերին ցփնված: Մեր ընկերներից Տիգրան Բաղդասարյանին տեսանք, չճանաչեցինք. գլուխը ամբողջությամբ արյան մեջ էր: Ժամը 4-ին մեր աղմուկներից հետո ինձ եւ Հրանտ Բագրատյանին թողեցին: Մենք այդ ընթացքում փորձում էինք բանակցություններ վարել իրենց հետ, որ մեղմ լինեին գոնե երեխաների եւ կանանց նկատմամբ: Ժուռնալիստներից Գագիկ Շամշյանի հետ պատին հենված էինք, ինքը ինձ տվեց իր ֆոտոապարատի չիպը: Ասաց. «Պարո՛ն Մանուկյան, Ձեզ կարող է մանրամասն չխուզարկեն, վերցրե՛ք»: Ես վերցրի, հետս դուրս հանեցի: Էդտեղից դուրս եկանք, եւ ես ու Հրանտ Բագրատյանը Գերմանիայի դեսպանատանը ասուլիս կազմակերպեցինք, որին մասնակցում էին Եվրամիության բոլոր դեսպանները: Ներկայացրինք այն ամենը, ինչը տեսել ենք ոստիկանական բաժիններում, որից հետո եկանք Մյասնիկյանի արձանի մոտ, ես ելույթ ունեցա: Գիշերը, երբ որոշեցինք տուն գնալ, արտակարգ դրություն հայտարարվեց ապօրինի, որի իրավունքը չուներ Ռոբերտ Քոչարյանը: Տուն գնալու ճանապարհին տեսա, որ մեր շենքը ամբողջովին շրջափակված է: Մեծ արագությամբ հեռացանք այդտեղից: Եղան մարդիկ, ընդ որում` ոստիկաններ, որոնք օգնեցին ինձ քաղաքից դուրս գալ, եւ ես այդ պայմաններում փախա եւ հետ վերադարձա օգոստոսի 23-ին՝ հռչակագրի օրը՝ հույս ունենալով, որ իմ հռչակած անկախության օրը ինձ չեն ձերբակալի, այդպես էլ եղավ:
-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում բացահայտվեց, որ անհամաչափ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից, սակայն այս մասով մեղադրյալներ չկան գործում ներգրավված: Սա ինչո՞վ կպայմանավորեք:
-Կլինեն: Սպասե՛ք: Հիմա հետաքրքիր պրոցես է գնում, եւ ես կոչ եմ անում բոլոր ոստիկաններին, որոնք մասնակցել են այս օպերացիաներին, թող իրենք գնան ՀՔԾ, իրենք մեղայական գրեն: Եւ հիմա կա այդպիսի պրոցես: Կան մարդիկ, որոնք կամավոր գրում են, թե ինչ է տեղի ունեցել: Գրում են, որ իրենց ստիպել են, որ իրենց պարտադրել են ծեծել մարդկանց, ցուցմունք գրել կամ դատական վճիռ հրապարակել: Շատ լավ է, որ հիմա հնարավորություն կա դուրս գալ այդ մեղքի տակից, այդ խարանից: Մենք ցուցակները ունենք այդ մարդկանց, բոլոր կառույցներին ուղարկել ենք դա: Ուշ թե շուտ, մեղավորները դատվելու են: Մենք հետեւողական ենք լինելու, որ բոլոր գործերը բացվեն, քննվեն: Նույն բանը անելու է ՄԻԵԴ-ը: Մեր երկրի, մեր ժողովրդի, մեր իշխանության պարտքն է լուծել մարտի 1-ի խնդիրը:
-Սերժ Սարգսյանը` որպես վկա, հարցաքննվեց մարտի 1-ի գործով: Չենք կարող չնշել, որ հասարակության մի մասը զարմացավ այդ կարգավիճակից: Այնինչ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամից մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվեց: Որքանո՞վ է սա օրինաչափ:
-Ոչինչ: Իրենց խոսքով՝ օրենքի տառով կներխուժեն բոլոր հանցագործների տները, եւ մարդիկ պետք է պատմության, ազգի եւ Աստծո առաջ պատասխան տան: Ես վստահ եմ՝ ժամանակի ընթացքում կարգավիճակ կփոխվի Սերժ Սագսյանի մասով: Ժողովուրդը մի փոքր պետք է համբերատար հետեւի գործընթացներին՝ հավատալով, որ այս իշխանությունները կամք են արտահայտել եւ մինչեւ վերջ տանելու են այդ գործը: Այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ երեկվա հանդիպման ժամանակ անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Միրզոյանը հայտարարել է, թե ընտրական օրենսդրության բարեփոխումները, ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւոր մասն են:

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Միջազգային զարգացման (ՄԶԳ) գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ, որոնք ժամանել են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:
Նկատենք, որ թեեւ ԱԺ նախագահը խոսել է ԸՕ փոփոխությունների մասին, սակայն այս պահին դեռ որեւէ նախագիծ ներկայացված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ հիմա ինչ քայլեր են իրականացվում ԸՕ փոփոխությունների հետ կապված:
«Հիմա, որպես էդպիսին, քննարկումներ չկան այդ մասով: Հիմա խնդիրներ են հավաքագրվում, որպեսզի հասկանանք՝ ներքին փաթեթի ինչ ծավալներ են լինելու, ինչ խնդիրներ պետք է ամողջությամբ լուծվեն: Եթե նախկինում հրատապ փոփոխությունների կարիք կար՝ արտահերթ ընտրությունների հետ կապված, ապա հիմա պետք է շատ խորքային փոփոխություններ արվեն»,-ասաց Հովակիմյանը:
Հարցրինք՝ բոլոր դեպքերում փոփոխություններ իրականացնելիս շեշտը ինչի՞ վրա պետք է դվի:
«Հենց այդ եմ ասում, որ հիմա դեռ ընթացքի մեջ է խնդիրների հավաքագրումը: Շեշտը դրվելու է ընդհանուր համակարգի բարելավման վրա: Օրինակ, ես՝ որպես պատգամավոր, խնդիրներ եմ առանձնացնում, գույքագրում, դրսի փորձն ենք նայում: Ու մեր գործընկերներից շատերն են դա անում: Նույնիսկ գիտեմ, որ հասարակական կազմակերպություններ կան, որ այդ գործով են զբաղվում»,-մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը:
Հետաքրքրվեցինք՝ սահմանվա՞ծ է ինչ-որ ժամանակաշրջան, որից հետո պետք է արդեն ամբողջությամբ հավաքված լինեն խնդիրները:
«Դուք խոսում եք ճանապարհային քարտեզի մասին: Նման խնդիր չկա դրված մեր առաջ: Հիմա ոչ թե պետք է շտապել՝ արագ անելու համար, այլ խնդիր կա դրված հիմնավոր եւ լավ անել: Մեկ ամիս առաջ, մեկ ամիս հետո` դա էական չէ: Էականը խորքային փոփոխությունների իրականացումն է՝ օրենսգրքով, կուսակցությունների մասին օրենքով եւ այլն»,- ասաց պարոն Հովակիմյանը:

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ
2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո շատ է խոսվել խորհրդարանում ընդդիմության բացակայության եւ այն մասին, որ իրական ընդդիմությունը ձեւավորվելու է ԱԺ պատերից դուրս: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ միավորողի դերը փորձում է ստանձնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները հանդիպումներ են նախատեսել խորհրդարան չանցած մի քանի ուժերի հետ: Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ նման մի հանդիպում արդեն եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ: Ծրագրված է նաեւ հանդիպել ՀՅԴ-ին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը մեր հարցին խուսափողական պատասխանեց` նշելով, թե դեռեւս Գերագույն մարմինը հանդիպում չի ունեցել, սակայն, միեւնույն ժամանակ, չբացառեց այդ հնարավորությունը: Իսկ, ահա, ՔՈ-ի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, սակայն ընդգծեց, որ ինքը միայնակ է հանդիպել, ոչ կուսակցության անունից, եւ այդ հանիպմանը ՔՈ կուսակցությունը չի ներկայացրել: Հավելենք, որ ՀՅԴ-ականներին հանդիպելու առաջարկը եղել է հենց «Լուսավոր Հայաստան»-ի կողմից:

 

 

ԿՀԱՆՎԻ ՑԱՆԿԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից կհանվի: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` «Հայփոստ»-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծ մասի համար փոստային կապի ծառայությունները կդառնան անհասանելի, քանի որ «Հայփոստ»-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղերում ու սահմանամերձ շրջաններում: Արդյունքում կփակվեն փոստային բաժանմունքները, աշխատողները կազատվեն աշխատանքից: Սա կարող է սոցիալական դժգոհություն առաջացնել հատկապես գյուղերում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ներկայումս շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ կնքված «Հայփոստ»-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը 1 տարով` մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը, երկարաձգելու մասին որոշման նախագծը:

 

 

ԱՌԱՆՑ ՏՈՄԱՏԻ ԵՆՔ ՄՆԱԼՈՒ
Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները պակասել են 28.4 տոկոսով: Բանն այն է, որ նախորդ տարում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով լոլիկի ցանքատարածքները բավականին տուժեցին, ինչն էլ իր բացասական ազդեցությունը թողեց այս մշակաբույսի բերքատվության վրա:




Լրահոս