ՕՍԻՊՅԱՆԻՆ ԵՎՍ ՀԱՐՑԱԽԵՂԴ ԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկվա «հյուրը» ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էր: Նրա հետ իշխող խմբակցության պատգամավորների հանդիպումը տեւեց երկու ժամ: Նիստն էլ, բնականաբար, դռնփակ էր:

Ժամը 16:00-ին ՀՀ ոստիկանապետն իր աշխատակիցների, ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արման Ղուկասյանի հետ ներկայացավ Ազգային ժողով:
Ուշագրավն այն է, որ մինչ ոստիկանապետի ներկայանալը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կատակով հայտարարում էին, թե «հեսա մարիխուանան ենք օրինականացնելու»: Սակայն ուրախ տրամադրությունը հօդս ցնդեց, երբ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտախոհ եւ խիստ հայացքով ներկայացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Ու մինչ բոլորը ողջունում էին ՀՀ ոստիկանապետին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նիստը դռնփակ է անցկացվելու, ուստի լրագրողները պետք է լքեն դահլիճը: Ավելի քան երկու ժամ տեւած նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հացախեղդ էին արել ոստիկանապետին:
Արդեն նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց մի քանի հարցի: Նախ` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե տեղյակ չէ` ով է այն պաշտոնյան, որին Պրահայից զանգահարել է Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, եւ սպառնացել. «Ուրեմն ես անկեղծ ասեմ ձեզ` չեմ հասկանում` ինչի մասին է խոսք գնում: Ինձ որեւէ մեկը չի զանգահարել ու որեւէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ»:
Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի` նույն Ֆրանկլին Գոնսալեսի` Հայաստան տեղափոխվելուն, Օսիպյանն ասաց, որ դա կախված չէ ոստիկանությունից. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նարեկ Սարգսյանը Պրահայից զանգահարել է ՀՀ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին եւ ոչ հաճելի բառապաշարով զրուցել նրա հետ:
Ինչեւէ, երեկ մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ պատգամավորները ՀՀ ոստիկանապետից հետաքրքրվել են` ոստիկանությունում կոռուպցիա կա, թե ոչ: Ըստ էության, ոստիկանապետը փորձել է պատգամավորներին ներկայացնել իրավիճակը, սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչու են պատգամավորները նման հարց ուղղել, ինչու են նման կարծիք հայտնել ՀՀ ոստիկանապետին. միգուցե տեղեկություններ ունեն ոստիկանների կոռուպցիոն գործարքների մասին:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվել. պատգամավորներից մեկը ՀՀ ոստիկանապետին բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, եւ նրանց չեն բռնում, հետները գործարքների են գնում: Ի պատասխան` ոստիկանապետը հայտնել է զրո հանդուրժողականություն կրիմինալի նկատմամբ:
Ուշագրավն այն է, որ դռնփակ նիստում պատգամավորներից ոմանք ՀՀ ոստիկանապետին դժգոհություններ են ներկայացրել նաեւ 02 հաղորդաշարից` նշելով, թե այն պրոֆեսիոնալ չի աշխատում, անմեղության կանխավարկածը հաշվի չեն առնում եւ նման այլ հարցեր:
«Ժողովուրդ» օրաթերթը գաղտնի նիստի ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերի շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
-Պարո՛ն Օսիպյան, գաղտնի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հետաքրքրվել է, թե ոստիկանությունում կոռուպցիա կա արդյոք: Ըստ Ձեզ` ինչո՞ւ են պատգամավորները այդ կարծիքին:
-Ոստիկանությունում կոռուպցիա չկա, վստահեցնում եմ Ձեզ:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են պատգամավորները նման հարց բարձրացրել:
-Հետաքրքրում է միգուցե. չհետաքրքրի՞, բա իրավիճակ է փոխվել:
-Դռնփակ նիստի ժամանակ պատգամավորները հարց են բարձրացրել, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց չեն բռնում եւ հետները գործարքների են գնում: Այս մասին ի՞նչ կասեք, ոստիկանությունը վախենո՞ւմ է կրիմինալից:
-Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որեւէ մեկից չունենք:
-Այսինքն` ոստիկանները կրիմինալի հետ գործարքի չե՞ն գնում:
-Ես չեմ կարողանում Ձեր հարցին պատասխանել, քանի որ չեմ պատկերացնում` ինչի մասին է խոսքը գնում: Որ չկանք մենք այդ ամենի մեջ, ես չգիտեմ` Ձեզ ինչ պատասխանեմ: Ոչ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻՆՉԵՎ ՈՒՇ ԵՐԵԿՈ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ ուշ երեկոյան նիստ է գումարել։ Օրակարգում եղել է մարտի 1-ի 11-րդ տարելիցի առթիվ անցկացվելիք երթը։ Մեր տեղեկություններով` նիստի ժամանակ քննարկվել են մարտի 1-ի թեմայով հայտարարության մասին հարցեր։ Խմբակցության նիստը տեւել է բավական երկար, եւ, ըստ մեր աղբյուրների, պատգամավորների մի մասը նույնիսկ կեսից դուրս է եկել, մանավանդ որ դրանից առաջ էլ խմբակցության անդամները մոտ երկու ժամանոց հանդիպում են անցկացրել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ: «Իմ քայլը» պատրաստվում է քաղաքական հայտարարություն տարածել, ինչպես նաեւ կոչ անել խորհրդարանում ներկայացված խմբակցություններին միանալ քայլերթին։ Նշենք, որ այսօրվա երթին միանալու մասին հայտարարել են նաեւ արտախորհրդարանական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես» ու «Հանրապետություն» կուսակցությունները:

 

 

ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը նվազեցրել է հարկային վճարումները, երկրորդը` ավելացրել, իսկ մյուսները տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 219 մլն 347 հազար դրամ, մինչդեռ 2017-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 252 մլն 711 հազար դրամ: Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում, որը թեեւ չնչին, բայց ավելացրել է հարկերը: Եթե «Արփա-Սեւան»-ը 2017-ին վճարել է 943 մլն 791 հազար դրամ հարկ, ապա 2018-ին այն կազմել է 960 մլն 724 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը: Նախկին պատգամավորի անվան հետ կապվող «Մեղմ Զեփյուռ», «Իդաս», «Ջրասահք», «Սի-Լաբ» ընկերությունները տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների ցանկում:

 

 

ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
Չնայած կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը վաղուց հրապարակվել է, սակայն այդպես էլ երեկ կառավարության նիստում չքննարկվեց եւ չհաստատվեց: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ մարտի 5-ին սկսվող լիագումար նիստում այդ նախագիծը չի ներկայացվի: Չի բացառվում, որ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն է. նա պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, եւ կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Իսկ մինչ այդ նկատենք, որ դեռ երկար ժամանակ այդ նախարարությունները կմնան անհասկանալի իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախագծի վրա դեռ շտկումներ են արվում, եւ իշխանության ներկայացուցիչներին մտահոգում է նախագծի առնչությամբ օր-օրի ավելացող դժգոհությունները: Ավելին, մասնավոր զրույցներում նրանք կարծիք են հայտնում, թե նախագիծը կարող է զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դառնալ:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուս պատգամավորների` Բաքու այցի կազմակերպիչը չէ, եւ հավելել է, որ «ռուս պատգամավորները ինքնակազմակերպվել են Ադրբեջան մեկնելու համար»: Փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել, որը նվիրվել է Խոջալուի իրադարձություններին: Ակցիային մասնակցել են նաեւ ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելեւն ու նախկին գեղասահորդ Իրինա Ռոդնինան: Մոսկվայում Դաշնային խորհրդի նիստում ելույթ ունենալու ժամանակ միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության վերաբերյալ դժգոհություն էին հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ռուսաստանը միշտ շահագրգռված է արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում: Մենք հետագայում եւս դրան առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին եւ Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության անդամներ Իվ Դուտրիոնին եւ Իվ Գունենին, որոնք երկրում են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ժոնաթան Լաքոտը, կարեւորելով նման ձեւաչափով հանդիպումները, ընդգծել է, որ Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ:

 

 

ՆՇԱՆՆԵՐ ԿԱՆ
ԵԱՀԿ-ն առաջընթացի նշաններ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում. ասել է կառույցի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: «Վերջին զարգացումները մեզ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: Շփման գծում մարդկային կորուստներն ու հրադադարի խախտման դեպքերը նվազել են, մենք տեսնում ենք, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում որոշակի պարբերականությամբ»,-ասել է Լայչակը` ընդգծելով, որ իր երկրի նախագահությունը հանձնառու է աջակցել հակամարտության բանակցված, խաղաղ եւ կայուն կարգավորմանը: ԵԱՀԿ գործող նախագահը միաժամանակ նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները եւս դրական տպավորություն են ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Փարիզում կայացած վերջին հանդիպումից:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Նաիրի Պետրոսյանը հրաժարական է տվել Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի պաշտոնից եւ ցանկանում է վերադառնալ դիվանագիտական ծառայության: «2010թ. ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջեւ: Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ եւ կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն»,-սոցցանցի իր էջում գրել է նա:




Լրահոս