ԻՄ ԴԻՐՔԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԹՈՒԼԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության նիստից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորված Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը պետական վերահսկողական ծառայության օրինակելի եւ լավագույն աշխատակիցներից են. «Անկախ նրանից` ով կլինի պետական ծառայողը` օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը, «մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ: Այս երկու օրը որոշները հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ասեմ հետեւյալը. գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, որեւիցե մեկը թող անգամ երազում չպատկերացնի»:

Նրա խոսքով` ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան` «անկախ նրանից` ում շահն է այստեղ տրորվում. պետության շահը մենք պետք է պահենք: Մրցակցային շուկա չի եղել: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մի կազմակերպություն: Մեր առաջարկության արդյունքում առաջին անգամ 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին»:
Հարցին, թե հրահրված է այս գործը, ՊՎԾ պետը պատասխանեց. «Տարբեր շահեր են այստեղ սպասարկվում»: Սակայն Դավիթ Սանասարյանը չմանրամասնեց, թե ովքեր են այդ շահերը սպասարկողները:
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ Պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձինք 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների` ՀՀ առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առեւտրային կազմակերպության հաղթանակը: Գործի շրջանակներում երեք անձ կալանավորվել է:
Գրել էինք, որ վերջին շրջանում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի աշխատանքից նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, պատճառն այն է, որ ինքը չի կարողանում դառնալ այն պաշտոնյան, որի համար կոչված է: Ու չի բացառվում, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկը, թե մարդիկ կան, որ ակտիվիստից չեն դարձել պաշտոնյա, հենց նրան էր ուղղված: Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանական վերնախավում շատ մարդիկ ինտենսիվորեն զբաղված են Դավիթ Սանասարյանի դիրքերը թուլացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Դավիթ Սանասարյանի հետ:
-Այն իրավիճակը, որ ստեղծվել է Պետական վերահսկողական ծառայության եւ Ձեր անվան շուրջ, խորը արմատներ ունի: Նախ` պարո՛ն Սանասարյան, կասե՞ք` ՀՀ նոր կառավարությունը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Մեր աշխատանքից, առհասարակ, վերահսկվող մարմինները պետք է դժգոհ լինեն:
-ՀՀ կառավարությունը` հատկապես ՀՀ վարչապետը, գո՞հ է Ձեր աշխատանքից:
-ՀՀ վարչապետին պետք է հարցնեք:
-Դուք իր գնահատականը այս ընթացքում չե՞ք զգացել:
-Ես կառավարության ենթակա մարմնի ղեկավար չեմ, վարչապետի ենթակա մարմնի ղեկավար եմ: Վարչապետին պետք է հարցնեք:
-Վերջին շրջանում Ձեր անվան շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի աշխատանքից նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ:
-Չի կարող նման բան լինել, քանի որ իրենք իմ գործընկերներն են. եթե կան մարդիկ, որ այդպես են ցանկանում…
-Ձեր դիրքե՞րն են ցանկանում թուլացնել:
-Իմ դիրքերը չեն կարող թուլացնել, որովհետեւ ես գիշերուցերեկ լծված եմ իմ պարտականությունները իրականացնելուն:
-Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն ակնարկը, թե մարդիկ կան, որ ակտիվիստից չեն դարձել պաշտոնյա, հնարավո՞ր է` Ձեզ էր ուղղված:
-Դա ինձ չի վերաբերում, ինձ չի ուղղված: Ում ուղղված է եղել, այդ պաշտոնյային տեղեկացրել են:
-Ո՞ւմ:
-Չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

20 ՀՈԳԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Փետրվարի 24-ին կրակոցներ էին հնչել Էրեբունի վարչական շրջանում, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Կարո Կարապետյանը, 26-ամյա Էդուարդ Գալստյանը եւ Էդգար Ազիզյանը: Իրավապահները դեպքի վայրից հայտնաբերել են «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենան, որի վրա եղել են հրազենային վնասվածքներ, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ պարզվել է` վարորդի կողապակու վրա հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք կա. արնանման հետք ե՛ւ մեքենայի վրա, ե՛ւ սրահում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի ու ինքնաձիգի պարկուճներ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` փոխհրաձգությանը մասնակից տղաները «գողական օրենքներով», «գողական կյանքով» ապրող տղաներ են, որոնք «ճշտի ու սխալի» քննարկում են ունեցել, ու ամեն ինչ ավարտվել է կրակոցներով: Անցել է 4 օր, սակայն այս գործով դեռեւս որեւէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի: Այսինքն` կռվի մեղավորներին իրավապահները դեռեւս չեն հայտնաբերել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 20 անձ են հարցաքննվել, որոնց մեջ նաեւ Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ են եղել. նրանք իրավապահներին հայտնել են, որ կրակոցների ձայն են լսել, եւ այլ բանից տեղյակ չեն:

 

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ եւ տարբեր բողոքներ էին ներկայացնում: Նրանցից Կամո Տեր-Մկրտչյանը շատ վրդովված էր եւ մինչ լրագրողների հետ զրույցը վեճի էր բռնվել նաեւ ոստիկանների հետ: Քաղաքացին բողոքում էր ոմն Համլետ Գրիգորյանի ապօրինություններից: ArmLur.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել են. «Նշված քաղաքացու բարձրացրած հարցով 25.02.2019թ. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայական ուսումնասիրություն է սկսվել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը երեկ կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նրանք մտահոգություն են հայտնում, չնայած ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ` բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, սակայն զինծառայողների մայրերը պնդում են` գործը արդար քննել հիմա էլ կարծես թե չի հաջողվելու: Նրանց հետ հանդիպել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ խոստացել հարցով զբաղվել:

 

 

ՃԻՇՏ ՉԷ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունեն Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի վերաբերյալ, ասել է. «Կարծում եմ, որ նման բարձր պետական մակարդակում սթափություն է պետք, եւ իրականության զգացողությունը կորցնելը ճիշտ չէ: Ռազմավարության, հարձակման ու պաշտպանության մասին միայն կարող են խոսել հաղթանակած բանակի ղեկավարները: Նոր ու շատ զենքեր առնելով` դեռ հաղթող չեն դառնում: Այս ամենի մասին Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես պետք է մտածի` հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի ոչ ամբողջական ռազմական մասնագիտական կրթությունն ու «փառավոր» ծառայողական անցյալը»,-ասել է նա: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայոց բանակի փիլիսոփայությունը փոխվել է` պաշտպանականից դառնալով հարձակողական: Դրան արձագանքել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը` նշելով, որ անհնար է իրենց վախեցնել «քարոզչական բնույթի հայտարարություններով»:

 

 

 

500 ՄԼՆ ԴՐԱՄ
Գյուղատնտեսական ապրանքներ` պտուղ-բանջարեղեն, կաթ վերամշակողները կարող են պետությունից վերցնել մինչեւ 1,5 միլիարդ դրամի գումար, աշխատել, դրանից հետո վերադարձնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանն ասել է. «Պայմանագիրը կնքվում է վերամշակողի հետ, բայց գումարն անմիջապես ստանում է ֆերմերը: Սա վերամշակման համար տրվող սուբսիդիա է, այսինքն` անձը ստանում է վերամշակման համար»,-ասել է նա: Հարցին` արդյոք մարտի 1-ից հինգ մարզերում սկսվելու է գյուղապահովման ծրագիրը, որի մասին նախարարությունը խոսում էր դեռ մեկ ամիս առաջ, փոխնախարարան ասել է. «Տեսաք, որ դասընթացը տեղի ունեցավ: Արդեն պայմանագրերը կնքվել են, բայց բուն պոլիսների վաճառքը, կարծում եմ, մարտի 1-ից չենք հասցնի, որովհետեւ մասնավոր ընկերությունն է արդեն սկսում վաճառքի պրոցեսը: Գումարը բյուջեում դրած է դեռեւս տարվա սկզբից: Մենք արդեն 500 միլիոն դրել ենք, բայց կարծում եմ` այդքանի պահանջարկ չի լինի»:

 

 

 

ՉԻ ՊՆԴԵԼ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով մեղադրող դատախազը Վերաքննիչ դատարանում չի պնդել իր կողմից ներկայացված բողոքը: Դատախազը բողոքարկում էր Ղազարյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, եւ քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը: Վ. Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի խոսքով` դատարանն այսպիսով դատախազության կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը 2018թ. դեկտեմբերի 30-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:




Լրահոս