ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՋՈՂԵՑՐԵՑ ՊԱՀԵԼ ՊԱՇՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստը, որի օրակարգում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցն էր, կարելի է ասել, տապալվեց. Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել:

Երեկ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը արտահերթ նիստ էր գումարել` ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պահանջով: Սակայն նիստի օրակարգը դրվեց քննարկման եւ չընդունվեց խորհրդի անդամներից մի քանիսի կողմից. օրակարգի հաստատմանը կողմ քվեարկեց հոգաբարձուների խորհրդի 14 անդամ: Այնուհետեւ քվեարկության դրվեց օրակարգում փոփոխություններ անելու հարցը: Նշենք, որ քննարկվելու էր երկու հարց` ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը: Բայց այս օրակարգը եւս չընդունվեց: Արդյունքում, օրակարգի բացակայության պատճառով հոգաբարձուների խորհրդի նիստը չեղարկվեց:
Ի դեպ, նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը. «Ես ուզում եմ անհամաձայնությունը հայտնել Ձեզ, հոգաբարձուների խորհրդի պարո՛ն նախագահ. չէի ուզենա, որ նիստը չեղյալ հայտարարվեր, որովհետեւ մենք առկախում ենք համալսարանի հարցը: Եթե մենք այսօր թողնենք հեռանանք, այս հարցը նորից երկարաձգվելու է, անառողջ զարգացումներ են լինելու: Քանի սկսել ենք շիտակ խոսել, խոսենք, եւ շատ բան կբացվի»: Ապա բարձրաձայն ճիշտ չհամարեց նիստն ընդհատել ու տուն գնալ:
Չկայացած նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր վաղաժամկետ հեռանալու ցանկությունը առաջացել է առաջին հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եւ իր խորհրդական Սամվել Կարաբեկյանի մոտ: «Նրանց ժամանակին դուր չի եկել մեր աշխատաոճը, աշխատելը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, երեւի: Թեեւ որեւէ քաղաքավարության սահմաններից դուրս խոսակցություն մենք չենք ունեցել: Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, եւ իմ ժամկետին դեռ մեկ տարի կա: Կասկածի տակ դնել դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող: Չի կարելի բռնությամբ հանգուցալուծել նման հարց»,- նկատեց Սիմոնյանը:
Մայր բուհի ռեկտորը շարունակեց պնդել, որ այս ամենը իր նկատմամբ քաղաքական հետապնդում է: «Նախարարի հետ իմ խոսակցության հաջորդ օրը վեցերորդ գլխավոր վարչությունը մուտք գործեց համալսարան, այստեղ աշխատեցին չորս օր ու գիշեր եւ ներկայացրեցին այն երեք հիմնավորումները, որոնց հիման վրա հայտարարություն տարածվեց, եւ քննչական մարմինները գործ հարուցեցին: Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու: Կարող է հոգաբարձուների խորհուրդը որոշի ինձ ազատել, այն ժամանակ կմտածեմ` գնում եմ, թե ոչ: Բայց բռնի կերպով գնալ համալսարանից միայն այն բանի համար, որ ինչ-որ մարդիկ դա ցանկանում են, սա անթույլատրելի եմ համարում: Սատկած շանը փայտով չեն խփում: Հիմա իմ նկատմամբ այս հալածանքներն անում են. եթե ես լինեի խեղճ ու կրակ, ոչ պրոֆեսիոնալ, համալսարանից ինձ հանելը կլիներ մեկ րոպեի գործ»,- հպարտորեն նշեց Արամ Սիմոնյանը:
Զրույցի ընթացքում ռեկտորը հիշեց նաեւ վարչապետի` օրեր առաջ Ազգային Ժողովում արած հայտարարությունը: «Երկրի վարչապետը ազգային ժողովում հայտարարեց, որ հարգում է, եւ կոչ արեց մյուսներին հարգելու բուհերի ինքնավարությունը: Դա ինձ համար աքսիոմա էր: Նա ասել է դրա մասին: Բայց նախարարությունը` հանձինս նախարարի եւ իր խորհրդականի, որոնք նախկին համալսարանականներ են, երեւի ինչ-որ խնդիրներ են ունեցել ինձ հետ: Ռեկտորը չի կարող որեւէ մեկի ոտքը չտրորել»,- հայտարարեց նա: Ապա հիշեց, որ Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում աշխատելու տարիներին չի շփվել: Ավելին` անգամ ստորագրել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի պայմանագիրը: «Մենք ուրիշ կապով իրար հետ կապված չենք»,- ասաց նա:
Զրույցի ավարտին լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որքան արժե այն բազկաթոռը, որի վրա ինքը 13 տարի նստել է: Հարցին ի պատասխան` Սիմոնյանն արձագանքեց` վեր կենալով. «Ժամանակին 180 թե 200 հազար դրամ էր: Սա գնվել է երեւի 12 տարի առաջ: Այ, տեսե՛ք մաշվածության աստիճանը, եւ բազմաթիվ անգամ այն վերանորոգվել է»:
Ի դեպ, նկատենք, որ Սիմոնյանի աշխատասենյակի պատից հանվել էր նաեւ Սերժ Սարգսյանի նկարը. «Այո, ժամանակին եղել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ երկրի նախագահի նկարը: Եղել է ե՛ւ առաջին նախագահի, ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ: Հիմա փոխարինող չկա: Կարծում եմ, որ սրանից հետո լավ կլինի իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն իրենց նկարները պետական հիմնարկներում չտան այնպիսի ցուցում, որ չկախվի»: Այլ կերպ ասած` Արամ Սիմոնյանը երեկ ընդունեց, որ ինքը նախկին նախագահների նկարները փակցրել է բարձրագույն իշխանության ցուցումով:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանին, ում անունը հնչեցրել էր ռեկտոր Սիմոնյանը: «Ամենածիծաղելին այն է, որ ես բացարձակապես որեւէ առնչություն չեմ ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հետ, ինչպես մի երկու օր առաջ գրել էի` նաեւ այն նկատառումից ելնելով, որ դա սուբյեկտիվ գնահատականների եւ շահարկումների առիթ չդառնա։ Այն, որ այս ամբողջ համատեքստում նա հնչեցրեց իմ անունը, հավանաբար պետք է վերագրել կա՛մ իր ունեցած յուրովի «մեղավորության բարդույթին», կա՛մ պարզապես քինախնդիր լինելով` չի էլ պատկերացնում, որ դիմացինը կարող է առաջնորդվել բոլորովին այլ չափանիշներով։ Առհասարակ, կան մարդիկ, որոնք, ստեղծելով իրենց պարսավելի գործելակերպը քողարկող ինչ-որ վարկած, հետո սկսում են անկեղծորեն հավատալ դրան»,- ասաց նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի որոշումը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի երեկվա նիստի վերաբերյալ: Մենք կապ հաստատեցինք Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանի հետ եւ հարցրինք նախարարի դիրքորոշման մասին` կապված հոգաբարձուների նիստի հետ: Սակայն Լուսինե Մարգարյանը, սովորության համաձայն, բարդացրեց հարցման գործընթացը եւ չպատասխանեց հարցին: Ընդ որում, խոսնակը նման կեցվածք է ընդունել այն դեպքում, երբ իր ղեկավարը՝ նախարար Հարությունյանը, ամենաբաց ու ամենաշփվող պաշտոնյաներից մեկն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՋՐԱՄԲԱՐՆԵՐ՝ ԹՂԹԻ ՎՐԱ

Տավուշի մարզի Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում:

2017թ. Տավուշի այն ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կտային մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում էր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Նախկին մարզպետը հայտարարել էր, որ սահմանագոտում կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ նշվեց, որ սահմանամերձ Բերդավան գյուղում ոռոգելի տարածքները կարելի է մեծացնել Կողբում կամ Բերդավանում ոռոգման ջրամբար կառուցելու դեպքում: Խորհրդակցության ժամանակ նշեց, որ ծրագիր է եղել Հայաստանում ոռոգման 10 ջրամբարներ կառուցելու, սակայն դրանց շինարարությունն այդպես էլ չի սկսվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՀԱՐՑԸ 3 ՏԱՐԻ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ
2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը եւ Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան. Բագրատաշեն, Դեղձավան, Դեբեդավան գյուղերը: Այրումի համայնքապետարանը տեղակայված է շենքի երկրորդ հարկում, նույն հարկում է գործում նաեւ Այրումի երաժշտական դպրոցը, իսկ առաջին հարկում մանկապարտեզն է: Խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նման սուղ պայմաններում համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը շատ դժվար է: Օրերս Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը բարձրացրեց այդ հարցը: Իր ելույթում Պարանյանն ասաց, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասում կա շուրջ 100 միլիոն դրամ: Մարզպետն ասաց, որ այդ գումարով կարելի է լուծել համայնքապետարանի աշխատավայրի հարցը: Ա. Պարանյանն ասաց, որ համայնքում աշխատավայրի խնդրից զատ կան հրատապ այլ հարցեր, օրինակ` համայնքի գերեզմանատան խնդիրը, նաեւ այլ հիմնահարցեր, որոնց լուծումը ֆինանսական միջոցներ է պահանջում:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս