Քոչարյանին ազատ արձակելու դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ:

«Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից», – ասված է դատախազության պարզաբանման մեջ:

Այսօր ավելի վաղ հրապարակվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պատրաստակամություն էին հայտնում «հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար», և հույս հայտնել, որ Արթուր Դավթյանն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:




Լրահոս