Երեկ նախագահական նստվայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են օրակարգային տարբեր հարցեր: Միաժամանակ անդրադարձ է եղել արտերկրյա վերջին այցերին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայնին Իրան հաջող այցի համար: Փաշինյանն էլ խոսել է արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի՝ իր ծրագրած այցերի մասին` միաժամանակ նշելով. «Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, կարեւոր է նաեւ ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաեւ կարեւոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:
Վարչապետ Փաշինյանի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս խոսքերում իրականում քաղաքական լուրջ ենթատեքստ կա: Այսպիսով` Փաշինյանը թեեւ անուղղակի, բայց եւ բացահայտ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ա. Սարգսյանի՝ արտերկրյա վերջին այցերի, ավելի ճիշտ՝ այդ այցերի ժամանակ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի պահելու կապակցությամբ: Ու հիմա նա բացահայտ շեշտում է այդ մասին` նշելով երկուստեք ունեցած տեղեկատվությունները համադրելու կարեւորությունը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Արմեն Սարգսյանը շատ ակտիվորեն զբաղված էր արտերկրյա այցերով: Փաշինյանը փաստորեն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում: Մանավանդ, որ սահմանադրությամբ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում շատ սահմանափակ լիազորություններ ունի, եւ այդ լիազորությունների մեջ չեն մտնում պետության անունից պայմանավորվածություններ ձեռք բերելը:
Խորհրդարան այցելելու հերթն այս անգամ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա երկուշաբթի հանդիպում կունենա պատգամավորների հետ: Սակայն ի տարբերություն գործադիրի մյուս անդամների, նա կհանդիպի ոչ թե իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ, այլ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման նախաձեռնությունն այդ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանինն է: Տեղեկացանք, որ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը եւ արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հերթական դռնփակ հանդիպմանը հրավիրված էր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պապիկյանի հետ հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է ընթացել. պատգամավորները հարցերով շատ չեն ճնշել: Սա էլ թերեւս այն պատճառով, որ Պապիկյանը հստակ ներկայացրել էր անելիքները, ծրագրերը, իսկ հարցերին էլ տվել է սպառիչ ու զուսպ պատասխաններ: Նույնիսկ ոլորտի գիտակ պատգամավորներից մի քանիսն արդեն հանդիպումից հետո իրար հետ խոսելիս ասել են, թե մինչեւ հիմա չէր եղել այսպիսի հանդիպում, որից իրենք բավարարված լինեին: Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում իշխող խմբակցության պատգամավորները գործադիրի անդամների հետ հանդիպումներն անցկացնեն բաց, քանի որ փակ ֆորմատն իրեն սպառել է՝ առանձնապես գաղտնի ոչինչ չի խոսվում: Փակ կարող են լինել միայն ուժային կառույցների, իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպումները:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանել է, որ նախկինում գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ հավաքագրված տվյալները եղել են ուռճացված: Մինչդեռ հիմա, ըստ Պետրոսյանի, նախարարությունը սկսել է շատ ավելի ճշգրիտ տեղեկություններ հավաքել: «Անցյալում համայնքների, մարզպետարանների կողմից չհիմնավորված տվյալներ են ներկայացվել: 2018 թվականի գարնանից արդեն թվերի վրա շատ խիստ ուշադրություն է դարձվել»,- ասել է նա: Փոխնախարարի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ վերջին տասը տարում իշխանությունները գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վերաբերյալ ներկայացրել են իրենց ուզած թիվը եւ դրա շնորհիվ են կարողացել տնտեսական աճ նկարել, իսկ երբ պետք է եղել կառավարության հանդեպ բացասական կարծիք ձեւավորել, ինչպես արվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեպքում, գյուղատնտեսության ոլորտում միանգամից կտրուկ անկում էր արձանագրվել: Իսկ այդպես են վարվել, որովհետեւ գյուղատնտեսության ոլորտը չի հարկվում, ու հեշտ է այնտեղ թվային վայրիվերումները պարզապես նկարել:
ԳԱՐՆԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ երեկ հանդես եկավ ուղերձով: Ուղերձ, որի շեշտադրումները չափազանց կարեւոր են: Այսպիսով` առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հստակ քաղաքական գնահատականներ է տվել մարտիմեկյան ոճրագործությանը, միաժամանակ ներողություն խնդրելով նախորդների կատարած սխալների համար: Ընդ որում, Փաշինյանը նախորդների սխալների համար ներողություն է խնդրել` երբեւէ որեւէ առնչություն չունենալով այդ իշխանությունների հետ, ավելին՝ հենց իր գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում հնարավոր եղավ հասնել իշխանափոխության, եւ հենց իր պաշտոնավարման օրոք են սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրյալի կարգավիճակում հայտնվել 2008թ. երկրի բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախկին նախագահ Քոչարյանի գլխավորորությամբ:
«2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերեւս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:
2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»:
Նկատենք, որ նման արձանագրումը, իրադարձություններն ավելի լայն համատեքստում դիտարկելը կարեւոր է՝ ամբողջությամբ հասկանալու Մարտի 1-ի իրադարձությունների բուն էությունը, կատարվածի պատճառներն ու հետեւանքները: Ու երբ այս արձանագրումներն անում է պետության ղեկավարը` հստակ շեշտելով նախորդների սխալները, նշանակում է՝ կա հնարավորություն բացառելու նման արատավոր երեւույթների կրկնությունը, կա հնարավորություն մեկընդմիշտ այլեւս վերացնելու Հայաստանում իշխանությունը բռնությամբ, ընտրակեղծիքների գնով զավթելու հավանականությունը:
Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե անցյալի բարքերին ու հարաբերություններին վերադարձ չի կարող լինել: «Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին»:
Հայաստանում արդեն գարուն է: Եւ այդ գարունը Հայաստանին բերեց ՀՀ քաղաքացին: